ՀԱ՞, ՈՐ...


Այ քեզ բա¯ն… Թվում էր, թե «ԱրմենԹելը» մարդկանց նյարդերը քայքայող ու գրպանները դատարկող բոլոր խաղերը ժամանակին արդեն խաղացել է, և գոնե մրցակցության առարկայացող հեռանկարների ահից «Բիլայնը» վերջապես պարկեշտ ու կարգապահ կազմակերպություն կդառնա: Բայց, ինչպես ասում են, կուզիկին միայն գերեզմանը կուղղի… Պարզվում է, որ «Բիլայնի» սպասարկման կետերում բաժանորդային վճարը մուծելուց հետո հաճախորդներին տրամադրվող կտրոնների վրա տպագրված տվյալները որոշ ժամանակ անց… ջնջվում են: Հավանաբար ինքներդ էլ արդեն կռահեցիք շարունակությունը. հենց այդ ժամանակ նույն բաժանորդը ծանուցում է ստանում «կուտակված» ահռելի «պարտքը» շուտափույթ մարելու առաջարկով: Այն, որ հեռախոսային առաջին օպերատորի տհաճ անակնկալներից մարդիկ վաղուց այլևս չեն զարմանում ու լավ գիտեն, որ «Բիլայնի» կամ, որ նույնն է, «ԱրմենԹելի» հետ գործ ունենալիս չափազանց զգույշ է պետք լինել, վաղուց է հայտնի: Անվիճելի է նաև (ինչպես տվյալ դեպքում), որ բաժանորդի աչալրջությունն էլ երբեմն չի օգնում խուսափել նման տհաճ պատմությունների մեջ ընկնելուց: Իսկ ջնջվող կտրոնների հնարամտությունն էլ ակամայից հիշեցնում է հայրենի քաղաքական իրականության ոչ վաղ անցյալի այն իրավիճակը, երբ ընտրություններում մարդկանց ինչ-որ գրիչներ էին հրամցնում, և քվեաթերթիկում կատարված նշումը ժամեր անց անհետանում էր: Ժամանակի ընթացքում անգամ հայրենի քաղգործիչները համոզվեցին, որ «ջնջվող գրիչները» գրողի ծոցն է պետք ուղարկել: Սակայն «ԱրմենԹել»-«Բիլայնում», ըստ երևույթին, դեռևս չեն հասկացել, որ այսպես շարունակվելու դեպքում բաժանորդները մի օր էլ վերջապես կզզվեն` անվերջ հավելագրումների դեմ ապացույցներ որոնելուց, և վերջապես կհրաժարվեն հեռախոսային այս ընկերության հետ ընդհանրապես որևէ առնչություն ունենալուց: Եվ իրոք, ցանկացած անկապ կապ մի օր անպայման խզվում է: Ու ինչպես հայտնի է դարձել, մի տևական շրջան նման իրավիճակ է եղել նաև ՀԿ Դաշնակցության շարքերում, երբ, ինչպես ասում են, ներքևները վերևներից դժգոհ են եղել, վերևներն էլ` անտարբեր: Երբ երևանամերձ մի քանի գյուղերում դեռևս ամիսներ առաջ ՀՅԴ կառույցներից զանգվածային արտահոսք սկսվեց, երևույթը դեռ ինչ-որ տեղ կարելի էր պատահականութ յան վերագրել կամ էլ առանձին անհատների չբավարարված հավակնություններով բացատրել: Սակայն, ինչպես երևում է, կուսակցական մասնատումների ծանոթ ախտը, ինչը վերջին տարիներին հայրենի քաղաքական դաշտում տարածված երևույթ է դարձել, այս անգամ էլ «թիրախ է ընտրել» Դաշնակցությանը: Ու հիմա էլ կուսակցությունից հեռանալու գործընթացը Գյումրիում է թափ հավաքել: Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ կամա թե ակամա այստեղ կարևոր դերակատարություն ունեցած լինի Շիրակի դաշնակցական նախկին մարզպետը, ով նաև կուսակցության տեղական կառույցի ղեկավարներից է: Հենց այս հանգամաքն էլ ավելորդ անգամ համոզում է, որ պաշտոն կոչվածը, իր մագնիսական ձգողականությամբ հանդերձ, այնուամենայնիվ, հաճախ անմարսելի է մնում շատոց համար: Ի՞նչ է արել կամ ի՞նչ չի արել Շիրակի նախկին մարզպետը` գուցեև առաջիկայում ավելի պարզորոշ դառնա, բայց իրողությունն այն է, որ Ռ. Մանուկյանի և նրա մերձավորագույն շրջապատի գործունեությամբ բերնեբերան լցվել է կուսակցական շարքերի համբերության բաժակը: Այսպիսի իրողություններ կան հայոց աշխարհում, և ժամանակը, տարիները մարդկանց ու նրանց կյանքը շատ են փոխում: Ահավասիկ, Նախագահի ընտրություններից հետո բառի բուն իմաստով ծպտուն չհանած Վազգեն Մանուկյանի անունն է սկսել նորից ակտիվորեն շրջանառվել: Անկեղծ ասած` ավելի հավանական էր թվում վերջինիս ինչ-որ պաշտոնի նշանակումը կամ էլ, ասենք, արմատականներին միանալու մասին հայտարարությունը: Սակայն, որքան էլ զարմանալի լինի, երբեմնի բարձրաստիճան պաշտոնյայի ու ակտիվ քաղաքական գործչի անունը հիմա բոլորովին այլ առիթով է հոլովվում: ԱԺՄ-ից հավանաբար այլևս ոչինչ չի մնացել, որպեսզի կուսակցական շարքերի ընդվզման խնդիր առաջանա: Ուստիև երկրիս առաջին վարչապետը որոշել է ավելի «անշառ» մի գործով զբաղվել. իր գիտելիքներն ու փորձառությունը նա որոշել է ծառայեցնել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում օրեր առաջ ձեռք բերված խանութի բարգավաճման գործին: Անկասկած, նախկին վարչապետին ու Պաշտպանության նախարարի հանրությունը, բնականաբար, խանութպանի կարգավիճակում չի պատկերացնում: Ու նաև փետրվարի 19-ին վերջինիս իրենց քվեն վստահած թեկուզև սակավաթիվ համակիրների սպասելիքները հաստատ առևտրային ուղղվածություն չունեին: Փոխարենը մշտապես տոնական ուղղվածություն ունեն քաղաքային իշխանությունների տրամադրությունները: Այս տարի էլ փորձ արվեց հավուր պատշաճի նշել Երևանի ծննդյան տոնը: Ճիշտ է, նման միջոցառումները հաճախ մեկը մյուսի կրկնությունն են դառնում: Մի խումբ մարդիկ մի խումբ մարդկանցով «գործ են անում»` թե իբր համաժողովրդական տոն է, որը ծախսեր է պահանջում: Եվ, անգամ բեմահարթակի պատրաստման և կահավորման համար նախատեսված պարագաներն են ամեն առիթով նույնությամբ օգտագործվում: Բնական այն հարցը, թե ի՞նչ իմաստ ունի ամեն առիթով բեմի մոնտաժման և ապամոնտաժման համար պետական բյուջեից հսկայական միջոցներ մսխել` բոլորին հասկանալի պատասխան ունի: Բացի այդ, Երվանդ Զախարյանին այս անգամ հնարավորություն էր տրվել մեկ գնդակով միանգամից երկու նապաստակ սպանել, որից նա այդպես էլ չօգտվեց: Նախ կարելի էր «որտեղ մնացածը, այնտեղ էլ սա» մոտեցման շրջանակներում Հանրապետության հրապարակում մշտական ու չապամոնտաժվող բեմահարթակ կառուցել` այդ նպատակով իրենց 2-3 մոնտաժ-ապամոնտաժի գումարը հատկացնելով ու շատ ավելի գեղեցիկ և մնայուն նվեր թողնելով երևանցիներին: Չէ՞ որ քաղաքապետի նոր ընտրություններից հետո, համաձայն շրջանառվող լուրերի, քիչ հավանական է համարվում գործող քաղաքապետի` իր պաշտոնում մնալու հավանականությունը: Ասել է թե, Երևանի տոնի կապակցությամբ կազմակերպված մոնտաժման-ապամոնտաժման գործը գոնե Զախարյանի պաշտոնավարության շրջանի համար միգուցե վերջինն է լինելու: Մինչդեռ կարելի էր գոնե մնայուն հիշատակ թողնել. դիցուք` հիմնական մի հարթակ և ինչու չէ` խորհրդանիշ մի հուշարձան` հայկական տոմարացույցի տեսքով: