Ֆրիդ ՍՈՂՈՅԱՆ.

«ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ»


 

Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդրիխ Սողոյանի հետ մեր զրույցը հպանցիկ էր` նրա խիստ զբաղվածության պատճառով: Իր ողջույնը փոխանցելով Հայերի Համաշխարհային կոնգրեսի համաժողովի մասնակիցներին, նա ասաց.

- Ես շատ ուրախ եմ, որ հիմա Երևանում եմ, որ աշնանային այս հրաշալի օրերին է տեղի ունենում մեր համաժողովը: Սա շատ կարևոր համաժողով է: Մենք վերջապես հավաքվել ենք` մտածելու մեր հետագա անելիքների մասին, ձևավորելու մեր ճանապարհը: Մեծ, շատ մեծ գործ է կատարում Հայերի համաշխարհային կոնգրեսը, սա աշխարհի ամենամեծ հասարակական կազմակերպություններից մեկն է: Ուստի համոզված եմ, որ մեր կազմակերպությունը պիտի կարողանա առաջարկել այնպիսի քայլեր, որոնք յուրատեսակ պայքար կլինեն մեր դեմ ծառացած մարտահրավերներին: Ողջունում եմ իմ բոլոր հայրենակիցներին, համաժողովի մասնակիցներին: Հույս ունեմ, որ Երևանը դառնալու է մեր մշտական հանդիպավայրը, մեր բոլոր ծրագրերն այստեղ պիտի ողջույնի ու դրվատանքի արժանանան: Աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը լինելով` մենք այսօր պիտի նույն աշխարհին ներկայանալու նոր ծրագրեր ունենանք: Միայն այդպես կկարողանանք հասնել մեր խնդիրների լուծմանը:

Վարպետը փոքր-ինչ տրվեց նաև հուշերին ու սեփական կենսագրությանը.

- Կնոջս նկատմամբ սերն է ինձ ուժ տվել և մինչև օրս էլ ուժ է տալիս, որպեսզի նոր ստեղծագործություններ ունենամ ու նվիրվեմ արարումով ապրելու զգացողությանը, ինչպես նաև կանգնեմ տղաներիս կողքին` համատեղ ուժերով արարելու նոր գործեր: Երբ մարդը շատ ուժեղ է սիրում, դա  շատ երկար է մնում: Որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի են զգացումներդ պնդանում: Իմ ու կնոջս սերը եղել է փոխադարձ և առաջին հայացքից: Դա ամենախորն է ու բնությունից է տրված, ինչն էլ ուղեկցում է ողջ կյանքիդ ընթացքում:  Իհարկե, դժվար էր մեծացնել երեխաներիս առանց կնոջ` նրանց համար եղա և հայր, և մայր: Տղաներիս նկատմամբ հայրական ջերմ վերաբերմունք ու գորով ցուցաբերելով, նրանց ստեղծագործական ոլորտ ներգրավելով, ուզեցի սերս այդ կերպ արտահայտել կնոջս տաք ու ջերմ, իմ նկատմամբ ունեցած վերաբերմունքի ու սիրո դիմաց: Երիտասարդ տարիներին զբաղվածության պատճառով չեմ կարողացել դա լիարժեք անել: Հիմա աշխատում եմ այնպես անել, որպեսզի հոգիս հանգիստ լինի: Իսկ ներքին զգացումներդ շատ հաճախ արտահայտվում են ստեղծագործություններիդ միջոցով: Կերպար ստեղծելիս` արվեստագետը պիտի սիրահարվի նրան: Չսիրահարվես էլ, այդ կերպարն անպայման պիտի հոգուդ միջով անցկացնես, որպեսզի գործդ կիսատ չլինի ու լավ ստացվի: Այդ սիրո առկայծումն է, որ  գործերիս յուրօրինակ գրավչություն ու առանձնահատկություն է հաղորդում: Ընդհանրապես` մարդը և, հատկապես, արվեստագետը պիտի լինի բարի, ազնիվ, ներողամիտ և ամենակարևորը` չնեղացնի իր շրջապատի մարդկանց: Եթե այս ամենն իր մեջ եղավ, ուրեմն խիղճն էլ հանգիստ կլինի: Ես մեծահոգի եմ և ներում եմ բոլորին…:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ