Նիկոլայ Ռոմաշուկ ՀԱՅՐԱԲԵԴՅԱՆ
ՀԱՄԱՏԵՂՎԵ´ՆՔ


 

Հոլանդիայի Ասսեն քաղաքում է գործում «Արմենիա» կազմակերպությունը, որն իր շուրջն է համախմբել համայնքի բոլոր հայերին և դարձել տարբեր նախաձեռնությունների հեղինակ: Այս կազմակերպությունը հիմնել և ղեկավարում է Նիկոլայ Ռոմաշուկ-Հայրաբեդյանը` հոր կողմից ուկրաինացի, ով իր համար հայ լինելն է համարում միակ ու ճշմարիտ ճանապարհը:

-Մեր զրույցի սկզբում կուզենայի, որպեսզի ներկայացնեիք Ձեր գլխավորած կազմակերպությունը: Ի՞նչ խնդիրներ է այն լուծում:

-Գիտեք, որ հայերը Հոլանդիայում անհիշելի ժամանակներից են: Սակայն մեր հայրենակիցների բուռն հոսքը սկիզբ առավ անկախության հռչակումից հետո, երբ Հայաստանում ստեղծվեցին սոցիալական և տնտեսական ծանր պայմաններ: Հոլանդիայի տարբեր ճամբարներում հայտնվեցին մեծ թվով հայեր: Ասսենում մենք ստեղծեցինք «Արմենիան», որը շատ շուտով դարձավ հայերին համախմբող կարևորագույն կառույց: Լույս է տեսնում «Բարև ձեզ» եռամսյա թերթը` 600 օրինակ տպաքանակով, որը լուսաբանում է ներհամայնքային կյանքը, նպաստում մեր հայրենակիցների մերձեցմանը: Ունենք շաբաթօրյա դպրոց, եկեղեցի, հայկական գերեզմանատուն: Իսկ դրանց գոյությունն արդեն հաստատում է, որ հայերն այստեղ սեփական արմատներն են ձգում:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայերի համաշխարհային կոնգրեսի երևանյան խորհրդաժողովից:

- Սա այն բացառիկ առիթներից է, երբ Կոնգրեսն ազգահավաք է կազմակերպում Հայաստանում, մեր բոլորի սրբազան հայրենիքում: Արդեն այս փաստը ոգևորում է բոլորիս: Երևանում հանդիպել ենք աշխարհի տարբեր երկրներից եկած հայրենակիցներ, առիթ ունենք համատեղ ջանքերով քննարկելու մեր առջև կանգնած խնդիրները, ուրվագծելու մեր անցնելիք ճանապարհը:

-Որո՞նք եք համարում կազմակերպության առաջնահերթությունները:

-Մեզ համար գլխավոր խնդիրը ազգապահպանությունն է, հայապահպանությունը: Մեր բոլոր ջանքերն ուղղված են այն բանին, որ Սփյուռքում ուծացում տեղի չունենա, պահպանենք մեր ինքնության աղբյուրը` լեզուն: Հետևաբար, Կոնգրեսի համաժողովի շրջանակներում էլ բարձրացնելու ենք այս կարևորագույն հարցը: Դուք շատ լավ գիտեք, որ մենք մեծ ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք, թե ինչպես են ուծացվում մեր հայրենակիցները, ձուլվելով օտար լեզուներին և օտար մշակույթներին` կորցնում մեր մեծագույն հարստությունը: Իմ հայրն ուկրաինացի է, բայց ես մեկ տարեկան եմ եղել, երբ նա հեռացել է մեզանից: Մեծացել եմ տատիկիս դաստիարակությամբ, իսկ նա մոլի հայ էր: Ես նույնպես ինձ հայրենասեր եմ համարում, հայոց լեզուն ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ և ամենահպարտ լեզուն է: Իմ ելույթը ես նվիրելու եմ հայապահպանությանը:

-Կոնգրեսն, իհարկե, շատ մեծ աշխատանք է կատարում Սփյուռքում, համախմբում է բոլորին: Արդյո՞ք բավարար եք համարում Կոնգրեսի գործունեությունը:

-Այն, ինչ արվել է, միայն դրվատանքի է արժանի: Արա Աբրամյանի, մեր մյուս գործիչների ջանքերը գովելի են: Ինչպես ցանկացած կազմակերպություն, Կոնգրեսն էլ ունի իր մեծ հաջողությունները: Բայց առայժմ մի շարք ծրագրեր դեռևս սաղմնային վիճակում են: Հենց այն բանի համար ենք հավաքվել, որպեսզի ի մի բերենք բոլոր ծրագրերը, համադրենք, ստեղծենք գործունեության առավել նպատակասլաց ուղիներ, արդյունավետ քայլեր մշակենք: Հեշտ չէ աշխարհում ցիրուցան եղած բոլոր հայերի խնդիրներով զբաղվելը, բոլորի հիմնահարցերը լուծելը: Բայց Կոնգրեսը փորձեր անում է, ջանքեր ներդնում է: