ՀԻՆ ՕՐԵՐԻ ԵՐԳԸ


Կհաղթես, թե կպարտվես ` չարի դեմ ծառանալն առաքելություն է: Կգտնես, թե ոչ` հայրենիքի երջանկության ծաղիկ որոնելը հայրենիքի որդու պարտքն է: (Մ. Գալշոյան) Աշուն է… Դիմացս Հայոց լեռնապարն է` բռնված մայրամուտի հրաբորբ շողերով: Լեռնապարից վեր` երկնի լազուրում, արևի մարող շողերի ու ամպերի խաղ է: Սքանչելի պահը առինքնող է, և կրկնվող մայրամուտը հիշեցնում է հոգեպարար մի երգ հին օրերից եկած: Ասում ենք հին օրեր… Բայց չէ որ հինը, անցյալը նույնքան իրական է եղել, որքան ներկան: Ուրեմն անցյալն էլ ապրեցնող է, մնայուն: Էլի աշուն էր ու մայրամուտ, և արևի բոսորագույն շողերը ողողել էին երգող պատանու բարձր ճակատն ու շեկ մազերը: «Ելի°ր Գևորգ, ելի°ր, դուշմանը շատ է, Հայոց Ազգի համար մեռնելը փառք է...»: Հորդում էր երգը մատաղ սրտից պոկված, հորդում որպես այդ օրվա հույզերի անվերադարձ կորուստ, որպես կարոտ ու սեր: Սահեց ժամանակը: Սահեց-անցավ և կապուտաչյա պատանու մանկության, և պատանեկության շքեղ հեքիաթը, իսկ երգը` արևշող երկրի կարոտի երգը` մնաց իր հետ: Մնաց… Եվ մաս-մաս կուտակվելով` մի օր թափվեց: Նա թափվեց ու դարձավ բազմաչարչար ժողովրդի պատմություն, հերոսական պայքարի պատմություն, գիր, գրականություն: Կորստի ու կարոտի, հավատի ու սպասման, աշխատանքի ու խինդի գրականություն: Բարձրարժեք, հարուստ գրականություն, որն էլ համալրվեց «Մարութա սարի ամպերը» հիասքանչ պատմվածաշարով, իսկ ինքը` գրողը, բյուր երազներով արբած` ծուխ դարձավ` խառնվելով Մարութա սարի ամպերին: Դարձյալ հնչեց հին օրերի երգը` «Կանաչ վարոց հոտաղներ, Հոյ, Նուբար, Նախշուն գոգնոց աղջիկներ, Հոյ, Նուբար, Գարնան կելնեն Ծովասար, Հոյ, Նուբար, Սասնա սարեր քարուբար, Հոյ, Նուբար, Նուբար, Նուբար ....»: Ծովասա¯ր.... Եվ կարոտի երգի հոգեհմա հնչյունների հևքով Ծովասարի Օհանը իրեն գտնում էր Ծովասարի փեշերին: Փողփուչ Մելոյի մշուշված հայացքին էին մոտենում հեռացած-կորած պատկերներ: Քեռի Բարսեղը Խուչերով արտում Էրգրից էկած ծանոթի էր հանդիպել` Գինարբ ծաղկին. Նա ծնկեց... - Լինելո՞ւ բան է.... Քու անունը Գինա՞րբ է: Ծաղիկը գլխով արեց.... Այդ իրիկուն Ծովասարից մի կտոր չայիր, Էրգրից մի կտոր նշխարք գլխին` քեռի Բարսեղը երգելով իջավ գյուղ. «Ծիծեռնակը ծիվ-ծիվ եկավ, Հայոց երկրից լուր բերեց....»: Խոր ծերության Մամփրեն սովորում է հայոց գրերը և, ի հեճուկս սուլթանին գրում. «Դու մշեցի վարժապետին կախաղան հանեցիր, իսկ Սուրբ Մաշտոցի գրին ի՞նչ կարող ես անել»: Աչքերը կիսախուփ, թևերը ծաղկավոր վերմակին ձգած` գնում էր Դավոն... - Մեջ քու էրակներուն էդքան ուժ կա, Դավո° , դու ո՞ւր է կերթաս.... - Կռիվ է կերթամ, Պչո°ւկ, կռիվ....Ցից քարի կռիվը գհիշի՞ս.... Ով զարկվի` դավաճան է.... Իսկ ծերունի Զորոն, Մարութա սարը բանջարի ելած աղջիկների բույլքի մեջ` որոնում է իր պստլիկ Ալեին.... «Ալե¯, ի°մ հոգին, Ալեեե¯....»: Սա կորցրած սիրո կանչ է, հայրենի եզերքը տենչացող մարդու հեծծանք, բզկտված Էրգրի կարոտ, բնավեր, վտարանդի ժողովրդի այրող հիշողությունը մշտավառ: Հիշողություն, որն էլ ներկայի մեջ անշեջ է պահում ազգի կամ անհատի գործն ու պատմությունը` տխուր կամ` փառապանծ: Փառապա¯նծ.... Ահա, պատասխանատվության նման զգացումով և նոր խինդով լցված` կարոտի երգիչը` դարձավ նաև իր պաշտած հայրենիքի զարթոնքի, նորօրյա կյանքի, հողի ու ջրի խենթ երգիչը փառաբանելով ազնիվ աշխատանքն ու նրա ջատագովողին: Շրջում էր նա անդաստանը այգեստանի վերածող, երկիրը շենացնող գութանի ակոսների հետ: Մտնում շեն ու քաղաք: Ջրվորի արծաթ բահի զրնգոցով հողի և հողագործի գովքն էր անում, ժպտում արևահամ, արևաբույր խաղողին, փրփրում գինու գավերում: Դա երգ էր` տքնանքի, խիզախման ու խնդության` մի ջերմ սրտից պոկված: Ավա¯ղ, շուտ մարեց.... Սեծն Վահագն Դավթյանի գեղեցիկ բնորոշմամբ` «Լացն իր լացեց մի ջինջ աղբյուր Ու չորացավ հանկարծ»:

Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆ