ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ


Նրանց գնալով աղքատանում ենք մենք, հարստանում է մեր պատմությունը: Ա.Գ Արցախյան պատերազմը ալեկոծեց հայ հասարակությունը, բայց նաև ոգեկոչեց անհատների, ովքեր իրենց ուսերին առան Շարժում-Ազատամարտը` հատկապես առաջին գծում, որտեղ որոշվում էր Հայաստանի և Արցախի ճակատագիրը: Այդ անհատներից էր նաև Արմենակ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԸ, ում կյանքի գործը տարողունակ երկու արտահայտութ յամբ կարելի է ամփոփել` Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ: Դրանցից մեկը մեր ժողովրդի պատմության ու հոգևորի հանդեպ նրա ունեցած խոր հավատը, խոնարհումն ու սերն է, մյուսը` հայրենիքի պաշտպանությունը, ոսոխին պարտության մատնելու անսասան կամքը: Նորքում բնավորված մշեցի Նադոյի թոռ Մանասի ընտանիքում 1955 թվականին լույս աշխարհ եկավ Արմենակը£ Նա համեստ, աշխատասեր և ավանդապահ մեծ գերդաստանի երրորդ` նախավերջին զավակն էր: Երևանի հնագույն թաղերից մեկում` Նորքում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Սովորել ու ավարտել է տեղի թիվ 124 միջն. դպրոցը, ապա ծառայել է Խորհրդային զինված ուժերի հյուսիսային նավատորմում` արժանանալով բազմաթիվ խրախուսանքների. հիշենք, Խորհրդային նավատորմում ծառայության էին վերցնում առավել ուժեղներին ու դիմացկուններին: Նա այն հավատավոր անհատներից էր, ով խորհրդային կարգերի օրոք դրեց Նորքի ավերված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնաքարը` նախ ճշտելով հնի տեղը£ 1988 թ. լինելով «Նորք-Մարաշ» հայրենակցական-բարեգործական միության նախագահը` Արմենակը իրականացրեց Սուրբ Աստվածածնի կառուցումը: Իրեն հեռու չպահելով աշխատանքից, ամեն քարը նա կնքում էր մի նահատակի անունով: 1988 թ. փետրվարյան փոթորկալից օրերին, նա այն քչերից էր, ով լավ էր գիտակցում, որ Արցախյան շարժումն անխուսափելիորեն հանգեցնելու է զինված պայքարի: Բնածին հզոր խառնվածքի, պարզ նկարագրի տեր Արմենակի ներքին ձայնը հուշում էր նաև, որ հայ ժողովրդի համար ճակատագրական այս պահին, Հայաստանի ու Արցախի վտանգված սահմաններն իր նմանների կարիքն ունեն: 1989-90 թթ. նոր-նոր ստեղծվող առաջին կամավորական ջոկատներից էր «Նորք» ջոկատը, որը կազմավորեց և մարտի դաշտ առաջնորդեց Արմենակը: Պատերազմ մեկնելուց առաջ, նա և իր ջոկատի տղաները երդվեցին հավատարիմ մնալ նախնյաց մարտական ավանդներին ու վերադառնալ միայն հաղթանակով. որոշվեց, որ հայրենիքի համար զոհված առաջին նորքեցու շիրիմը կամփոփվի եկեղեցու բակում: Ի՞նչ իմանար, որ ճակատագիրը, որպես առաջին ընտրյալներից մեկի, իր համար էլ է տեղ նախապատրաստել եկեղեցու բակում... 1990 թ. «Նորք» կամավորական ջոկատն ընդգրկվում է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմում: 1992-ին, գնդի ռազմական խորհրդի (նախագահ` Խաչիկ Գալստյան, փոխնախագահ` Վլադիմիր Առաքելյան) որոշմամբ Արմենակ Արմենակյանը նշանակվում է «Մեծն Տիգրան»¬ի հրամանատար: Զինակիցների վկայությամբ` նա անփոխարինելի հրամանատար էր: Ամեն ինչ սիրում էր ամբողջության մեջ տեսնել և մարտական գործողություններին նախապատրաստվել հիմնավորապես: Եթե պլան չունենար, կռիվ չէր գնա: Ապշեցուցիչ դիտողունակություն և կանխազգալու հատկություն ուներ: Իր ծանր քաշով շատ թեթև էր քայլում և ոտքի տակ զգում էր ականը: «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հիմնադրման տարեթիվն ընդունված է համարել 1990 թ. փետրվարի 15-ը: Այդ օրը, Սիսիան շրջանի նախկին ադրբեջանաբնակ Սոֆլու գյուղում 200 ազատամարտիկների ներկայությամբ ընդունվեց գնդի Հռչակագիրը: Մարտիկները գնդի մարտական սուրբ դրոշի և Ավետարանի առաջ`երդվեցին` «ներդնել հոգևոր, մտավոր և ֆիզիկական կարողությունները, բարոյական և կամային հատկանիշները` հայ ժողովրդի գոյապայքարի սուրբ գործին»: Դրանով սկսվեց և հետագայում ՀՀ-ի սահմաններով ու Արցախ աշխարհի տարբեր շեներով ու քաղաքներով, լեռներով, ձորերով ու հովիտներով շարունակվեց աշխարհազորային փառապանծ գնդի մարտական ուղին: Երկար, շատ երկար է այդ ուղին. Կոռնիձոր, Երասխ, Բարձրունի, Շուռնուխ, Պառավաքար, Շահումյան, Լաչին, Մարտակերտ, Ղուբաթլու, Քարվաճառ, Եղնիկներ… Արցախյան ռազմաբեմի ո՞ր կետում չի ծածանվել «Մեծն Տիգրանի» մարտական դրոշը: Նրա անցած մարտական ուղու մասին ոչ թե հոդվածներ, այլ նույնիսկ գրքեր կարելի է գրել, որոնք ցավոք մինչ օրս չկան: Գրքեր` աշխարհազորային այս գնդի փառքն իրենց արյունով սրբագործած հերոսներ` Տիգրանների, Գուսանի, Դևի, Սոսի, Կամոյի, Ժորայի և էլի շատ ուրիշների կամ գնդապետ` Դնեպրիկ Բաղդասարյանի մասին. աշխարհի ցանկացած բանակ պետք է հպարտ լիներ` իր շարքերում նման ոսկերիչ-հրետանավոր ու անկոտրում հրամանատար ունենալու համար: «Մեծն Տիգրանի» կազմում եղել են մոտ երեք տասնյակ կամավորական ջոկատներ` Երևանից, ՀՀ-ի տարբեր շրջաններից, ինչպես նաև Արցախից. գնդի կորիզը կազմել է «Ազատություն» ջոկատը (հրամանատար` Նորիկ Սարգսյան): «Մեծն Տիգրանի» միաժամանակյա կազմը հասել է մինչև 4-5 հարյուրի, իսկ նրանով անցած հոսքը` ավելի քան 1500 հոգու: Գնդի մարտական հաշվարկում կա ոչնչացված 5 ուղղաթիռ, 1 տասնյակից ավել զրահատեխնիկա, 3 տասնյակից ավել հրանոթներ ու «Գրադ» կայանքներ, մեծաքանակ կենդանի ուժ: Իսկ այդ ամենի համար վճարվել է շատ թանկ գին` 40 սպանված և ավելի քան 100 վիրավոր: 1992-ից «Մեծն Տիգրանի» հրամանատարը դարձած Արմենակ Արմենակյանը շատ էր հպարտանում իր գնդով, իր մարտական ընկերներով: Իսկ վերջիններս էլ լիուլի հատուցում էին իրենց զինակցին ու հրամանատարին: Պատերազմից հետո, Արմենակը դարձյալ իր ժողովրդի, իր համայնքի հետ էր: Ժողովրդի զուլալ ակունքներից ծնված ու սնված հայորդին շատ լավ էր հասկանում անպաշտպան մարդուն, հնարավորինս տեր էր կանգնում, խորհուրդ տալիս ու մխիթարում: Նա լավ գիտեր ավանդույթի արժեքը. դրա համար էլ սեղան էր գցում, հաց կիսում ժողովրդի հետ: Իր ինքնատիպ արժանիքների համար ժողովուրդը շատ էր սիրում նրան: Նորք-Մարաշի ազգաբնակչության միահամուռ կամքով` 1997թ. Արմենակ Արմենակյանը ընտրվեց համայնքապետ, իսկ 1999թ.` Ազգային ժողովի պատգամավոր: Հայրենիքի ու ազգի հետ էր հյուսել իր երազանքները, ժողովրդի հետ էր կապել իր ծրագրերի ու իր կյանքի իմաստը: Բայց մեր պատմության ամենասև ու ամենաամոթալի օրերից մեկը` 1999-ի հոկտեմբերի 27-ն իր հետ տարավ նաև Արմենակին: Հանրահայտ իրողություն է, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում զոհվել են 8 հոգի, բայց նրանցից 7-ն են զոհվել Խորհրդարանի դահլիճում: Արմենակ Արմենակյանը զոհվել է միջանցքում£ Ժողովուրդը հյուսել է մի լեգենդ, ըստ որի, երբ ամբողջ Խորհրդարանը ահաբեկիչների հրամանով պառկեցվեց գետնին, Արմենակ Արմենակյանը միջանցքում էր և չխնայվեց: Կան մարդիկ, որոնց համար կյանքից էլ թանկ բան կա` արժանապատվությունն ու հպարտությունը: «Մեծն Տիգրան» աշխարհազորայինի հրամանատարը անգամ չենթարկվեց չար դիպվածի բերումով սրիկայի նսեմացումներին£ Առողջ արմատ ունեցող կաղնիները չեն տապալվում. կանգնած են մեռնում. մի կաղնի էլ Արմենակն էր` Արցախյան Ազատամարտի թոհուբոհով անցած մշեցի կաղնին: Այդ ճակատագրական օրից անցել է տասնմեկ տարի և յուրաքանչյուր հոկտեմբերի 27-ին, նրա հարազատները, մարտական ընկերները, բնակչությունը հոգու մղումով այցելում են Նորքի բարձունքում հանգչող իրենց հրամանատարին և առաջին համայնքապետին: Այցելում են` գեթ մտովի մի անգամ ևս հաղորդակցվելու նրա հետ: «Գործն է անմահ, լավ իմացեք». Արմենակ Արմենակյանի հիշատակի անմահացման համար Նորքի թիվ 124 միջն դպրոցն անվանակոչվել է նրա անունով: Հետմահու նրան շնորհվել է «Արիության մեդալ», «Մարտական 1-ին աստիճանի խաչ»: Բայց նրա գործի առավել մեծ, առավել ճիշտ գրավականը և գնահատականն այն է, որ նրա զինակիցներն ու մարտական ընկերները առ այսօր իրենց համարում են Արմենի ջոկատի զինվորները: Նա գնաց միանալու «Մեծն Տիգրան» աշխարհազորային անմահներին` Տիգրանին, Դևին, Ազատին, Գուսանին, Ռաֆայելին և մեր վերջին Ազատամարտում ընկած այն 7000 Անմահների Գնդի մարտիկներին, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին£ Ցավալին այն է միայն, որ ինչպես ժամանակին հայոց Մանվել Սպարապետը մահվան մահճում լաց էր լինում, որ պատերազմում չընկավ, այնպես էլ Արմենակը վերջին պահին երևի թե ափսոսել է, որ մահացու գնդակն ընդունում է ոչ թե մարտի դաշտում, այլ Երևանի կենտրոնում` յուրայինից: Դու կյանքի ու պայքարի մարդ էիր, Հրամանատար, և այսօր էլ դու մեր շարքերում ես, այսօր էլ դու պայքարի առաջին գծում ես£ Այսօր էլ քո հպարտությունը` «Մեծն Տիգրանը» հիշում է քեզ և հպարտանում քեզնով, այսօր էլ...Դեկտեմբերի 11-ին լրացավ քո 55 տարին. ծնունդդ շնորհավոր, Հրամանատար :

Արևիկ ԳԱՓՈՅԱՆ