Ձեր արածն ի՞նչ է


Արհմիութենական կազմակերպության գործունեությունը աշխատավորների իրավունքների ու շահերի պաշտպանությունն ու նրանց սոցիալական խնդիրների լուծումն է: Սակայն մենք հիշում ենք, որ խորհրդային երկրում արհմիության մասին համեստ պատկերացումները սահմանափակվում էին անդամավճարներով, որոնց փոխանցումը աշխատավոր ներին ու նրանց երեխաներին (զեղչերով, երբեմն էլ` անվճար) հանգստյան տան և պիոներական ճամբարի ուղեգրեր տրամադրելուց ավելին չէր լինում: Նախկին համակարգում իշխող կուսակցությունը արգելում էր նրան ոտքը վերմակից դուրս հանել, ուր մնաց թե դժգոհությունը գործադուլներով արտահայտել: Ինչևէ, անցան այդ ժամանակները, երբ արհմիություններն իրենց գործունեությամբ ծառայում էին վերին օղակներին: Փոխվել է համակարգը, և ստեղծված ազատ շուկայական հարաբերություններում հնի իներցիայով շարժվող արհմիությունները դժվարանում են կատարել ինքնուրույն քայլեր: Ո՞ւմ են ծառայում նրանք այսօր: 2001 թ. ապրիլին Հայաստանում հրավիրվեց արհմիությունների համագումար, ուր Արհմիութենական կազմակերպության խորհուրդը վերանվանվեց Արհեստակցական Կազմակերպությունների Կոնֆեդերացիա: Կատարվեց միայն անհասկանալի անվանափոխություն: Արհմիությունների գործունեությունից պակասեց մի ֆունկցիա ևս. կենսաթոշակների և նպաստների վճարումները հանձնվեցին Աշխատանքի և Սոցիալական ապահովության նախարարությանը: Արհմիություններին դարձյալ մնաց կոլեկտիվի և անհատի շահերի ու իրավունքների պաշտպանի դերը: Սակայն տնտեսական նոր հարաբերությունների պայմաններում արհմիությունները նաև իրենց դիրքերը պիտի կայունացնեն, այլ ոչ թե զիջեն տարբեր հասարակական կազմակերպությունների: Դպրոցների, հիվանդանոցների և այլ ձեռնարկությունների շատ աշխատողներ օպտիմալացման գործընթացից անակնկալի եկած մի վերջին հույսով շրջվեցին դեպի արհմիություններն ու դատարանները: Սակայն պարզվեց, որ արհմիությունները չունեն այդ գործընթացները վերահսկելու իրավունք: ԱԺ նիստերին արհմիությունների ֆիզիկական ներկայությունը դարձյալ մնում է աննկատ: Ինչ է, ստացվում է, որ նրանց գոյությունը ձևակա՞ն է: Արհմիությունից չակնկալելով որևէ օգնություն, աշխատողը փորձում է ղեկավարի հետ հարցեր լուծելու անհատական ուղի փնտրել: Այսօր հանուն մի կտոր հացի` մարդիկ համաձայնվում են աշխատել անօրինական կարգավիճակով (սրճարաններում, հացի փռերում և այլուր): Գալու է ժամանակը, երբ նրանք կանգնելու են կենսաթոշակի անցնելու տխուր փաստի առաջ, որը չի մտահոգի գործարարին: Այս հարցում արհմիությունները դարձյալ անզոր կգտնվեն: Թեև նրանք պարտավոր են գործատուի մոտ պաշտպանել հանգստի պայմանների, կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող, աշխատաժամանակի անգութ շահագործման հարցերը, այնուամենայնիվ, հաճախ են հանդիպում սեփականատիրոջ կամայականությանը: Վերջինս հրաժարվում է կնքել կոլեկտիվ և անհատական պայմանագրեր` պատճառաբանելով, որ իր ձեռնարկությունում չկա արհմիություն, և չի գտնում դրա անհրաժեշտությունը: Հանձինս արհմիությունների` գործատուները չեն տեսնում կարող ուժի: Օրինական շինարարություն կատարող կազմակերպություններում քիչ չեն դեպքերը, երբ բանվորին աշխատեցնում են անօրինական, առանց պայմանագրի: Աշխատեցնում են ըստ պահանջի, իսկ վարձատրում` չնչին: Այսօր արհմիություններն «անգործություն» կոչվող խրոնիկական հիվանդությունից բուժվելու խնդիր ունեն, սակայն ո՞ւմ է դա ձեռնտու: Եվ ո՞վ է հոգալու, որ իներցիայով մուծվող անդամավճարները աշխատողներին փոխհատուցվեն գոնե վճարված հիվանդության թերթիկների ձևով, էլ չենք ասում ֆինանսապես անհասանելի դարձած հանգստյան տների և առողջարանների երանելի ուղեգրերի մասին:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ