Համայնքը մեր տունն է


Կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Արմեն ՄԱՂԱՔՅԱՆ - Կոմունալը համայնքի թերևս ամենածանրաբեռնված բաժինն է: Ոչ միայն մեր բաժնի, այլև ողջ համայնքի գերակա խնդիրը բնակֆոնդն է: Պակաս կարևոր չեն նաև ջրամատակարարման համակարգի կառավարման ու շահագործման, էլցանցի, «ՀայՌուսգազարդի» կողմից կատարվող աշխատանքների, աղբահանության, սանմաքրման, կանաչապատ ման աշխատանքների վերահսկումը: Կարծում եմ` քաղաքաշինության հիմնական խնդիրը մարդու կյանքի համար օպտիմալ պայմանների ստեղծումն է, որոնցից առաջնայինը բնակավայրերի կանաչապատումն է: Այդ նպատակով մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն խաղահրապարակների, զբոսայգիների, բնակելի շենքերի բակերի հարդարման, այլև գեղեցիկ ծաղիկներով ու դեկորատիվ ծառատեսակներով ձևավորման աշխատանքներին: Համայնքում ծառատնկման աշխատանքներ են կատարվում ոչ միայն շաբաթօրյակներին: Անցյալ տարի «Հաղթանակ» զբոսայգում և մի քանի այլ պուրակներում հողին պահ տված բազմաթիվ տնկիների մեծ մասը կդառնան ծառեր` շնորհիվ ճիշտ խնամքի: Ոռոգման համակարգն ամբողջովին գտնվում է միաժամանակ թե° քաղաքապետարանի և թե° թաղապետարանի հսկողության տակ: Գրեթե 90 %-ով վերացված են ինչ-ինչ պատճառներով լրջորեն վնասված բոլոր ջրագծերը: Համայնքի կենցաղային կառավարումը ապահովող շարժակազմը և տեխնիկական հագեցվածությունը բավարար չեն, ունենք ընդամենը 7 անուն տեխնիկա: Այս տարի քաղաքապետարանի կողմից հատկացված 14 միլիոն դրամ գումարը կտրամադրենք ևս 3 անուն տեխնիկայի ձեռքբերմանը: Երբեմն աշխատանքների թերացումը պատճառաբանվում է տեխնիկայի բացակայությամբ, սակայն կարծում եմ, ելք միշտ էլ կգտնվի: Անհրաժեշտության դեպքում «Սանմաքրում» ՓԲԸ-ից վարձակալած մեքենաներով մեզ հաջողվում է հնարավորինս մաքուր պահել համայնքը: Ու թեև ձմռան անցած ամիսներին տեղացած առատ ձյունն ու ցրտահարությունը դժվարություններ ստեղծեցին մեր աշխատանքներում, բայց և այնպես մեզ հաջողվեց մաքրել ոչ միայն փողոցներում և մայթերում կուտակված ձնակույտերն ու ազատվել մերկասառույցից, այլև ձյունից ազատել կանգառների տարածքները: Բազմաբնակարան շենքերի խնդիրները փորձում ենք լուծել համատիրությունների հետ միասին: Թերևս շենքերի ամենացավոտ խնդիրը վերելակներն են: Համայնքի շենքերում տեղակայված 216 վերելակներից 21-ը թալանված են, 48-ը չեն աշխատում: Այս օրերին «Վերելակային ծառայություն» ՓԲԸ-ի հետ աշխատանքներ են տարվում դրանց վերանորոգման ուղղությամբ: Թեև վերելակները որպես ընդհանուր օգտագործման տարածք պատկանում են համատիրությանը, սակայն գիտակցելով, թե ինչ կարևոր նշանակություն ունի վերելակը բնակչի համար, փորձում ենք աջակցել համատիրությանը: Ի ԴԵՊ` Թաղապետարանը ինքնատիպ մի նոր համագործակցություն է սկսել «ՍՕՍ-մանկական գյուղեր» Հայկական բարեգործական հիմնադրամի հետ, որի նպատակն է նեցուկ լինել սոցիալապես կամ հոգեբանորեն դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքներին` այնտեղ մեծացող երեխաների դաստիարակության խնդրում: Այս խմբի անչափահաս ներին ընտանեկանին մերձեցված դաստիարակություն և երկարատև շարունակական օժանդակություն ցուցաբերելու նպատակով համայնքի N 14 մանկապարտեզի շենքի մի հատվածը շուտով կապաստանի համայնքաբնակ մանուկներին` որպես համայնքի ղեկավարության հոգածության առարկայական առհավատչյա: Հ. Գ. Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակչության կյանքը հնարավորինս բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում նաև բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման ուղղությամբ: Միմյանց, ինչու չէ, նաև համայնքի ղեկավարության հանդեպ կայունացող հավատն ու վստահությունը դժվարությունները հաղթահարելու նոր ուժ ու լիցք կպարգևեն նրանց: Հատկապես, երբ այդ դժվարությունների ծանր բեռն իրենց հետ կիսում է համայնքի ղեկավարը: Սուրը` հաղթողի, սիրտը` հայի Քիչ չեն պատմության այն ոլորանները, որոնց անկուշտ երախը թեև դավերի բերանն ընկած բազում անմեղ ու նաև հերոսացած կյանքեր է հոշոտել, սակայն կուլ տալ չի կարողացել, քանի որ կոկորդում խրված ճշմարտությունը պատասխան է պահանջել: Այդ չարագուշակ տարեթվերից մեկը 37-ն է, որից դեռ արյուն է կաթում, ու կաթիլներից գոյացած հիշողությունը առհավետ պիտի պահպանի իր կորցրած որդու, քաջի, հերոսի անունը: Օրերս մայրաքաղաքի Նոր Նորք համայնքում մեծ շուքով նշվեց հայ ժողովրդի նվիրյալ զավակի` Հայկ Բժշկյանի` լեգենդար Գայի ծննդյան 120-ամյակը: Համայնքի կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բաժնի պետ Լենա Ադյանի ղեկավարությամբ, միջոցառման նախաձեռնողների ջանքերն հաջողությամբ պսակվեցին. «կարմիր» զորավարի կյանքի ու գործունեության մանրամասները, համեմված հերոսի հարազատների վերհուշերով ու համայնքի պատանի շնորհալիների կատարումներով, ունկնդրի սրտում վերարթնացրին Գայի հիշատակը: - Մեր համայնքում ամեն տարի նշվել է հերոսի ծննդյան տարեդարձը, սակայն հոբելյանական այս տարին որոշեցինք առանձնակի շուքով նշանավորել,- պատմում է կրթության բաժնի առաջատար մասնագետ Սեդա Վանյանը:- Նախապես համայնքի դպրոցներում անցկացվեց «Երկաթյա դիվիզիայի լեգենդար հրամանատար» թեմայով շարադրությունների մրցույթ, որի հաղթողներն արժանացան թաղապետարանի մրցանակներին: Այս պահին համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանը գտնվում է Գայի ազատագրած քաղաքներից մեկում` Ուլյանովսկում: Նա N 164 դպրոցի աշակերտուհի Անի Զեյթունյանի` Գային նվիրված շարադրության հետ մեկտեղ Ուլյանովսկի մեր բարեկամներին տարել է նաև հայ ժողովրդի արևոտ ջերմ սերն ու եղբայրական մաքուր զգացումները: Ներկաները ջերմորեն արձագանքեցին Ուլյանովսկից նորնորքեցիներին հղած Դավիթ Պետրոսյանի հեռագրին, որով տեղեկացվում է, որ նաև Ուլյանովսկում միաժամանակ նշվում է քաղաքական, ռազմական գործիչ, գիտնական ու տեսաբան Գայի ծննդյան հոբելյանը: - Երբ մեր պատվիրակությունն այստեղ շրջապատված է անկեղծ բարեկամի, արժանապատիվ տանտիրոջ սիրով ու հյուրընկալությամբ, ես, որպես հայ, որպես Գայի հայրենակից, ազգային ու մարդկային հպարտության անկրկնելի պահեր ապրելով, ձեզ եմ փոխանցում նահանգապետի, քաղաքապետի, բոլոր ուլյանովսկցիների երախտիքի խոսքերը և այն հավաստիացումը, որ այս հոբելյանի նշումը մեր ժողովուրդների անխախտ բարեկամության մի նոր դրսևորում է: Այստեղ Գային հիշում, սիրում ու պաշտում են, այստեղ հայ համայնքն իր արժանապատիվ դիրքն ու տեղն ունի: Պատմության թավալգլոր անիվն ի զորու չէ իր ծանրության տակ ճզմել ժողովրդի կողմից սիրված ու զգացմունքների քուրայում պահված հերոսների անունները: Նոր Նորք համայնքում այդ հիշողության մարմնացումն են Գայի հոյակերտ հուշակոթողը, նրա անունը կրող` համայնքի կենտրոնական մայրուղին, Երևանի սպայի տունն ու N 129 միջնակարգ դպրոցը, Ալավերդյան փողոցը` հերոսի ապրած տան մուտքի հուշատախտակով: Գայի կենսագրական ու մարտական ուղու մասին փաստերով հարուստ իր հուզախառն զեկուցման մեջ Խորհրդային տարածքի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Սպարտակ Մաթևոսյանը հիշատակում է նաև հերոսի պաշտոնավարման կարևորագույն մանրամասներ: «Գայը եղել է Սիմբիրսկի, Սամարայի, Օրենբուրգի հեղկոմների, Սամարայի նահանգային գործկոմի նախագահության անդամ, ընտրվել է Հայաստանի, Անդրֆեդերացիայի, Բելոռուսիայի կենտգործկոմների կազմում, նշանակվել Խորհրդային Հայաստանի ռազմական նախարար: - ...Հայ ժողովուրդը երկար է սպասել այն երանելի օրվան, թե երբ կբացվի պայծառ առավոտը` «Հայոց լեռներում, արնոտ լեռներում»: Այդ առավոտն արդեն եկել է. մենք ունենք անկախ պետություն, ունենք հաղթանակած բանակ: Յուրաքանչյուր հայ պե°տք է լինի հա°յ: Հերոսությունը կեցություն, այլ ոչ կեցվածք որակելով, N 164 դպրոցի պատմության ուսուցիչ, արցախյան հերոսամարտի մասնակից Հակոբ Ասլանյանը ազգի հերոսների պայքարը համարում է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքը. - Գայի պես նվիրյալներով է ժողովուրդը հարատևում, նրանց օրինակը ոգևորող է: Մի՞թե մեր ազատամարտիկների հոգում չէին թևածում Գայի, Անդրանիկի ոգիները, երբ հանուն Արցախի նետվում էին գրոհի: Հերոսությունը ժամանակ չի ճանաչում, ահա այս ոգով էլ դաստիարակում եմ իմ աշակերտներին: Համայնքում Գայի անվան թանգարան ունենալու ցանկությունը նորնորքեցիների երախտագիտության ևս մի դրսևորում է, ինչն, անշուշտ, կիրականացվի Դավիթ Պետրոսյանի նախաձեռնությամբ: Եվ եթե նկատի ունենանք, որ Գայի անվան դպրոցի տնօրեն Թամարա Պետրոսյանի նվիրած առաջին ցուցանմուշները կդառնան թանգարանի յուրօրինակ հիմնաքարը, ապա կարելի է ենթադրել, որ ցանկությունը, անշուշտ, կիրականացվի առաջիկայում: