ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ համայնք Գնահատելու իրավունքը բնակչինն է


ՏԻՄ-երը, որպես ազգաբնակչության հոգսերը թեթևացնելու կոչված իշխանական առաջին օղակներ, կարելի է ասել` դարձել են հոգսաշատ մեր ժողովրդի ամենահուսալի հենարաններից մեկը: Նրանց հետ է բնակչության անմիջական շփումը. բնակիչը նրանցից է ակնկալում իր կենսական խնդիրների լուծումը: Մարդիկ սովորաբար հակված են հավատալու այն իրատեսականին, ինչը տեսանելի է, գործնական և շոշափելի: Ասել է թե` իրենց խնդիրներով մտահոգվող և հնարավորության սահմաններում դրանց լուծումները որոնող օղակին: Եվ պատահական չէ, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանը աշխատում է հուսախաբ չանել նրանց: Տարեցտարի ակնհայտ բարեփոխում ներն արդեն հույսեր են ներշնչում, հավատ արթնացնում, որ քաղաքակիրթ կենցաղավարության կենտրոն դառնալու համայնքի ղեկավարության ջանքերը ապարդյուն չեն: Ավելին, տեսանելիորեն առկա են կատարվածի ցանկալի պտուղները: Յուրաքանչյուր համայնքի ղեկավար պարտավոր է հստակորեն պատկերացնել համայնքի բյուջեի սոցիալական ուղղվածության միտումներն ու դրանցից չշեղվելու անհրաժեշ տությունը: Այդ առումով անվիճելի է բյուջեի զգալի մասի տրամադրումը բնակարանային ֆոնդին, որում ներառված են շենքերի տանիքների վերանորոգումը, բակերի բարեկարգումը, խաղահրապարակների կառուցումը: Ոչ պակաս կարևոր են նաև փողոցների, մայթերի բարեկարգումը... Քանաքեռ-Զեյթունում այս և կարևորագույն այլ խնդիրների լուծման բանալին անհետաձգելիությունն է` ցանկացած հարցի: Թերևս յուրաքանչյուրին անդրադառնանք առանձին-առանձին: Համայնքում մեծ թիվ են կազմում 1963-64 թվականներին կառուցված շենքերը, որոնց շահագործման ժամկետը թեև նախատեսված էր 25 տարի, սակայն լրացուցիչ շահագործ վում են ևս 17 տարի, ուստի զարմանալի չէ, որ բնակելի շենքերի հոգսերն անհամեմատ շատ են: Այստեղ մեծ դեր ունի նաև բնակիչը, ում հոգածության կարիքն առավել է զգացվում, այլապես միայն թաղապետարանի և համատիրության ջանքերով պահպանված շենքն, առանց իր բնակչի խնամքի, երկար չի կարող դիմանալ: Հատկապես այս տարվա առատ ձյունն ու ցրտահարությունը լրացուցիչ խնդիրներ ստեղծեցին շենքերի համար: - Ընդհանրապես ողջ տարվա ընթացքում և հատկապես այս տարվա խստաշունչ ձմռան ամիսներին, առավել ևս տոնական օրերին բնակելի շենքերի աղբատար խողովակների խցանումները (շուրջ 30 դեպք) համայնքի գլխավոր հոգսն են եղել,- ասում է Արայիկ Քոթանջյանը:- Խողովակները շինաղբով լի տոպրակներից և սառցակալած կենցաղային աղբից ազատելու համար մեծ ջանքեր պահանջվեցին: Որոշ տեղերում հին աղբատարները փոխարինվեցին նորերով: Թեև դա համատիրությունների խնդիրն էր, սակայն թաղապետարանն անտարբեր չմնաց: Մեր զրույցի ընթացքում ներկայացնելով 2006 թվականի կատարված աշխատանքների ամփոփ նկարագիրը` Արայիկ Քոթանջյանը կարևորում է հատկապես փողոցների լուսավորության թեև ոչ վերջնական ավարտուն, բայց և հիմնական աշխատանքները: - 2006-ին նախատեսված 8 կենտրոնական փողոցների փոխարեն լուսավորվեցին ևս 3-ը. այսպիսով ավարտին հասցրինք համայնքի առաջնային համարվող 11 փողոցների լուսավորման աշխատանքները: 2007 թվականին կշարունակենք և ավարտին կհասցնենք միջհամայնքային մնացած փողոցների, ճանապարհների լուսավորումը: Համայնքի ղեկավարի խոսքերի ապացույցը բնակիչների գոհունակության խոսքերն ու օրհնանքն է: Եվ ոչ միայն լուսավոր փողոցների համար, ինչը հոգեբանական մեծ ազդեցություն ունի մարդու տրամադրության բարձրացմանը և նպաստում է նրա տրամադրվածությանը` իր բնակավայրի հանդեպ: Թեև անցյալ տարի մազութի դեֆիցիտը խոչընդոտեց փողոցների ու մայթերի վերանորոգման աշխատանքներին, այնուհանդերձ, դրանք ասֆալտապատվել են` նախատեսվածից 30-40 տոկոսով ավելի: Վերջին տասնամյակում, թերևս, համայնքում առաջին անգամ բարեկարգվեցին մայթերն ու դրանց եզրաքարերը: 4 կմ մայթի փոխարեն վերանորոգվեց 4,5 կմ: Սա նախադեպը չունեցող ծրագիր էր: Երևանյան երբեմն անկանխատեսելի եղանակային փոփոխություններին քաջատեղյակ համայնքի ղեկավարությունը նախապես պատրաստվել է` դիմագրավել գարնանային ձնհալի հնարավոր անակնկալներին նույնպես: Անցյալ տարի սկսած և առաջիկայում շարունակական համարվող աշխատանքներից է նաև խաղադաշտերի և ամենակրտսեր բնակիչների համար նախատեսված խաղահրապարակների կառուցումն ու շահագործումը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրած ֆուտբոլի խաղադաշտն այս տարի կդադարի միակը լինել. կառուցվելիք ևս 2-ին անհամբերությամբ են սպասում պատանի (և ոչ միայն) մարզասերները: Այս իրողությունը մղում է առավելագույն ուշադրություն ցուցաբերել և վերահսկողություն իրականացնել` պահպանելու ստեղծածը: Բնակիչներն արդեն անձամբ զգացել են խաղահրապարակների անհրաժեշտությունն ու նրանց կողմից իրականացվող վերահսկողությունը մեծագույն երաշխիքն է` դրանց երկարակեցության: - Երբ չկա, բողոքում ենք, լինելու դեպքում հաճախ չի պահպանվում: Մարդիկ մեզ համար են անում, մեր պարտքն ընդամենը այն պահպանելն է,- ասում է բնակիչներից մեկը: 2006-ը Քանաքեռ-Զեյթուն համայնքի տարածքում գտնվող «Զեյթուն» ուսանողական ավանի 8-րդ մասնաշենքում բնակվող ազատամարտիկների ընտանիքների համար բարեբեր էր ու հիշարժան այնքանով, որ համայնքի ղեկավարի շնորհիվ վավերացվեց տարիներ շարունակ հանրակացարանում տարիներ ի վեր անորոշ կարգավիճակով բնակություն հաստատած մարդկանց բնակության իրավունքը: Եվ թաղապետարանի կողմից ստացած օրդերներով այսօր տասնյակ ընտանիքներ ապրում են արդեն իսկ սեփականաշնորհված բնակարաններում: Հայոց ազգային բանակի կազմավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համայնքի տարածքում գտնվող 2 զորամասերին նվիրված հեռուստացույցները Արայիկ Քոթանջյանի առաջին և միակ օգտակար ձեռնարկումը չէր: Զինվորների հանդեպ նրա ցուցաբերած հոգատարությունը վաղուց է ձևավորվել և առավել ամրապնդվել համայնքի ղեկավարի պաշտոնում: Նրա ուշադրության շրջանակներում ընդգրկված են նաև կրթօջախները, որոնք նույնպես պարբերաբար մնայուն նվերներ են ստանում թաղապետից` համակարգիչներ, հեռուստացույցներ... Մեծի հարգն ու պատիվն իմացողի գիտակցությամբ Արայիկ Քոթանջյանը գործնականորեն ընդառաջեց հայկական և գերմանական Կարմիր խաչի և Երևանի քաղաքապետարա նի նախաձեռնությանը` տարեցների համար նախատեսված և բոլոր հարմարություններով հագեցած «Հուսո տան» շինարարությանն ու բացմանը: Այսուհետ տարեց միայնակներն ու կարիքավորները «Հուսո տան» ճաշարանից օգտվելուց բացի իրենց միապաղաղ առօրյայից մի քանի ժամը ավելի իմաստալից կդարձնեն այստեղ` լվացքատանը թեթևացնելով նաև հիգիենիկ հոգսերի մի մասը: Թաղապետարանի աշխատանքների բարելավմանը նպաստող կարևորագույն ձեռքբերումը դեռևս 8 ամիս առաջ ներդրված «Մեկ պատուհան»-ի սկզբունքով ընթացող աշխատաեղանակն է, որի ներդրմամբ 50 %-ով կրճատվել է բնակիչների սպասարկման ծանրաբեռնվածությունը: Թաղապետարանի շենքի 1-ին հարկում տեղակայված «Մեկ պատուհան» կոչվող և դիմողների շրջանում պարզապես որպես 101 սենյակ հայտնի ենթաբաժնում ընդունում և սպասարկում են համայնքի բոլոր այն բնակիչներին, ովքեր իրենց հոգսերի լուծումը թաղապետարանից են ակնկալում: Ընդ որում, հենց այստեղ էլ կազմակերպվում է փաստաթղթային շրջանառության ողջ «ծանրությունը»` դրանով իսկ ազատելով բնակչին հարկից հարկ շրջելու անհարկի վերուվարից: Այսօր արդեն շենքի հարկերում այս ու այն դռան մոտ կուտակված հերթերն այլևս բացառված են, և քաղաքացին իր դիմումի պատասխանը նախատեսված 15 օրվա ընթացքում ստանում է 1-2 օրվա ընթացքում: Կարևորելով «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը, համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանը համոզված է, որ բազմաթիվ ոլորտներին առնչվող խնդիրների լուծման այս տարբերակը առավել նպաստում է բնակիչ-թաղապետարան փոխհարաբերության կարգավորմանը: - «Մեկ պատուհան» ծրագրով նախատեսվում է ուղիղ կապ քաղաքապետարանի հետ և կապուղիների փոխկապակցություն բոլոր թաղապետարանների հետ: «Էլփաստ» ծրագրի իրականացումը կօգնի կոորդինացնել բոլոր բաժինների, նախարարությունների, քաղաքապետարանի, թաղապետարանների աշխատանքը: Համայնքի բնակիչների կողմից արդեն իսկ ընդունելի է «Մեկ պատուհան»-ը: Մեր կողմից կանոնակարգված աշխատաոճի համաձայն, թե քաղաքացու դիմումով ներկայացվող հարցը բաժնի պետի մակարդակով է, ապա «Մեկ պատուհան»-ից վերջինս հրավիրվում է բնակչի հետ պարզաբանելու վերջինիս անհանգստացնող խնդիրը: Եթե հարցը թաղապետի տեղակալի կամ աշխատակազմի ղեկավարի մակարդակով է, ապա նրանց ներկայությամբ ու մասնակցությամբ անմիջապես կարգավորվում է հարցը: Անհրաժեշտության դեպքում քաղաքացին կարող է հանդիպել նաև թաղապետին` ստիպված չլինելով սպասել ընդունելության օրվան: Նրանց թվում հիմնականում այն տարեցներն են, ովքեր տեղեկացված չեն և գիտեն, որ յուրաքանչյուր հինգշաբթի թաղապետի ընդունելության օրն է, և միայն այդ օրը կարող են զրուցել իրենց ընտրյալի հետ: Հիրավի, համայնքի ղեկավարի ընդունարանի մոտ կուտակված հերթերն ակնհայտորեն նվազել են` դրանով մեծացնելով բոլոր օղակների պատասխանատվությունը և նրանց հնարավորություն ընձեռելով` իրենց իրավասության սահմաններում լուծելու բոլոր խնդիրները: Հանգամանք, ինչն, անշուշտ, ի վերջո «կկոտրի» բյուրոկրատական քաշքշուկի կարծրատիպը: Առաջիկա ամիսներին թաղապետարանում կներդրվի «Մեկ պատուհանի» հաջորդ փուլը` օպտիկական կապի հաստատումը: Ինտերնետային հզոր այս կապն իր հետագա զարգացման արդյունքում կընդգրկի Հայաստանի ընդհանուր կառավարման պատկերը (ներառյալ մարզերը): Օպտիկական կապը կերաշխավորի մայրաքաղաքի համայնքների և Հայաստանի մարզերի տեղեկատվական փոխկապակցվածությունը: Քանաքեռ-Զեյթուն համայնքում հոգսաշատ առօրյան հաճախակի ընդմիջվում է տոնական, մշակութային միջոցառումներով, որոնք համայնքի բնակչությանը համախմբելու հիանալի միջոց են, իսկ նման ուրախություններին սիրով են արձագանքում մեծից փոքրը: Խոսելով առաջիկա գործերի մասին` Արայիկ Քոթանջյանը հույս հայտնեց, որ համայնքին տրամադրվող հատկացումներն այս տարի իրենց ծավալով գերազանցելու են նախորդին, ինչի շնորհիվ զգալի տեղաշարժերն ավելի ակնբախ կլինեն: