Պայքար Տերյանի շիրիմի «սեփականաշնորհման» համար


Փետրվարի 9-ին, երբ «Ջավախք» հայրենակցական միության և «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները, ծնունդով ջավախքցի, ՀՀ փոխոստիկանապետեր Արարատ Մահտեսյանի ու Հովիկ Հունանյանի ուղեկցությամբ ժամանեցին Կոմիտասի անվան պանթեոն, այնտեղ նրանց սպասում էին «Վիրահայերի միասնության» անդամները` կազմակերպության համանախագահ Տաճատ Վարդապետյանի գլխավորությամբ, տեղեկացնում է «Բագին ինֆո» լրատվական կենտրոնը: «Բագին ինֆոյի» տեղեկատվության համաձայն, «Վիրահայերի միասնության» մի քանի տասնյակ անդամներ, շղթա կազմելով, թույլ չեն տվել «Ջավախք» հայրենակցական միության ներկայացուցիչներին և նրանց հետ ժամանած անձանց մոտենալ Տերյանի շիրմին, ինչից հետո վերջիններս փորձել են բանակցություններ վարել, բայց հանդիպելով դիմադրության` ուժային միջոցներով են ճեղքել օղակը: Փոխոստիկանապետեր Մահտեսյանը և Հունանյանը փորձել են միջամտել ու հարթել իրավիճակը, երբ «Վիրահայերի միասնության» ներկայացուցիչներից մի քանիսը կողքի են հրավիրել «Ջավախք» միության նախագահ Շիրակ Թորոսյանին: Ըստ «Բագին ինֆոյի», միջադեպի առիթով Երևան քաղաքի Շենգավիթի ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ: «Բագին ինֆոյի» մեկնաբանությամբ, իրավիճակի առիթ են հանդիսացել Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված տարբեր կարգի խարդավանքները, ավելի ճիշտ այն, որ բոլոր այս կազմակերպությունները, Սամցխե-Ջավախքի իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն, պայքարում են ջավախքյան ծագում ունեցող և Հայաստանում բնակվող անձանց ձայների համար: Հաշվի առնելով այս հանգամանքը, կարելի է կանխագուշակել, որ այսպիսի միջադեպեր տեղի կունենան նաև ապագայում: Կարևորն այն է, որ Սամցխե-Ջավախքի հայերը իրենց համար ոչ մի դրական բան չսպասեն երևանյան այդ կազմակերպություններից, որոնք, բացի Վրաստանի հասցեին հիացած գովերգներ երգելուց, ուրիշ ոչ մի բանի պիտանի չեն, տեղեկատվությունը եզրափակում է «Բագին ինֆոն»: Ջավախք-ինֆո