Մշակութային երկխոսություն


Կատարողական արվեստների «Հայֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում օրերս Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում անցկացվեց «Նոր դրամա» սեմինարը` զուգակցված դրամատուրգիական նոր մտածողության հավակնություն ունեցող պիեսների ընթերցանություններով ու քննարկումներով: ՌԴ «Նոր դրամա» թատերական փառատոնի գեղարվեստական ղեկավար (Մեյերհոլդ կենտրոն) Պավել Ռուդնևը, անմիջական երկխոսության մեջ մտնելով միջազգային մշակութային կամուրջի միտում ունեցող այս հավաքի մասնակիցների հետ, ներկայացրեց ռուսական արդի թատերարվեստում մեկուկես տասնամյա գործունեությամբ իրեն հաստատած այս ուղղությունը որդեգրած թատերախմբերի ստեղծագործական խճանկարը: Ռուդնևը փորձեց հերքել թյուր մտայնությունը նոր դրամայի մասին որպես նատուրալիստական հատուկ շեշտվածությամբ, հոգևոր-բարոյական մերժելի արժեքներ արմատավորող, գեղարվեստական բարձր չափանիշները մերժող հակագրականության: Դատելով «Հայֆեստ-2006»-ում ներկայացված «Ամեն ինչ փողի մասին» (Պրակտիկա թատրոն, գեղ. ղեկավար` Անդրեյ Բոյակով) այդօրինակ դրամայի ներկայացումից` նորը այս ուղղության մեջ արտասովոր արտահայտչամի ջոցների (կոնկրետ` կինեմատոգրաֆիայի, տեղեկատվական տեսանյութերի, նվազագույնի հասցված դերասանական կերպավորման արվեստի) կամայական սինթեզն էր` մատուցված մոնոտոն խոսքով, թող որ ժամանակակից կյանքին առնչվող թեմատիկայի շուրջ: Որպես միջազգային մշակութային երկխոսության, սերտ համագործակցության հնարավորություն ստեղծելու փորձ` փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի նախաձեռնած այս հավաքը դրական տեղաշարժի որոշակի նախանշաններ ցուցաբերեց: Մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը բարեկամաբար-պաշտո նապես առաջարկեց կոնկրետ գործեր ներկայացնել նոր «Հայֆեստի» շրջանակներում անհատական ու համատեղ նախագծեր իրագործելու` խոստանալով աջակցել դրանց հեղինակներին: Հուսանք, որ «Հայֆեստ-2007»-ը նոր անուններ կբացահայտի` նրանց միջազգային ասպարեզ դուրս գալու հնարավորություն ընձեռելով: Իմ տպավորությամբ, նորի որոնումները մեզանում դեռևս կազմավորման անորոշ փուլում են և առայժմ միտում չեն դրսևորում երիտասարդական հզոր շարժման: Հատուկենտ հուսադրող առկայծումները ուժգնանալու կարիք ունեն երևույթ դառնալու համար: Նոր գեղագիտության ավանգարդում հաջողությամբ իրենց բեմադրական մտածողությունը զարգացնում են Սուրեն Շահվերդյանն ու Վահան Բադալյանը: Կարծում եմ, երիտասարդ տաղանդներին աջակցող պետական ծանրակշիռ քաղաքականության առաջնահերթ ծրագրերում պետք է հստակ միջոցառումներ իրագործել նրանց ստեղծագործական դիապազոնը ընդլայնելու ու խորացնելու ուղղությամբ: Ո՞վ գիտե, գուցե այդպիսով հնարավոր լինի բորբոքել մյուս երիտասարդների սրտում պահպանվող արվեստասիրության մարմրող կրակը, վստահություն ներշնչել, որ իրենք կարող են անմնացորդ զբաղվել նախասիրած գործով, լիարժեք բացահայտել ու դրսևորել բնատուր ունակությունները` ստիպված չլինելով ժամանակ ու կենսական էներգիա վատնել բարեկեցիկ ապրելակերպի համար անհրաժեշտ գումարներ վաստակելու վրա:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ