«Ես անուններ չեմ տալիս, պա, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»


Վ. ՍԱՐՈՅԱՆ «Իմ սիրտը լեռներում է» Իմ սերնդի կյանքում եղել է մի պահ, երբ «մեծ աշխարհի մեր անկյունում»` Հայաստան աշխարհում, մի պահ, պատմության համար մի շատ կարճ ակնթարթ, ամեն ինչ ճիշտ էր: Դա 1988-ի գարունն էր: Արցախի կանչով ոտքի էր ելել ողջ հայ ժողովուրդը: Ներկայիս Ազատության հրապարակում միլիոնանոց ցույցեր էին տեղի ունենում: Ամբողջ աշխարհը զարմանքից քար էր կտրել. միլիոնավոր մարդկանց մեջ չեղավ մեկը, որ անկարգություն աներ, թեկուզ հարբած մեկը մի ուրիշի անհանգստացներ: Սա կարծես քիչ էր, մի անգամ էլ ցնցվեց, երբ իմացավ, որ Ազատության հրապարակի սաստիկ նեղվածքի, արմունկներով մի կերպ ճանապարհ բացելու պայմաններում ոչ մի գրպանահատ «գործ չի անում», իսկ կորած իրերի տերերը «հայտնաբերվում» էին բարձրախոսի օգնությամբ: Դեռ ավելին: Հանցագործ աշխարհը հատուկ ուղերձով տեղեկացրեց, որ այս օրերին բնակարանային ոչ մի կողոպուտ չի լինի, եթե նույնիսկ տների դռները բաց թողնեն: Դա ազգային ինքնագիտակցության արթնացումն էր: Երջանկության աներևակայելի պահեր, որոնք կմնան իմ սերնդի հիշողության մեջ` որպես արժանապատվության առհավատչյա: Սխալ է ասել, թե բոլորը միանշանակ համաձայն էին «Ղարաբաղ» կոմիտեի գործողությունների ու հայտարարությունների հետ: Ավելին, քննադատում էին անխնա, բայց... սիրելով: Սիրելով Շարժումը, շարժման ակտիվիստներին, նույնիսկ նրանց, ում քննադատում էին: Հիշում եմ երջանկահիշատակ Հենրիկ Հովհաննիսյանին, որ ոչ մի կերպ չէր կարողանում սկսել դասախոսությունը, մինչև իմ` շարժման ակտիվիստիս ներկայությամբ չդատարկեր հոգում կուտակվածը, վերջում անպայման ավելացնելով. «Ջա°նս, էս բոլորը հասցրու տղերքին»: Մոտ քսան տարվա վաղեմություն ունեցող այս դեպքերը հիշելուս պատճառն այս անգամ ՀՅԴ, ԱԺՄ, ՍԴՀԿ և ՀՀՇ, ՀՀԿ կուսակցությունների երիտասարդական թևերի ղեկավարների բանավեճերն էին: Առողջ դատողության տեր յուրաքանչյուր անհատի պետք է որ հետաքրքրի, թե երիտասարդները` մեր երկրի վաղվա տերերը, իրենց ավագների նման խոսելու են իրենց իրարից բաժանող գործոնների՞, թե՞ ավելի շուտ միավորող, համախմբող հարցերի մասին: Ցավոք սրտի, արտահայտված մտքերը «մեծացած-փոքրացածների» խոսակցություններ էին: Բացարձակ նույն մոտեցումները, նույն բառապաշարը, նույն փաստարկներն ու նույն հիմնավորումները: Նույնիսկ հայհոյանքների պակաս չզգացվեց, օրինակ, ՍԴՀԿ ներկայացուցիչ Նարեկ Գալստյանի կարծիքով` հատկապես իշխանական թևի երիտասարդները կոմֆորմիստ են, ընտրությունները կեղծելու գործիք են ու գործոն, ցինիկ են իրենց ելույթների ու հայտարարությունների մեջ և այլն: - Ես իրերը կոչում են իրենց անուններով,- պարզաբանեց նա: Ընդամենը մի պահ ԱԺՄ ներկայացուցիչ Ադրինե Ավագյանը փորձեց անդրադառնալ կուսակցական նեղ շահերից վեր կանգնելու և համախմբման անհրաժեշտությանը, բայց այդպես էլ չկարողացավ հստակեցնել, թե գործնականում ինչպես է պատկերացնում իր ասածը: Երիտասարդ կուսակցականների բանավեճի հիմնական թեման գալիք խորհրդարա նական ընտրություններն էին, որն ավելի շուտ նրանց բաժանում, քան միավորում էր: - Ես ոչ մի լավ բանի հույս չունեմ,- ասում է Ադրինե Ավագյանը,- գալիք ընտրություններն էլ, միևնույնն է, կեղծվելու են, ու ամեն ինչ մնալու է նույնը: Այդ դեպքում ինչո՞ւ են պայքարում նրանք և իրենց կուսակցապետերը, եթե նույնիսկ երիտասարդությունը ոչ մի լավ բանի հույս չունի: Այսպես անում են ցավագարներն ու յոգաները: Մի բանը այնքան են ասում, որ իրենք էլ են սկսում անկեղծորեն հավատալ իրենց հորինածին: Եկեք մի պահ պատկերացնենք, որ ընտրություններն անցան մաքուր, արդար ու թափանցիկ, ու մի հրաշքով ընդդիմադիր ողջ դաշտը եկավ իշխանության: Ի՞նչ է լինելու հետո: Նրանց իննսունինը տոկոսը, անուններ չենք տալիս, նախկին իշխանավորներ են եղել և ոչնչով չեն տարբերվել ներկայիս իշխանավորներից, ժողովրդի լեզվով ասած, «Էն կուռը դեսը» չեն արել, ուրեմն ի՞նչ, նրանց իշխանության բերե՞լը հայտարարենք ազգային իղձ: Անուններ չենք տալիս, բայց հիշենք նաև ընդդիմությունից իշխանավոր դարձածներին. հատկապես Ադրինեն նրանց լավ կհիշի, ներկաներից` լա՞վն էին: Հետևաբար բազմիցս չարչրկված հարցը կարող է խնդիր լինել, բայց ոչ գերխնդիր, այն էլ` երիտասարդության համար: Անցած ամառ (եթե չեմ սխալվում) Վիետնամում կայացավ ասիական երկրների ղեկավարների գագաթնաժողով: Հետևելով այդ իրադարձություններին` զարմանքով իմացանք, որ աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունը այդ երկիրն ունի: Իմ խորին համոզմամբ, մեր երիտասարդության գերխնդիրն այսպիսի տնտեսություն ստեղծելը պետք է լինի. կերտել մի երկիր, որտեղ չի լինի մի սոված հայ երեխա ու ասի. - Ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է: Ի ԴԵՊ, ՀՀԿ-ՀՀՇ երիտասարդական թևերի ղեկավարներին «Ավանգարդն» առաջարկեց, որպես երիտասարդության համագործակցության առաջին քայլ, ստեղծել բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած շտաբ, որը կհետևի ընտրությունների ընթացքին: ՀՀՇ-ի Կարենը դա հնարավոր չհամարեց, քանի որ, ըստ նրա, ընտրություններն արդեն կեղծված են կարտոֆիլ ու տուկի թել բաժանելով: ՀՀԿ-ի Կարենը ավելի իրատեսորեն վերստին փաստեց, որ իրենց դռները բաց են բոլոր այն երիտասարդների համար, ովքեր կուզենան մասնակցել այդ գործընթացին:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ