Կգտնի՞ արդյոք Թուրքիան «այն ճամփան, որ տաճար է տանում»


Վաղուց տարածված կարծիք է, որ թուրքական դիվանագիտությունը միշտ էլ աչքի է ընկել ճկունությամբ: Եթե իրոք դա այդպես է, ապա ներկայումս կարելի է արձանագրել, որ թուրքական երբեմնի քաղաքական ճկունությունից միայն փշրանքներ են մնացել: Մեր հարևան և մինչ այժմ ոչ բարեկամ երկիրը հաճախակի լուրջ խնդիրներ է ունենում թե° Եվրամիության, թե° իր ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի հետ: Դե իսկ Հայոց ցեղասպանության հարցը աստիճանաբար է°լ ավելի է «խրվում» Թուրքիայի «կոկորդում»: Արտգործնախարար Աբդուլա Գյուլի «ափալ-թափալ» այցը ԱՄՆ, որ ամերիկյան կոնգրեսի կողմից ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձևը կանխելու նպատակն ուներ, ոչ մի արդյունք չտվեց: Այդ այցելությունն ու սպասելի ձախողումը մի ավելորդ անգամ ապացուցեցին, որ հայկական հարցը Թուրքիայի համար աստիճանաբար վերածվում է աքիլեսյան գարշապարի, իսկ ցայտնոտային իրավիճակում կատարվող քայլերը ավելի հաճախ հակառակ էֆեկտն են ունենում: Իրավիճակն այնպիսին է, որ ոչինչ արդեն չի կարող խանգարել ԱՄՆ կոնգրեսին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու: Իսկ դա լինելու է մեր հարևան երկրի հերթական դիվանագիտական ֆիասկոն` շառաչյուն ապտակ, որից երկար ժամանակ ուշքի չի գալու: Մինչդեռ Հրանտ Դինքի սպանությունից հետո որոշ հույսեր ծագեցին, թե Թուրքիան կարող է սթափվել, վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ, քայլեր կատարել հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ: Ի վերջո, թուրքերը եթե իրենց երբեմնի դիվանագիտական ճկունությունը կորցրած չլինեին, անպայման կգիտակցեին, որ Հայաստանի հետ նոր, բարիդրացիական հարաբերությունների հաստատումն առաջին հերթին բխում է իրենց սեփական շահերից: Դրանով նրանք միջազգային հանրությանը որոշ չափով կապացուցեին, որ չեն տառապում ցեղասպանություն իրագործածի բարդույթով, հայերի հանդեպ չունեն թշնամական վերաբերմունք, առավել ևս` ատելություն: Հայաստանի նկատմամբ իրականացվող Թուրքիայի ներկա մարտավարությունը յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու` եվրոպացի թե ամերիկացի, մտածել է տալու. եթե առայսօր թուրքերը բացահայտ չարակամությամբ են լցված հայերի հանդեպ, ապա հաստա°տ ժամանակին ցեղասպանություն իրագործած կլինեն: Այսպես կմտածեն և չեն սխալվի: Մի օր կսթափվե՞ն և կհասկանա՞ն թուրքերը, որ իրենց ճակատի ցեղասպանի խարանը հենց իրենք են ընդգծում ու խորացնում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ