Մեքենայի գույնը` տիրոջ մասին
Տարբեր ենք մենք, ու տարբեր են մեր նախասիրությունները: Այդ թվում և` գույների հարցում: Բնականաբար` ամենասիրածդ գույնն անգամ բոլոր իրերին չի կարող հարմար լինել: Դիցուք, կանաչ հագուստի երկրպագուն հազիվ թե նույներանգ ավտոմեքենա երազի:
Ավտոմեքենայի այս կամ այն գույնին տրվող նախապատվությունը բնավորության որոշակի խմբեր է «ձևավորում»: Եվ ահա հոգեբանները պնդում են, որ մեքենայի գույնը ևս հուշում է դրա տիրոջ բնավորությունը:
ՍՊԻՏԱԿ ավտոմեքենաներ սիրողները գեղագետներ են. կյանքում ձգտում են մաքրության և անբասիր հարաբերությունների (համենայն դեպս` նրանք ցանկանում են այդպիսի տպավորություն գործել): Սպիտակը երազանքի և կատարելության գույնն է: Ավելի հաճախ այս գույնն ընտրող մեքենատերերն էությամբ մարդամոտ չեն:
ԳՈՐՇ մեքենա նախընտրողները չեն սիրում աչքի ընկնել. նրանք ներփակված են շրջապատող աշխարհից: Արտաքին շուքը նրանց չի հետաքրքրում: Նրանք «100 անգամ չափում են` մինչև կտրելը»:
ԴԵՂԻՆ գույնի սիրահարներն, ընդհակառակը, ջանում են աչքի ընկնել` ամեն գնով: Այսերանգ ավտոմեքենա ընտրելը նաև նշանակում է ճնշումից ազատվելու ձգտում, երջանիկ լինելու մեծ ցանկություն: Եթե ձեր մեքենան դեղին է, ուրեմն դուք ձգտում եք առաջընթացի, արդիականության, նորամուծությունների: Միաժամանակ` դուք հեշտորեն հար- մարվում եք ամեն ինչի:
Նուրբ ԲԵԺԱԳՈՒՅՆԸ նախընտրում են երազողները: Բայց նաև` գործական մարդիկ, որովհետև այդերանգ մեքենայի վրա փոշին չի նկատվում:
Բացառիկ, առանձնահատուկ անհատականություն երևալ ցանկացողներն ընտրում են ԱՐԾԱԹԱԳՈՒՅՆ ավտոմեքենա: Նրանց հետ դժվար է հարաբերվել. նրանք համառ են: Իրենք են ընտրում ընկերներին և գերազանցապես` ներքին զգացողությամբ:
ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԻ երկրպագուները լի են եռանդով, կրակոտ են, շարժուն: Սակայն հակված են տենդագին դյուրագրգռության:
ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ինքնաշարժով երթևեկելը բարձրացնում է տրամադրությունը, տոնի զգացողություն արթնացնում: Իսկ այդ մեքենայի վարորդները գերազանցապես ուրախ և անհոգ (կամ` հոգսերը շուտ թոթափող) մարդիկ են. նրանց հետ չես ձանձրանա:
ԿԱՊՈՒՅՏԸ նախընտրողներն ավելի շատ գնահատում են անդորրն ու հարմարակեցությունը: Նրանց համար առաջնահերթ են հոգևորը և ներդաշնակությունը: Այս մեքենատի րոջը կարելի է վստահել. նա հուսալի է ու հավատարիմ:
ՇԱԳԱՆԱԿԱԳՈՒՅՆ մեքենա ունեցողը վեճերից, ընդհարումներից հեռու, հարմարավետություն սիրող, հանգստի անհրաժեշտություն ունեցող խաղաղ անձնավորություն է:
ԿԱՐՄԻՐՆ ուժեղ անհատականությունների ավտոմեքենա է: Դրանց տերերը մշտապես ձգտում են իրենց նպատակների իրագործմանը, ձգտում են հաջողության: Աշխույժ և արկածասեր մարդիկ են. միաժամանակ նաև` բռնկուն ու իշխող:
Ձեր մեքենայի ԿԱՆԱՉ գույնը հուշում է, որ դուք ջանում եք դուր գալ: Միևնույն ժամանակ, սակայն, այն խորհրդանշում է ներքին էներգիայի անբավարարություն, ինքնահաս տատման պասիվ ձգտում, խանդավառության բացակայություն: Կանաչը ոչ ագրեսիվ մարդկանց գույնն է: Նույնիսկ պնդողներ կան, թե այդ գույնը նախընտրում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդիկ:
ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆԸ հուշում է, որ իր տերը ցանկանում է մոգական ազդեցություն գործել շրջապատող մարդկանց վրա և դեմ չէր լինի ենթարկվել կախարդանքի: Նա ստեղծագործող անհատ է` օժտված ներքին զգացողությամբ: Դա ռոմանտիկների գույնն է:
Եթե նախընտրում եք ՍԵՎ գույնի ինքնաշարժ, ուրեմն ձեզ համար կարևոր է շրջապատի հարգանքը, որը դուք ոչ թե սոսկ պահանջում, այլ նվաճում եք: Հանձին ձեզ մարդիկ տեսնում են ինքնավստահ և ուժեղ անհատի: Ճակատագիր կոչվածը չեք հերքում, բայց նաև գիտեք, որ ճակատագիրը պարտադրվող միակ տարբերակ չէ, և հեռատեսության շնորհիվ կարելի է ընտրել տարբերակներից ամենաճիշտը:
Հոգեբանների հետ վիճել պետք չէ, բայցև միայն մեքենայի գույնով չի կարելի դատել մարդու ինքնության մասին: Առավել ևս` միշտ չէ, որ մեքենայի գույնը ընտրում ենք անձամբ և մեր հակումներին համապատասխան: