Մահափորձ` Հռոմի Պապի դեմ


 

Չէ, այն դեռ չի կատարվել, բայց իտալական Il FΖtto QuotidiΖno թերթն անցյալ ուրբաթ տեղեկատվություն է տարածել, որ առաջիկա տարում դա կարող է իրականացվել:

Հրատարակությունը ներկայացրել է աղմկահարույց մի փաստաթուղթ, որն իբր կոլումբիական կարդինալ Կաստրիլոն Հոյոսը հունվարին փոխանցել է Վատիկանի պաշտոնական քարտուղարություն և Պապի անձնական քարտուղարություն: Փաստաթուղթը գերմաներեն լեզվով է` թվագրված 2011 թ. դեկտեմբերի 30-ի ամսաթվով: Վկայակոչելով Պալերմոյի կարդինալ Պաոլո Ռոմեոյին, ուղղակիորեն հավաստվում է, որ «Սուրբ Հորը ապրելու համար մնացել է միայն 12 ամիս»:

Հրապարակված փաստաթղթի համաձայն` Ռոմեոն այդ հայտարարությունն արել է նոյեմբեր ամսին Չինաստան կատարած այցի ընթացքում:

Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը ու նրա մերձավորները, սակայն, առանձնապես լուրջ չեն վերաբերվում փաստաթղթին: Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը` հայր Ֆեդերիկո Լոմբարդին, արտասովոր կոշտությամբ է մեկնաբանել թերթի հրապարակումը` այն որակելով որպես «զառանցանք, որը ոչ մի դեպքում չի կարելի լրջորեն ընդունել»: