ՀՐԱՎԻՐԵԼ ԷՐ ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ
ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոնում իր առաջին ռեժիսորական մեծ աշխատանքը ներկայացրեց ճանաչված դերասանուհի ու մանկավարժ, ՀՀ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Լալա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ:
20-րդ դարի համաշխարհային թատերգության բարդագույն ստեղծագործություններից մեկը` Կարել Չապեկի «Մայրը» դրաման աշխարհի բազմաթիվ նշանավոր թատրոննե րում է բեմադրվել, հրապուրել ու հետաքրքրել է շատերին: Այս պիեսը Կարել Չապեկը գրել է իր կնոջ հորդորով: Գրողի կինը տեսել է մեծ տաճարի առջև ծնկած կնոջը, ով ձեռքերը կարկառել էր երկինք: Տպավորվել էր, հուզվել... Հայ թատրոնում հաճախ են մտածել այս պիեսը բեմ բերելու մասին, սակայն այդպես էլ այն մեզանում բեմում իր արտացոլումը չի ունեցել: Միայն տարիներ առաջ Հեռուստաթատրոնում բեմադրվեց չապեկյան գլուխգործոցը, որտեղ Դոլորեսի դերում հանդես եկավ Վարդուհի Վարդերեսյանը: Եվ ահա պիեսն Ուսումնական թատրոնի բեմում է` Լալա Մնացականյանի բեմադրությամբ և դերակատարմամբ: Բեմադրությունն իրականացվել էր բուհի ուսանողների հետ` ստեղծելով պիեսի սեփական կոմպոզիցիան, որտեղից դուրս էր մնացել Պապի կերպարը: Ռադիոյից հնչող Տղամարդու ձայնին միավորվել էր նաև Կնոջ ձայնը, որը բեմադրիչի ներմուծումն էր` ազդեցիկ, տպավորիչ և հուզական: Պիեսի գաղափարը` պատերազմները ոչնչացնում են ամեն ինչ, մարդուց տանում ամենաթանկն ու նվիրականը` միաժամանակ նրա մեջ բարձր պահելով պարտքի զգացումը, հայրենիքը փրկելու անկոտրում հավատը` այս բեմադրության մեջ իր ինքնօրինակ արտացոլումն էր գտել: Պատերազմ ու կորուստներ տեսած ժողովրդի հայացքով էր նայել ստեղծագործությանը Լալա Մնացականյանը` կարծես նաև միավորելով-մեկտեղելով այն զգացողությունները, որոնք ծնունդ էին առել Արցախյան գոյամարտից: Ուրեմն, նրա պատկերացմամբ, Դոլորեսն ազգություն և կոնկրետ ազգային նկարագիր չունի. նա բոլորի մայրն է... Այն կինն է, ով տվել է ամեն ինչ, յուրովի հաշտվել կորուստների հետ, սակայն ուզում է մնալ իր փոքր զավակի` Տոնիի հետ` փարատելու համար իր մենակությունը: Բայց երբ տեսնում է, որ օղակը սեղմվում է, երբ վտանգված է հայրենիքի ապագան` ինքն է որդուն դրդում պատերազմ գնալ` այսպես կռվելով մայրական իր զգացումների, իր մենակության հետ...
Հանդիսատեսի ուշադրությունը սևեռված էր Լալա Մնացականյանի կատարմանը` չնայած ուսանող-դերասաններից ամեն մեկը յուրովի էր ընկալել ու ներկայացրել իր հերոսին: Հատկապես Լալա Մնացականյանին, որովհետև, բացի «Մհեր Մկրտչյան» թատրոնում ստեղծած Ֆիլումենա Մարտուրանոյի կերպարից, դերասանուհին գրեթե առիթ չէր ունեցել ներկայանալու բարդ հոգեբանական նկարագրի կերպարով, դեպի ողբերգություն միտվող կերպարով: Նրա կատարումը բազմաշերտ էր, ինքնատիպ, հագեցած հոգեբանական խորխորատներով, զարմանալի պոռթկումներով, դրամատիկական խաղի չափազանց ինքնատիպ դրսևորումներով:
- Այն, ինչ անում էր բեմում Լալա Մնացականյանը, հիացմունք էր ծնում: Նման դերակատարում ես շատ վաղուց չէի տեսել- ասաց պրոֆեսոր Աննա Հեքեքյանը
Հակիրճ, բայց խոսուն էր ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե Շահվերդյանի կարծիքը.
- Միայն պետք է շնորհավորել դերասանուհուն և ծափահարել... Այլ բան ասել չեմ կարող: