ՁԵՎԻ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈ՞ՒՄ


 

Սուպերմարկետ ունենալը մանրամեծածախ առևտրով զբաղվողների շրջանում համարվելու է բացառիկների առանձնաշնորհ, ու հավանական է, որ նման ցանցերի տերերին շատ շուտով իսկապես մատների վրա հաշվեն: Գործադիրի վերջին որոշումներից մեկով առևտրի վայրն առնվազն 600 քառակուսի մետր տարածք պետք է զբաղեցնի` սուպերմարկետ կոչվելու համար: Կարելի է ենթադրել, որ այն խանութները, որոնք, ժամանակի պահանջներին հարմարվելով, փոքր-ինչ ընդլայնվել ու բարեկարգվել էին և հավակնում էին սուպերմարկետ կոչվել, մրցակցությունից դուրս են մղվելու:

Հայտնի է դարձել, որ այսուհետև խոշոր առևտրի վայր համարվել-չհամարվելու խնդիրը կանոնակարգվելու է օրենքով, ու հավանական է, որ միջին ու փոքր խանութներին առաջիկայում հարկադրեն նաև ցուցանակները փոխել: Պարզից էլ պարզ է, որ նոր օրենքի ընդունումից հետո նման վաճառակետերը որքան էլ ձգտեն ընդլայնվել, միևնույն է, միանգամից մի քանի հարյուր մետր տարածք չեն կարող զբաղեցնել: Ավելին, շինությունն ընդլայնելու դեպքում ոչ այնքան մեծ խանութների տերերը այդչափ ահռելի տարածքն առատ տեսականիով չեն կարող լցնել:

Կարճ ասած` սուպերմարկետները, որոնք վաղուց էին ստանձնել առաջատարի դերը, ամրապնդում են իրենց դիրքերը: Ավելին, բացի մայրաքաղաքից, երևի թե մեկ էլ հանրապետության մի քանի խոշոր քաղաքներում հնարավոր կլինի նման մեծության վաճառակետեր բացել: Արդեն իսկ դժվար չէ ենթադրել, թե դիցուք Գյումրիում կամ Վանաձորում ովքեր կստանձնեն սուպերմարկետ բացելու նախաձեռնությունը: Թեև մեծ հաշվով նոր «Սթարների» ու «Երևան-Սիթիների» ի հայտ գալը չէ սույն նորարարության առաջացնելիք ամենամեծ խոչընդոտը: Միևնույն է, այդպիսիք արդեն բացվել են բոլոր հնարավոր վայրերում ու ավելի ընդլայնվելու տեղ կարծես քիչ է մնացել:

Տեղի ունենալիքը կարճ ժամանակահատվածում բավական ուժեղ հոգեբանական ներգործություն կարող է ունենալ գնորդի վրա: Օրինաչափ է, որ գնորդները գերազանցապես սուպերմարկետներն են նախընտրում: Ու եթե տվյալ խանութը ոչ թե 600, այլ ասենք` 400 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում` զրկվում է հայտնի օլիգարխներին պատկանող առևտրի օբյեկտների կարգավիճակից: Ուրեմն զրկվելու է նաև զգալի թվով հաճախորդներից: Ինչ վերաբերում է մարզերին, ապա հաշվի առնելով բնակչության թվաքանակն ու գնողունակության ավելի ցածր մակարդակը, սուպերմարկետների նպատակահարմարությունն է վերանում (թերևս` չնչին բացառությամբ):