Վիթխարի պարտքեր կուտակելու վտանգները


 

Սա պետք է որ ՀՀ իշխանությունների համար լուրջ հետևությունների առիթ դառնա: Չէ՞ որ մեր արտաքին պարտքը տարեցտարի աճում է ահագնացող տեմպերով: Եվ եթե Եվրամիության անդամ երկրները կարող են հայտնվել ֆինանսատնտեսական փլուզման առջև, ապա մեր երկիրն էլ անհեռատես քաղաքականության դեպքում վտանգավոր իրավիճակում կարող է հայտնվել:

Հունաստանի խորհրդարանը հավանություն տվեց գործադիրի ներկայացրած օրինագծին, որը նախատեսում է անցում խնայողական խիստ ռեժիմի: Դա նշանակում է ոչ միայն աշխատատեղերի զգալի կրճատումներ, այլև` կենսաթոշակառուների և պետական սեկտորի աշխատողների ստանալիք գումարների պակասեցում: Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է` Հունաստանը կանգնած է դեֆոլտի եզրին, ինչը խիստ մտահոգություն էր առաջացրել Եվրամիության առանցքային երկրներում: Խնդիրն այն է, որ դա կարող էր շղթայական ռեակցիա առաջացնել Եվրամիության մի շարք երկրներում` սնանկացման վտանգ սպառնալով Իտալիային, Իսպանիային և այլ պետությունների: Իսկ Եվրագոտու ճգնաժամի տարածումը կնշանակի, որ եվրոն մոտ ապագայում կդադարի միջազգային արժույթ լինելուց: Այդ էր պատճառը, որ Ֆրանսիան, Գերմանիան, Արժույթի միջազգային հիմնադրամը խոստացան մարել Հունաստանի պարտքերի որոշակի մասը` եթե այդ երկիրը զգալիորեն կրճատի իր բյուջեն: Իհարկե, դա հնարավոր չէր անել առանց բնակչության սոցիալական վիճակի նկատելի վատթարացման: Երկար կամ ու կացից հետո վերջապես Հունաստանի գործադիրը, իսկ այսօրվա դրությամբ նաև օրենսդիրը ընդունեցին խիստ հակապոպուլիստական որոշում: Վերջին երկու օրերին Աթենքում ժողովրդական հուզումները սաստակացել են: Զայրացած ժողովուրդն այրում է խանութները, ավտոմեքենաները: Երեկ վերլուծաբանները արդեն կանխատեսում էին, որ առայժմ լոկալ բնույթ կրող բողոքի ակցիաները հնարավոր է փոխարկվեն համաժողովրդական ապստամբության: Ցավալին այն է, որ նույնիսկ արևմտյան փորձագետների կանխատեսմամբ` Հունաստանի բյուջեի կրճատումները չեն կարող փրկել երկիրը վերջնական սնանկացումից. պարզապես մի փոքր կհետաձգեն անխուսափելի դեֆոլտը: