Ակունքներից է հարստանում երգը


Եթե Օֆելյա Համբարձումյանը լիներ դատավոր, ապա մահվան կդատապարտեր բոլոր այն մայրերին, ովքեր իրենց նորածիններին թողնում են աղբարկղերի մոտ: - Կինը ծնված է լավ մայր լինելու համար,- ասում է երգչուհին: Ինքն էլ հպարտանում է իր զավակներով: Ծանոթանալով երգչուհու հետ, ճանաչեցի մի մեծ երաժշտական ընտանիքի նվիրյալ անդամներին: Ամուսինը` Նորայր Հովհաննիսյանը, վաստակավոր երաժիշտ է, Հովիկ Հովհաննիսյան որդին` ջութակահար, իսկ դուստրը` ինքնատիպ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանն է: Մեծ սիրո ու փոխադարձ հարգանքի շնորհիվ ընտանիքում միշտ պահպանվել է համերաշխությունը: Եվ այն տարածված կարծիքը, թե արվեստագետների ընտանիքները հիմնականում կայուն չեն, նա չի ընդունում: Կյանքը համարում է ամենահրաշալին: - Պետք է կարողանալ դիմադրել, ինչքան հրաշքներ, այնքան էլ վատ երևույթներ կան,- ասում է երգչուհին: Երգարվեստի նվիրյալ լինելուց զատ նա իրեն համարում է տնտեսուհի, ով ամեն բացվող նոր օրվա հետ հոգում է ընտանիքի անդամների հոգսերը և, նախքան իր սնվելը, կերակրում է բակի կենդանիներին: Չի կարող անհաղորդ մնալ Երևանին ոչ այնքան հարիր նորակառույցների չափազանցված առատությանը: Առավել ևս, երբ դրանք «ծլում» են ծառերի տեղերում ու դրանց փոխարեն: Ցավով է նայում, երբ վնասում են կենդանիներին... ...Ակնածանքով ես նայում նրա բարի հայացքին ու հարգանքով լցվում այդ փխրուն տիկնոջ հանդեպ: Լինելով հայ երգարվեստի երախտավոր, երբեք չի խառնվել քաղաքականությանը` այն համարելով փոփոխական: Սակայն տարիների փորձով համոզվել է, որ կանայք նույնպես պետք է զբաղվեն քաղաքականությամբ: Չէ՞ որ կինը զգայուն էակ է, կարող է կարեկցել ու ճիշտ ուղղություն ցույց տալ: Բայց և կինը մնում է կին` լինի քաղաքագետ, թե արվեստագետ ... Հուրախություն Օֆելյա Համբարձումյանի արվեստի երկրպագուների` անխաթար է մնացել երգչուհու թավշյա ձայնը: Այսօր արդեն ժողովրդական, գուսանական երգի պակասը բավականին զգացնել է տալիս: Մտահոգություն կա, որ ժողովրդական երգը կարող է մոռացվել: Երգչուհու ցանկությունն է, որպեսզի ավելի հաճախ հնչեն ժողովրդական, գուսանական երգեր: Այն երգերը, որոնք ձայնագրվել են և բուռն ընդունելություն գտել տարիների ընթացքում, պետք է վերստին հնչեն, որպեսզի նոր սերունդը ընկալի ժողովրդական երգի հոգին: Տաթևիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ Ընթերցողի գրադարակը հարստացավ կենսաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Ավագյանի «Նշանավոր հայուհիներ» գրքով, ուր ընդգրկված են վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը ստեղծագործած և ստեղծագործող 300-ից ավելի հայուհիների համառոտ կենսագրականները: Այն անհատների, ովքեր իրենց գործունեությամբ նպաստել են հայ ժողովրդի գոյատևմանն ու փառաբանմանը: -Կնոջ մեծագույն պատիվը բնության կողմից տրված մայրության շնորհն է, -նշում է Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը և հավելում, -հայ կնոջ համարձակությունն է տղամարդուն մղում խիզախումների: Գրքում բերված են նաև ծանոթագրություններ` բոլոր այն վայրերի, կազմակերպությունների, պետական կառույցների վերաբերյալ, որոնց առնչվել են հայուհիները: Հեղինակի հավաստմամբ` - Գրքում ընդգրկված նշանավոր հայուհիների կազմը, բնականաբար, չի կարող ամբողջական համարվել: Շատ ու շատ նշանավոր հայուհիներ ընդգրկված չեն ներկա հատորում: Կենսագրական այս «բառարանը» ստեղծել ենք հիմնականում մոռացության ծածկույթից վեր հանելու ազգասեր, ազգապահպան մեր ժողովրդի արժանի դուստրերի մի մասին, որոնց նվիրվածությունը, օրինակ պիտի ծառայի ներկա և գալիք սերունդներին: Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ