Նոր սարքավորումներ` հոսպիտալին


Հայոց բանակի 15-ամյա տարելիցը նշանավորվեց մեծ առաջընթացով և նորանոր ձեռքբերումներով: Այսօր հպարտորեն կարող ենք ասել, որ ունենք կայացած բանակ, որի հաջողություններից անմասն չէ նաև նրա կարևոր օղակներից մեկը` ՊՆ ռազմաբժշկական վարչության կենտրոնական կլինիկական հոսպիտալը, որն օրեցօր համալրվում է արդիական պահանջներին համապատասխան սարքավորումներով: Վերջերս նորագույն տեխնիկայով և ժամանակակից սարքավորումներով վերազինվեց հոսպիտալի ևս մեկ` ռենտգեն-ախտորոշման ֆլյուորոգրաֆիկ բաժանմունքը: Արդեն վերանորոգված և կահավորված սենյակներում տեղադրվեցին նոր ապարատներ, որոնցից ամենակարևորը Siemens Somatom Emotion մակնիշի համակարգչային տոմոգրաֆն է, որի վրա հնարավոր է կատարել համաշխարհային չափանիշներին համապատաս խանող զանազան հետազոտություններ: Բաժանմունքի վարիչ, փոխգնդապետ Ալեքսանդր ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ուրախությամբ նշում է, որ այն հրաշալի նվեր է ոչ միայն հոսպիտալին, այլև ամբողջ Հայոց բանակին: - Ամբողջ հետազոտությունների սպեկտրը մենք կատարում ենք տեղում և շատ բարձր մակարդակով: Հիմա և մեր գործն է հեշտացել, և հիվանդների: Աշխատում ենք անել հնարավորը. որքան զինվորի մոտ շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան շուտ կապաքինվի և կվերադառնա զորամաս` կատարելու իր պարտքը հայրենիքի առջև: Երկրորդ կարևոր սարքավորումը, որ ստացավ բաժանմունքը, Siemens Teonos RIOO մակնիշի թվային բազմապրոֆիլ ռենտգենյան ապարատն է, որը նույնպես համապատասխանում է համաշխարհային բոլոր չափանիշներին: Կատարում է լայն սպեկտրի ռենտգենյան և տոմոգրաֆիկ հետազոտություններ, նաև ունի հնարավորություն` ավտոմատ ձևով երևակելու ռենտգենյան ժապավենները: - Կենտրոնական կլինիկական հոսպիտալի ամենակարևոր ուղղություններից մեկը նրա վերազինումն է բժշկական նոր սարքավորումներով: Այդ ուղղությամբ բավական մեծ աշխատանքներ են կատարվել: Պաշտպանության նախարարությունը ջանք չի խնայում, և այս տարի բավականին շատ սարքավորումներ ենք ստացել: Այս անգամ հերթը ռենտգեն-ախտորոշման բաժանմունքինն էր, որը լիովին վերանորոգված սպասում էր նոր սարքավորումներով համալրման: Եվ ահա առաջին կարևոր նվերը` համակարգչային տոմոգրաֆը, որը խիստ անհրաժեշտ էր մեզ, քանի որ մենք հսկայական գումար էինք վճարում` հիվանդների հետազոտությունները դրսում կատարելու համար: Շնորհիվ այս նոր սարքավորումների` մենք խնայում ենք և գումարը, և ժամանակը: Մեր հիվանդներին այլևս չենք ուղարկում ուրիշ առողջական կենտրոններում ախտորոշվելու: Ամեն ինչ կատարվում է տեղում և մակարդակով: Շատ կարևոր է նաև թվային բազմապրոֆիլ ռենտգենյան ապարատը, որի օգնությամբ մեր բոլոր զինծառայողները ենթարկվում են ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների, - ասում է հոսպիտալի պետ, գնդապետ Սուրեն ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ և ավելացնում, որ նոր սարքավորումները նոր պահանջներ են առաջ բերում: Ուստի այդ սարքավորումներով աշխատողները պետք է անընդհատ վերազինեն իրենց գիտելիքները: - Մեկ հոգու ուղարկել ենք վերապատրաստման: Շուտով երկուսն էլ կգնան: Ի վերջո, մեր բոլոր զինվորներն այստեղ անցնում են փորձաքննություն, և այդ հետազոտությունները մեզ համար խիստ կարևոր են թե° բուժական, թե° փորձաքննական մակարդակով: Բաժանմունքի վարիչ փոխգնդապետ Ալեքսանդր Դանիելյանը երկար ժամանակ աշխատում է այս համակարգում: Մեծ փորձ ունի, իր աշխատանքում պրոֆեսիոնալ է և, բնականաբար, նրա աշխատանքը մեզ գոհացնում է,- ասաց հոսպիտալի պետը: Ռենտգեն-ախտորոշման ֆլյուորոգրաֆիկ բաժանմունքի բոլոր աշխատողներն էլ որակյալ են և աշխատում են սիրով ու պատասխանատվությամբ: Իրենց գործի գիտակ են մայոր Հովհաննես Վերանյանը, բժիշկ Եվա Միրզոյանը, տեխնիկ Համլետ Ջրաղացպանյանը և մյուսները: Նորերն են գալիս և նույն ձևով շարունակում են: Չէ՞ որ այս բաժանմունքի լավ աշխատանքով է պայմանավորված հիվանդի հետագա ճիշտ բուժումը: Այս գիտակցումով են իրենց գործը կատարում բաժանմունքի վարիչ, հմուտ և փորձառու մասնագետ Ալեքսանդր Դանիելյանը և նրա ենթակաները:

Գալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ