Այ թե ովքեր են դատողները


- Մեր շախմատիստները մի ժամանակ Վանո Սիրադեղյանի կուսակցությունից էին: Նկարը թերթում տեսել եմ: Նրանք հիմա իրենց ձայները տալիս են ՀՀԿ-ին: Բնական է, որ Սերժին պիտի տան, բա հո ինձ չէի՞ն տալու: Ֆեդերացիա կա, բան կա... Լրագրողներից մեկը հուշում է, որ թերթի նկարը բոլորովին ուրիշ իմաստ է ունեցել: - Հա՞, ուրեմն ես սխալ եմ հասկացել: Սա մի դրվագ է թերթը կարդալու փոխարեն նկարներին նայող ու սխալ հասկացող-սխալ մեկնաբանող Ազատական Առաջադիմական կուսակցության նախագահ Հովհ. Հովհաննիսյանի` լրագրողների հետ հանդիպումից: Մի այլ դրվագում նա ո°չ ավելի, ո°չ պակաս հայտարարում է. - Եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինեն քաղաքական, ապա ես մեծամասնական ընտրակարգով պայքարում կհաղթեմ, իսկ եթե լինի կրիմինալ` կպարտվեմ, որովհետև մի ամբողջ կյանք ես ապրել եմ այդտեղ: Կարծում ենք, որ իշխանությունները պետք է ի գիտություն ընդունեն այս փաստը և, եթե չեն ուզում, որ միջազգային ատյաններում վատ որակավորում ստանան մեր ընտրությունները, պետք է ամեն ինչ անեն` Հովհ. Հովհաննիսյանին ձայներով ապահովելու համար: - Հայաստանում պետք է ձևավորել լեգիտիմ, ճիշտ ընտրված Ազգային ժողով, լեգիտիմ, մաքուր ընտրված Հանրապետության նախագահ և գործադիր իշխանություն: Սա չանելու դեպքում մենք կկորցնենք էն, ինչ դեռ չենք կորցրել, իսկ մենք շատ բան ենք կորցրել: Մնացել է բավականին քիչ բան կորցնելու և գուցե դա էլ կկորցնենք,- զգուշացնում է Ազատական Առաջադիմական կուսակցության նախագահ Հովհ. Հովհաննիսյանը: Շարունակելով թեման` գլխավոր առաջադիմականը նկատում է` - Ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու պատճառով 2003-06 թթ. մեզ ուղղակի դուրս շպրտեցին տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներից: Մենք դուրս մնացինք Բաքու-Ջեյհանից, Կարս-Ախալքալաք երկաթուղու նախագծից, Ասիա-Եվրոպա մագիստրալից, որ հիմա կառուցվում է: Դրա պատճառը ղարաբաղյան կոնֆլիկտը չէ, որ մատնանշում են մեր իշխանությունները: Կա նաև ո°չ լեգիտիմ իշխանությունների խնդիրը, ո°չ լեգիտիմ ընտրությունների խնդիրը: Մեր Հանրապետությանը վերաբերող արտաքին մարտահրավերների թվում Հովհ. Հովհաննիսյանը նկատում է նաև Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին, որը մեզ համար հղի է վերջնական շրջափակման ենթարկվելու ահեղ վտանգով, եթե, իհարկե, մենք չընդգրկվենք ՆԱՏՕ-ի կազմի մեջ: - Վրաստանը դառնում է ՆԱՏՕ-ի անդամ, պրակտիկապես փակում է Հայաստանի բոլոր սահմանները: Թուրքիայի, Ադրբեջանի հետ Վրաստանը դառնում է ՆԱՏՕ-ի անդամ և որակապես փոխում է մեր հարաբերությունները: Հիմա ինչ ունենք` էլ չենք ունենալու: Ժամանակին չէին հավատում նաև Բաքու-Ջեյհանին: Օսկանյանն ասում էր` սուտ է, Բաքվում նավթ չկա: Նորմալ երկրում այդպիսի նախարարը հրաժարական կտար: Օգտվելով նորմալ երկրի մասին բացված խոսակցությունից, «Ավանգարդը» նրան հարցրեց. - Մինչև առաջադրումների ավարտը Դուք կանխատեսել էիք, որ ընդդիմությունը ընտրությունների կգնա միավորված` երեք կամ չորս բլոկով: Նորմալ երկրում քաղաքական գործչի քաղաքական գործընթացների սխալ կանխատեսումը չի՞ հանգեցնում արդյոք նրա վարկանիշի նվազմանը, և արդյո՞ք նրա մռայլ կանխատեսումները, կապված Վրաստանի հետ ապագա հարաբերություններին, չի կարելի դասել նույն շարքում: - Դուք ճիշտ եք, ես կանխատեսել էի, բայց որ ընդդիմությունը չմիավորվեց, ես ի՞նչ մեղք ունեմ: Իսկ եթե դրանից իմ վարկանիշը պետք է նվազի` թող նվազի: Ինչ վերաբերում է Վրաստանի հետ ապագա հարաբերություններին, դա կանխատեսում չի, դա փաստ է, իրականություն: Հայաստանը ԱՊՀ երկրների հետ հարաբերվում է տնտեսական, քաղաքական մի° բանաձևով, ՆԱՏՕ-ի անդամների հետ` մի: Երկրիս թիվ 1 ազատական-առաջադիմականը, փորձելով «բացատրելի» դարձնել իշխանական բուրգում իր երբեմնի գոյությունը, սեփական մեծահոգությունն է մատնանշում. ինքն ընդամենը թույլ է տվել, որպեսզի իր գիտելիքներն ու փորձն օգտագործվի հանուն... ժողովրդի: Օգտագործվելն, իրոք, օգտագործվել է, բայց` արդյո՞ք փորձն ու հմտությունները: Եվ այն էլ` արդյո՞ք ի շահ ժողովրդի այն խավերի, որն այսօր քաղաքական շահերից զերծ շարքային ընտրազանգված է կոչվում: Պարոն Հովհաննիսյան, Դուք էլ գիտեք, որ թիկնաթոռները (ցանկացած ձևաչափի) Ձեզ համար ևս նախընտրելի են ամեն ինչից: Եվ առաջին հերթին` հենց հասարակ մարդկանցից: Իսկ ժողովրդի հիշողությունը այնքան էլ խամրած չէ, որքան թվում է...

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ