Մենք ամենուրեք տեղ ունենք


Որքան էլ զարմանալի է, սակայն շուտով ԱԺ փոխխոսնակի աթվոռին հրաժեշտ տվող Վահան Հովհաննիսյանն իր արած ու չարած գործերն ամփոփելու փոխարեն իշխանափոխության կոչեր է հնչեցնում: - Ես չեմ խոչընդոտում ժողովրդին իշխանափոխություն կատարելու հարցում, ես կոչ եմ անում իշխանափոխության: Ես այդ կոչը միշտ էլ արել եմ: Իշխանափոխությունն արդար ճանապարհով, առանց հիստերիայի ու բախումների, նորմալ, բնական երևույթ է: Եթե ժողովուրդը գտնում է, որ պետք է իշխանափոխություն, ապա պետք է անի` չսպասելով` թույլ կտա՞ն, թե ոչ: Ժողովրդին չխոչընդոտող ԱԺ փոխնախագահն իրո՞ք ուներ չխոչընդոտելու կամ դրան նպաստելու լծակներ, որոնք այդպես էլ չկիրառվեցին ԱԺ նիստերում իշխող անարխիան «սանձելու» նպատակով, թե՞ արդեն ազատ է արտահայտվելու մի բանի մասին, ինչի համար պատասխան չի տալու: Ըստ նրա` խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններից մեկը քաղաքական ուժերի, դրանց առաջնորդների համար նախագահական ընտրություններին այսօրվանից նախապատրաստվելն է. - Եկող խորհրդարանն ավելի լուրջ դերակատար է լինելու երկրի քաղաքական կյանքում, որից նրա հեղինակությունն ավելի է աճելու: Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ բարեգործությունը ՀՅԴ-ի համար մեթոդ չէ, թեև ՀՕՄ-ը տարիներ շարունակ ծավալել է բարեգործություն, այնուամենայնիվ, չի մասնավորեցրել ընտրական տարիները և բարեգործությունը չի վերածել «առևտրի». - Եթե մեկին բարիք ես գործում` ոչինչ չակնկալելով, ապա դա բարեգործություն է, իսկ եթե շենքի վերելակը վերանորոգելով ակնկալում ես բնակիչների քվեն, ապա դա այլ բան է, հատկապես, երբ դրանք կատարվում են ոչ արդար քրտինքով ձեռք բերած գումարներով: Ըստ նրա, նախընտրական տեխնոլոգիաները, որոնցում սոցիոլոգների դերն առանձնակի մեծ է, լուրջ վնասում են իրենց` դաշնակցականների դիրքերը: Քաղաքական նպատակներ հետապնդող որոշ լրատվամիջոցների և սոցիոլոգների միտումնավոր կանխատեսումներն ուղղված են ՀՅԴ-ի քաղաքական վարկանիշի նվազեցմանը. սոցհարցումների «երևակայական» ցուցանիշներով փորձում են ազդել մարդկանց պատկերացումների վրա: - Ի դեպ, սոցիոլոգները մեզ առաջարկել են իրենց ծառայությունները, իհարկե, որոշակի գումարի ակնկալիքով, սակայն մենք դրա կարիքը բոլորովին չունենք,- ասում է Վ. Հովհաննիսյանը: Նա մտացածին է համարում նաև այն կարծիքը, թե հիմնական պայքարն ընթանում է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, իսկ ՀՅԴ-ն գրեթե անտեսված է, սակայն` - Նման լուրեր տարածողները պայքարը պատկերացնում են միայն մեկ հարթության վրա` թե ով ավելի շատ շտաբ է դրել և կենտրոնական ո՞ր փողոցներում: Այնինչ մոռանում են ամենակարևորի` գաղափարական պայքարի մասին: Իսկ ՀՅԴ գաղափարական պայքարի ենթատեքստում պարզորոշ երևում է նրա հեռահար նպատակը` ՀՀ նախագահի ընտրություններում սեփական թեկնածուի առաջադրումը: Ամենայն հավանականությամբ այդ թեկնածուն Վահան Հովհաննիսյանն է լինելու, ինչի մասին նա առայժմ փակագծերը բացելու մտադրություն չունի: - Մենք պաշտպանելու ենք մեր թեկնածուին, ում կառաջադրի ՀՅԴ բյուրոն: Չեմ կարող ասել, դա ե՞ս կլինեմ, թե` ոչ: Այն, որ ՀՅԴ քարոզարշավի ցուցապաստառների համար մայրաքաղաքի շենքերի պատերին այլևս ազատ տեղեր չկան, ԱԺ-ի փոխխոսնակին չի մտահոգում: Դրա փոխարեն նա սրտացավ է «կեղտի մեջ կորած» մայրաքաղաքի մաքրության համար, ինչի մեղավորները` թաղապետները, ըստ նրա` բան ու գործը թողած ընդգրկվել են նախընտրական բանակցությունների և մրցավազքի մեջ: Հակադարձը չուշացավ: Դավիթաշենի թաղապետ Սուրիկ Ղուկասյանը առաջարկեց Վահան Հովհաննիսյանին ապրել մի ուրիշ քաղաքում կամ կուսակիցների հետ մասնակցել թաղապետների աղբահավաքներին և հետո միայն կենցաղավարության դասեր տալ:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ