Չորրորդ գումարման Ազգային ժողովի ուրվագիծը


Եթե քննելու լինենք խորհրդարանական առաջիկա ընտրությունների ներկա գործընթացները, կնկատենք, որ ընտրությունների ելքը` մեծ հաշվով, արդեն տեսանելի է, և նոր Ազգային ժողովի ուրվագիծը, կարծես, նշմարվում է: Դրա սկիզբը դրեց ՀՀ նախագահը անցած տարեվերջին երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում` նշելով քաղաքական այն ուժերը, որոնց կցանկանար տեսնել իշխանության մեջ: Դրանք են առաջին հերթին ՀՀԿ-ը, ԲՀԿ-ը և ՀՅԴ-ն ու ՄԱԿ-ը: «Ես ենթադրում եմ, որ ապագա Ազգային ժողովը և կառավարությունը կարող են որոշակի ձևաչափի ներքո ձևավորվել այս շրջանակներում»,- հայտարարեց Ռ. Քոչարյանը, ըստ էության, հասկացնելով, որ ապագա կառավարությու նը նույնպես կոալիցիոն է լինելու` հանձին վերոհիշյալ քաղաքական ուժերի: ՀՀ նախագահի այս հայտարարությունից հետո ընդդիմադիր դաշտում գործող ուժերի շրջանում սկսվեց խորհրդարան մտնելու համար հինգ տոկոսանոց արգելքը հաղթահարելու նոր ռազմավարության ու մարտավարության փնտրտուքը: Փորձ արվեց տարբեր նախաձեռնությունների միջոցով համախմբել ծվեն-ծվեն եղած ընդդիմադիր դաշտի ներուժը: Այդ նախաձեռնություններից, առաջին հայացքից, հասարակության կողմից ընդունելի լինելու և հաջողություն ունենալու առումով առավել լուրջ կարող էր ընկալվել թերևս «Այլընտրանքը»: Սպասվում էր, որ, ի տարբերություն մյուսների, որոնք փորձում էին հասարակությանն ակտիվացնելու համար խաղարկել վերջինիս ամենասուր` սոցիալական խնդիրները, «Այլընտրանքը» կփորձի հասարակությանը հուզող խնդիրների այլընտրանքային լուծումներ առաջարկել: Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ «Այլընտրանքը» ընդամենը կրկնում է ընդդիմադիր դաշտում գործող ուժերի անցած ճանապարհը, ինչի արդյունքն այն է, ինչ ունենք այսօր` ինչ-որ տեղ` մոլորված, ինքն իրեն չգտնող ընդդիմություն և, որ ամենացավալին է, ընդդիմության մի որոշակի հատվածի ներսում վատ քողարկված պայքար է ծավալվել իշխանություններին, կերակրատաշտին հնարավորինս մոտ գտնվելու համար: Ընդդիմության` միավորվելու ֆիասկոյի վերջին ակորդը, թերևս, «Այլընտրանքի»` ընտրական «Իմփիչմենթ» միավորում նախաձեռնելն էր: «Քաղաքական ընդդիմությանը միավորող միակ գաղափարը Քոչարյանի «իմփիչմենթի» հարցն առաջադրելն է»,- «Իրավունքին» տված հարցազրույցում ասել է «Այլընտրանքի» նախաձեռնող խմբի անդամ Վահագն Խաչատրյանը: Նա համոզմունք է հայտնել, թե կհասնեն էական արդյունքի, եթե կշիռ ու ազդեցություն ունեցող 5-6 կուսակցություններ արձագանքեն իրենց առաջարկին և իրենց շուրջը համախմբեն նոր կուսակցությունների: Հինգ-վեց կուսակցություններ ասելով Վ. Խաչատրյանը նկատի է ունեցել ՀԺԿ-ին, «Հանրապետությանը», ԱԺՄ-ին, «Ժառանգությանը», «Նոր ժամանակներին», ՀՀՇ-ին և այլն: Սակայն այս կուսակցություններից ոչ մեկը չմիացավ «Իմփիչմենթ» ընտրական միավորմանը: Ըստ էության, «Այլընտրանքը» հասարակությանը հուզող խնդիրների այլընտրանքային լուծումներ առաջարկելն, իրականում, Ռ. Քոչարյանի «իմփիչմենթի» պահանջով սահմանափակվեց: Մի բան, որը 2003-ից ի վեր վանկարկում է ընդդիմությունը, որի միակ «հաջողությունը» 2004 թ. մայիսի 11-12-ին Բաղրամյան պողոտայում կերած ծեծու ջարդն էր: Վերոհիշյալ քաղաքական ուժերը որոշել են առանձին-առանձին մասնակցել ընտրություններին, իրենց հաշվարկներում, գուցե, հենվելով ընտրազանգվածի մոտ ընդդիմադիր կեցվածք ունենալու վրա: Սակայն փորձը ցույց է տալիս, որ միայն ընդդիմադիր արտաքին կեցվածքը ոչինչ չի տալիս: Տարիներ շարունակ խոսելով համակարգային փոփոխության, լավագույն դեպքում` մարդկանց գիտակցության մեջ հեղափոխության ու այդ ամենի արդյունքում Ռ. Քոչարյանի իմփիչմենթի անհրաժեշտության մասին, ընդդիմությունն ուրիշ ոչինչ չի առաջարկել հանրությանը և այսօր էլ, ցավոք սրտի, չի առաջարկում: Ընդդիմադիր դաշտում համեմատաբար նոր ուժ է թերևս ՕԵԿ-ը: Վերջինս իր օգտին ընտրազանգվածի որոշակի տոկոս կարող է ունենալ մասնավորապես խորհրդարանում ԽՍՀՄ խնայբանկում քաղաքացիների ավանդների վերադարձման հարցը օրակարգ մտցնելու, շարքային մարդկանց ականջը շոյող, ամբոխավարական, պաթետիկ ելույթների շնորհիվ: Թերևս նույնը, որոշ վերապահումներով, կարելի է ասել նաև «Ազգային միաբանության» մասին: Բացի այդ, կա մի իրողություն ևս, որը կստիպի իշխանություններին առնվազն չխանգարել հիշյալ երկու կուսակցությունների մուտքը նոր ԱԺ: Ժողովրդավարության սկզբունքները պահանջում, թելադրում են խորհրդարանում ընդդիմության ներկայությունը: Հարց է` ինչպիսի՞ ընդդիմության: Ցանկացած իշխանության համար նախընտրելի է կառուցողական և ոչ արմատական ընդդիմությունը: Իսկ ՕԵԿ-ը իշխանական շրջանակներում հենց այդպիսի հնազանդ քաղաքական ուժի համարում ունի: Իշխանությունների համար, որոշ իմաստով, թերևս կանխատեսելի ուժ է «ԱՄ»-ն: Ընդդիմադիր դաշտի քաղաքական մյուս ուժերի մեծամասնության համար խորհրդարան մուտք գործելն, ամենայն հավանականությամբ, կդասվի չիրականացած երազանքների շարքում: Բանն այն է, որ խորհրդարանական ընտրություններում առկա է նաև իրեն կենտրոնամետ հռչակած Կարապետիչի գործոնը: Մանրամասնությունների մեջ չխորանալով, թերևս, կարող ենք համոզված լինել, որ Կարապետիչը կտանի ընդդիմության ձայների մոտ 50 տոկոսը: ՀՀԿ-ն և իշխանական թևի համարում ունեցող ԲՀԿ-ն ԱԺ-ում ամենաշատ տեղերին հավակնելու համար պահանջված և° ֆինանսական, և° քաղաքական բավարար ռեսուրս ունեն: ՀՅԴ-ն իր կայուն ընտրազանգվածով գոնե 5 %-ի նշաձողը հաղթահարող քաղաքական ուժ է: ՄԱԿ-ի պարագայում ամեն ինչ այնքան հստակ չէ, ինչպես վերը թվարկված ների դեպքում: Այսպիսով, այսօր արդեն որոշ վերապահումներով տեսանելի է ՀՀ չորրորդ գումարման ԱԺ-ի ուրվագիծը. իշխանության մեջ կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՄԱԿ-ը: Խորհրդա րանական ընդդիմության մանդատներին կտիրանան ՕԵԿ-ը, ԱՄ-ն, չի բացառվում նաև «Դաշինքը», իսկ բոլորի մեջտեղում` Կարապետիչը` իր շքախմբով (վերջինիս թիվը դեր չի խաղում):