ՈՎ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ


Կռահեցիք, այսօրվա մեր հերոսները դարձյալ պատգամավորացուներն են: Իսկ հարցադրումն էլ, փաստորեն, մեկ և ուղիղ պատասխան ունի` ընտրվել: Այսուհանդերձ, կրկին վերլուծելով նախընտրական ցուցակները` «հաստատուն» թվացող սույն եզրահանգման հետ մասնակիորեն կարելի է համաձայնել: Ահավասիկ, առաջադրումների փուլը դեռ նոր է ավարտվել, բայց ոմանք արդեն շտապում են վաղաժամ ինքնաբացարկի մասին հայտարարել: Եվ ընտրապայքարից հեռացող ների` մամուլին փոխանցած մեկը մյուսից անհեթեթ «հիմնավորումներին», բնականաբար, ընդհանրապես չարժե ուշադրություն դարձնել, քանի որ նախընտրական առևտրի մասին խոսակցություններն այս դեպքում նույնպես որևէ առարկություն չեն հանդուրժում: Ասել է թե` բարձր արժեքների ու գաղափարների մասին շռնդալից ճառերը արդեն իսկ անպետք բաներ են դառնում` ինքնաբացարկի հանգեցնող անփառունակ ինքնավաճառքի դիմաց: Պայքարից վաղաժամ հեռացողներին, իհարկե, կարելի էր անտեսել, եթե գործը միայն «չվող» մեծամասնականներով ավարտվեր: Ինչպես հայտնի է, մրցասպարեզը լքելու «սպառնալիքներ» են սկսում հնչել արդեն նաև որոշ կուսակցությունների կողմից: Անկասկած, որևէ մեկը հենց այնպես չի ցանկանում հեռանալ խորհրդարան տանող ճանապարհից` հրաժարվելով թեկուզև հենց այնպես մաքառելուց: Լավ գիտենք, որ քարոզարշավը սրանց տարերքն է, և միայն դոլարակույտերը կարող են փակել որոշների ախորժակը... Գաղտնիք չէ, որ ընտրությունների ընթացքում մի քանի հարյուր միլիոն դոլար է ծախսվում քարոզչական նպատակներով, կամ էլ ընտրակաշառքներ բաժանելու համար: Բնականաբար, սրան զուգահեռ աճում է նաև այս կամ այն կերպ քարոզարշավին առնչվող շրջանակների` նշված գումարներից իրենց բաժինն ունենալու գայթակղությունը: Արդյունքում առաջ են գալիս նպատակն իրագործելու բազմապիսի հնարքներ: Իսկ ընթացիկ քարոզարշավի հպանցիկ դիտարկումն անգամ վկայում է, որ մեզանում սույն գործընթացը տարեցտարի ավելի ու ավելի ամուր հիմքերի վրա է դրվում: Հեռանկարն էլ խոստումնալից է. ի վերջո, աստիճանաբար քարոզարշավի (և ոչ միայն) վրա հայրենի քաղգործիչներն ու նրանց «տերերն» ավելի մեծ գումարներ են ծախսում: Իսկ գումարների ահռելի չափն էլ իր հերթին մեծացնում է դրանց հասնելու հավանականությունը: Բոլորովին պատահական չէ, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացրել են գրեթե բոլոր արդեն նախկին դարձող պատգամավորները: Մարդիկ, ովքեր լավ են տիրապետում պատգամավոր դառնալու արվեստին: Կասկածից վեր է նաև, որ նոր ինքնաբացարկները նույնպես գերազանցապես հօգուտ վերջիններիս են արվելու: Սա նաև այն դեպքն է, երբ առաջարկն է ծնել պահանջարկ: Կուսակցական մարդաորսը, որն այս ընտրություններից առաջ անգամ ամենահամեստ հաշվարկներով գերազանցեց բոլոր նախորդներին, ոչ այլ ինչ է, քան քաղաքական առևտրի ժամանակակից տարատեսակ: Եթե ավելի որոշակիացնենք, ապա մի դեպքում առևտուրը ուժեղ և թույլ պատգամավորության թեկնածուների միջև է կայանում, մյուս դեպքում` ամեն գնով խորհրդարան սպրդել ձգտողների և հավանական ընտրազանգվածի: Այստեղ վտանգավոր ոչինչ չկա, բայց միայն` առաջին հայացքից: Ի վերջո, «պայքարի»` նման գործելաոճը զոռբայությամբ քվեարթերթիկներ լցոնելու փորձված մեթոդին կարող է զիջել միայն բռնության տարրերի բացակայությամբ: Ահա թե ինչու են հայրենի քաղգործիչներն այսօրվանից արդեն փորձում կանխակալ չափորոշիչներով ձևակերպել ազատ և արդար ընտրությունների հեռանկարը: Իհարկե` այն սեփական հաջողությամբ պայմանավորելով միայն: Եվ մի՞թե մեծ է տարբերությունը` դրանք բռնություններո՞վ են ընթանալու, թե՞ փորձ է արվում ընտրազանգվածի մի մասին հանուն այս ամենի «գլխանց» կաշառել: Գաղափարական պատճառների մեխանիկական հետևանքները Ինչի մասին է անընդհատ խոսել և խոսում իշխանության մաս չկազմող քաղաքական ուժերի զգալի մասը` համակարգային փոփոխությունների: Եթե, իհարկե, վերջիններս ճիշտ են հասկանում այս երկու բառերի բովանդակությունը, և հնարովի իմաստներ չեն խցկում դրանց մեջ, ապա համակարգային փոփոխություն ասելով պետք է հասկացվի կառավարման ձևի փոփոխություն: Բնականաբար, նոր ձևը իր հետ կբերի նոր բովանդակություն: Այսինքն ընդդիմադիրների կողմից անընդհատ քննադատվող «ավտորիտար ռեժիմը» կփոխարինվի առավել ժողովրդավարական կառավարման համակարգով: Նոր Սահմանադրությամբ ԱԺ իրավասությունները զգալիորեն մեծացվեցին` ի հաշիվ ՀՀ նախագահի լիազորությունների, ինչն, ըստ էության, հենց այն համակարգային փոփոխությունն էր, որը հանգեցնում է իշխանական թևերի տարանջատման, և նրանց միջև հակակշռող մեխանիզմների ներդրման: Փոխանակ ծափահարելու և «կրծքով պաշտպանելու» ավտորիտարիզմի առջև օրենքով բոլոր դռները փակող նոր Սահմանադրությունը, արմատականները բոյկոտեցին այն: Այդ պահից սկսած բոլորի` հատկապես ժողովրդավարական արժեքների ջատագով Արևմուտքի համար պարզ դարձավ հայաստանյան ընդդիմության դեմագոգիկ և գաղափարազուրկ լինելու պարագան: Նոր Սահմանադրության շնորհիվ Հայաստանի իշխանությունները աշխարհին ներկայացան շատ ավելի առաջադեմ ու ժողովրդավար, քան երկրի ընդդիմությունը: Ավելին, վերջիններս ցուցադրեցին սեփական «ռեակցիոն» էությունը: Դրանից հետո մանկամտություն կլիներ ակնկալել Արևմուտքի բարոյական ու ֆինանսական օգնությունը ապագա խորհրդարանական ընտրություններում: Մեկ տարուց ավելի է անցել նոր Սահմանադրության ընդունումից, բայց արմատականները դեռ շարունակում են զարմանալ, թե ինչու Արևմուտքը որևէ քայլ չի կատարում Հայաստանը «գունավորելու» ուղղությամբ: Նրանք այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ թեկուզ միայն Սահմանադրության նկատմամբ իրենց վերաբերմունքը լակմուսի դեր կատարեց: Բացահայտվեց, որ խոսելով ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից և այլ եվրոպական արժեքներից, հայաստանյան ընդդիմությունը դրանց էությունը և բովանդակությունն իր խորքային իմաստով չի էլ պատկերացնում ու ընկալում: Ի դեպ, այս «նախաբանը», այսինքն սահմանադրական հանրաքվեին անդրադարձը կարևորեցինք` պատասխանելու համար հետևյալ հարցին. ինչո՞ւ ընդդիմությունը, այնուամենայնիվ, չկարողացավ միավորվել, արդյո՞ք միակ պատճառը կուսակցական լիդերների հավակնոտությունն էր: Կարծում ենք, ո°չ: Միակ պատճառը դա չէր: Կան նաև խորքային այլ պատճառներ, որոնց հարկ է անդրադառնալ: Չլինեին այդ պատճառները, երևի թե ամբիցիաները մի կերպ կարելի էր հաղթահարել: Թվարկենք. 1) Վերջին տարիներին ընդդիմությունը աստիճանաբար «հալեցրեց» իր վարկանիշը հիմնականում գործունեության, մեղմ ասած, սխալ մարտավարության պատճառով: Գրեթե յուրաքանչյուր ամիս իշխանափոխության իրականացման կոնկրետ ժամկետներ էին նշվում, գալիս էր նշված օրը, և բողոքավոր զանգվածը, ամեն անգամ հիասթափված, հրապարակներից վերադառնում էր տուն: Այս ամենը այնքան երկար շարունակվեց, որ ժողովուրդը օրինաչափորեն կասկածի տակ դրեց արմատականների լրջության աստիճանը: Եվ իսկապես, մի՞թե կարելի է լինել այդքան անիրատես ու անհետևողական: Քաղաքական գործչի հիմնական հատկանիշներից մեկը պետք է լինի պրագմատիզմը, ռեալ հաշվարկը և ոչ թե անպտուղ «ռոմանտիկան», հուզական ճառերը, խոսքի և գործի ակնհայտ հակասականությունը: 2) Իջեցնելով սեփական վարկանիշը, կորցնելով հանրահավաքների մասնակիցների հիմնական զանգվածին, արմատականները աստիճանաբար դադարեցրին հրապարակային գործունեությունը, քանզի արդեն ծիծաղելի էր մի քանի հարյուր հոգանոց հանրահավաքների կազմակերպումը: Հենց այդ ժամանակահատվածում սկսվեց Արևմուտքին դուր գալու «շքահանդեսը»: «Բնական» ռեսուրսը` ժողովրդի աջակցությունը կորցնելով, ստեղծվեց այն թյուր կարծիքը, որ միակ ելքը արևմտյան ֆինանսական միջոցներով, արդեն կատարելության հասցված արևմտյան տեխնոլոգիաներով` ժողովրդի «ազարտը» արթնացնելն է: Նույնիսկ ավանդական ռուսամետ քաղաքական ուժերը ռևերանսներ էին անում Արևմուտքին: Վերջիններիս լիդերները «կպած» անգլերեն էին սովորում, ԱՄՆ-ին դուրս գալու համար ցեխ էին շպրտում Ռուսաստանի ուղղությամբ: Իսկ Արևմուտքի կողմից չէր նկատվում ոչ մի համապատասխան ռեզոնանս: Հայաստանյան ընդդիմության նկատմամբ առանց այդ էլ որոշ թերահավատ ությամբ լցված ԱՄՆ-ը, եթե անգամ ՀՀ իշխանափոխության հարցում «կամուկացի» մեջ էր, ապա նոր Սահմանադրության «դեպքից» հետո վերջնականապես հիասթափվեց, և ինչպես ասում են, ձեռքը թափ տվեց: Ահա այդպես հայոց արմատականները անխելամտորեն կորցրեցին Արևմուտքի աջակցությունը ստանալու հնարավոր ռեսուրսը ևս: Բնականաբար, հարց առաջացավ` վերոնշյալ իրողությունները ի՞նչ կապ ունեն ընտրությունների նախաշեմին ընդդիմության միավորվել-չմիավորվելու հետ: Շատ ուղղակի կապ: Ամբողջ խնդիրը նրանում է, որ սպառելով թե° «ներքին», և թե° «արտաքին» ռեսուրսները, ընդդիմադիրները սկսեցին հասկանալ. նույնիսկ միավորվելու դեպքում անհնար է կորցրածը ետ վերադարձնել, այսինքն խորհրդարանում կազմել մեծամասնություն և վերցնել իշխանությունը, անգամ համեմատաբար ազատ ու արդար ընտրությունների պարագայում: 2003-ին դա հնարավոր էր, իսկ ահա այսօրվա իրողություններն այլ են: Այստեղից էլ ծնունդ առավ այն մտայնությունը, որ եթե միավորվելով չեն հաղթելու, ի՞նչ իմաստ ունի միավորվելը: Հակաիշխանականների համախմբման չկայացման երրորդ պատճառը բխում է վերոնշյալ երկուսից: Կարելի է ենթադրել, որ ընդհանուր պարտության անխուսափելիությունը ստիպեց մի քանի ընդդիմադիր ուժերի, գոնե խորհրդարանում խմբակցություն ունենալու հարց լուծել` անդրկուլիսային պայմանավորվածությունների մեջ մտնելով իշխանությունների հետ: Ինչքանով է այս ենթադրությունը համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, բայց դրա հավանականությունը փոքր չէ: Խոշոր հաշվով, «լիդերամանիան» ներկայացնել որպես ընդդիմության տրոհվածության միակ և գլխավոր պատճառ (ինչը անում են գրեթե բոլոր վերլուծաբանները) կնշանակեր միակողմանի գնահատել իրողությունները: Այն ավելի շատ հետևանք է, քան պատճառ: Իսկ պատճառները, ինչպես վերը նշեցինք, քաղաքական գործիչներին անհարիր մարտավարական և ռազմավարական կոպիտ սխալներն են, որոնք թույլ են տրվել վերջին տարիներին:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ