«Ղարաբաղի վերքերը»


 

- Թե ինչու է Հայաստանը դարձել իմ երկիրը, չեմ կարող ասել: Կարևոր չէ, որտեղ ես դու գտնվում այս աշխարհում: Կարևորը` որ կարողանաս անհրաժեշտ պահին ճիշտ քայլեր անել: Չգիտեմ` հավատա՞լ ճակատագրին, թե ոչ, բայց երևի ամեն մարդ ծնվում է իր առաքելությամբ ու կարևոր է, որ անհրաժեշտ պահին զգաս` ո՞ւր է տանում քեզ քո առաքելությունը: Ղարաբաղը, փաստորեն,  իմ առաքելությունն էր, հենց այստեղ հատվեցին իմ մարդկային և մասնագիտական հնարավորությունները:

Ահա այսպես է մեկնաբանել Ցվետանա ՊԱՍԿԱԼԵՎԱՆ Ղարաբաղի մասին  ֆիլմաշար ստեղծելու գաղափարը: Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալևայի արցախյան գոյամարտի ոդիսականով պայմանավորված ճանապարհներն այսօր արդեն դարձել են փաստագրական 7 ֆիլմ, որոնք  ամբողջանում են  «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի DVD տարբերակում:  «Հույսի բարձունքներ», «Կբացվի՞ արդյոք առավոտը Ղարաբաղում», «Իմ թանկագին ողջեր և մեռածներ», «Ղարաբաղի վերքերը», «Իրենց հողի զինվորները», «Լռություն», «Հավատ ու ոգի», ֆիլմաշարի բոլոր 7 ֆիլմերը թարգմանված են 6 լեզուներով, որոնցից վերջինը`  Շուշիի ազատագրմանը  նվիրված «Հավատ ու ոգին» նկարահանվել է 2001-ին, լրացվել մինչև 2011-ը նկարված կադրերով:

- Ինչո՞ւ «Հավատ ու ոգի»:  Երբ ինձ հարցնում են, թե ինչպես գրավեցին Շուշին, ես պատասխանում եմ` հավատով և ոգով.  որովհետև մնացած բոլոր չափանիշներով դա անկարելի էր անել: Իմ նպատակն է` պատմել աշխարհին Ղարաբաղի մասին, աշխարհի բոլոր քաղաքագետներին և հիշեցնել, թե  ինչպես է իրականում տեղի ունեցել այդ պատերազմը: Ես  ղարաբաղցիներին խոստացել եմ պատմել իրենց հանդեպ անարդարության մասին,- այսօր պատմում է Պասկալևան ու հավելում.

 - 1991-ի մայիսին Մոսկվա հասավ ինֆորմացիա, որ Ղարաբաղի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը տեղահանվել են: Գորբաչովյան  «գլաստնոստ-պերեստրոյկայի» ժամանակաշրջանում այդ մասին  Մոսկվայում ոչինչ չէր ասվում: Որոշեցի ինքս տեսնել` ինչ է կատարվում Ղարաբաղում: Երբ հասա Գետաշեն` այն արդեն թալանված և ավերված էր: Հենց այդ կադրերը դարձան իմ առաջին ֆիլմի հենքը: Հետո կարողացա մտնել նաև Շահումյանի օպերացիայի օղակի մեջ, դարձա ականատես և թողեցի այդ կադրերը պատմությանը: Ես սովետական հեռուստաընկերություններով ցույց եմ տվել, թե ինչպես այդ նույն սովետական բանակի ձեռքերով` խաղաղ բնակչություն էր վերացվում: Չեմ վախեցել դրանից: Իմ կադրերի և ուրիշ շատ նյութերի տեսքով դուք փաստեր ունեք ձեր ձեռքի տակ:  Դուք ֆիլմեր հորինելու կարիքը չունեք, ինչպես դա արեցին ադրբեջանցիները` Խոջալուի դեպքերը հայերին վերագրելու համար: Ես աշխատել եմ ժպիտներ նվիրել զինվորներին: Նրանց թևեր տալ էր պետք: Ես զուտ մարդկայնորեն կիսել եմ նրանց ցավն ու ուրախությունը:  Ապրել եմ Ստեփանակերտի հիվանդանոցում, մի փոքր սենյակում, որտեղ 6 մահճակալ կար այն բժիշկների համար, ովքեր երբեք տուն չէին գնում: Դրանցից մեկն իմն էր: Հիվանդանոցը ամենասարսափելի վայրն է, ուր կարող ես լինել պատերազմի ընթացքում: Երբեմն թողել եմ տեսախցիկս ու օգնել բուժքույրերին: Հաճախ եմ արյուն տվել. «չորրորդ բացասական» եզակի արյան խումբ ունեմ, որի մասին բոլորը գիտեին: 11-ամյա անչափ գեղեցիկ մի աղջկա արյուն տվեցի, բայց փրկել չկարողացա: Նրա կորուստն իմ կորուստն էր ու ամենածանր պահը, որ հիշում եմ պատերազմից: Ղարաբաղը բարդ քննություն էր, որով ես բացահայտեցի նաև ինքս ինձ:

Մայրաքաղաքում և Շիրակի մարզում արդեն կայացել են առաջին ցուցադրությունները, շատերն են արցունքոտված աչքերով նայել Ցվետանայի ֆիլմաշարն ու հասկացել այն մեծագույն ճշմարտությունը, որ ուրիշի ցավ չկա, չկա ուրիշի ողբերգություն: Ամեն ինչ նյութականանում է քո մեջ, երբ մտահոգված ես աշխարհի բախտով:

Լ.Մ.