Պատերազմի Հավանականությունը փոքր է


 

Իրականում ո՞րն է Իրանի և Միացյալ Նահանգների հակադրության պատճառը, ինչպե՞ս կարող է այն անդրադառնալ մեր երկրի անվտանգության վրա: Այս հարցերի շուրջ է զրույցը Քաղաքագետների միության վարչության անդամ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր

Գառնիկ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:

 

 

- Լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության համաձայն, Իրանն Ադրբեջանի հետ փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի Թեհրանն այսուհետ հանդես է գալու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Ձեր կարծիքով ի՞նչն է Իրանի դիրքորոշման փոփոխության շարժառիթը, և ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ:

- Ահմադինեժադը Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը Ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բայց ՀՀ նախագահի հետ ստորագրած համատեղ հայտարարության մեջ էլ նա պնդում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի համաձայն:

- Իսկ գուցե հարկ է փաստաթղթի ստորագրումը դիտարկել այն համատեքստում, որ այդպիսով Իրանը ցանկանում է լուծել իր անվտանգության խնդիրը: Գիտենք` Ադրբեջանի հետ այդ երկրի հարաբերությունները վերջերս սրվել են, և խոսվում է Ադրբեջանի տարածքից Իրանին  հարվածելու  մասին:

- Չեմ կարծում, որ նույնիսկ ձեր նշած փաստաթղթի ստորագրումը Ադրբեջանին հակաիրանական գործողությունից հետ պահելու երաշխիք հանդիսանա: Ադրբեջանն իր էությամբ, ազգային նկրտումներով տոգորված է հակաիրանական գաղափարախոսությամբ: Հակաիրանականությունն այսօր Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմքում է:

- Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում Իրանի շուրջ վերջին զարգացումները: Իրանի և Արևմուտքի, մասնավորապես, Միացյալ Նահանգների հակադրության պատճառն Իրանի իսլամական ֆունդամենտալի՞զմն է, թե ինչ-որ ավելի լուրջ շարժառիթներ կարող են գոյություն ունենալ:

- Ընդհանրապես Իրանի շուրջ բարձրացած ողջ աղմուկ-աղաղակը ոչ միայն ենթադրյալ միջուկային զենքի առկայությամբ, ոչ միայն Իսրայելի ցանկությամբ, այլ նաև տարածաշրջանի արաբական երկրների քաղաքականությամբ է պայմանավորված: Իրանը համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ ցույց է տվել, թե ինչպես կարելի է իսլամական շարիաթի` օրենսդրության հիման վրա ստեղծել ժողովրդավարական պետություն: Իրանում կա ժողովրդի ընտրությամբ ձևավորվող խորհրդարան, կա նախագահ, որն հաշվետու է երկրի կրոնական առաջնորդին, կան խորհրդարանին հաշվետու նախարարություններ, կանայք բարձր պաշտոններ են զբաղեցնում: Այս մոդելը դուր չի գալիս արաբական պետություններին, որոնք մեծ մասամբ միապետություններ են` զուրկ ժողովրդավարությունից: Եվ նրանց միակ առավելությունն» այն է, որ ԱՄՆ քաղաքականության ծիրում են, ըստ էության, Միացյալ Նահանգների դրածոներն են ածխաջրածիններով հարուստ այդ տարածաշրջանում: Սա է ամբողջը: Ոչ այնքան Ամերիկան է շահագրգռված Սիրիային կործանելու հարցում, որքան արաբները, Արաբական լիգայի երկրները: Որովհետև Սիրիան շիական պետություն է, ծայրահեղ շիաները բնակչության 40 տոկոսն են: Ժողովրդավարությունից բացի, Իրանի և արաբական երկրների հակադրության մյուս գործոնը դավանանքն է: Նա տարածաշրջանում ունի գերտերության կարգավիճակ:

- Այսինքն, ստացվում է, որ Իրանի միջուկային զենք պատրաստելու հավանականությունը պարզապես նրա հետ հակադրվելու առիթ է, ոչ թե պատճա՞ռ:

- Իհարկե: Միջուկային զենքը չլիներ, մի այլ բան կհորինեին: Սիրիայում էլ միջուկային զենք չեն փնտրում, չէ՞: Բայց այնտեղ ամեն կերպ հրահրում են սունիներին. այնտեղ դրսից հրահրվող հակամարտություն է: Լիբիան ձեզ օրինակ. ասում են` Քադաֆին հանցագործ էր: Բայց հիմա նրանից ավելի վատ հանցագործները եկել են իշխանության: Այս ամենը մտնում են Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի մեջ, ծրագրված են, և դրանցում մեծ դեր ունեն արաբական երկրները:

- Այս ամենում Հայաստանին, բնականաբար, հետաքրքրում է պատերազմի մեջ անմիջական հարևանի ներքաշումը: Ինչ եք կարծում, հնարավո՞ր է, արդյոք, պատերազմն Իրանում:

- Ես բազմիցս ասել եմ` շատ փոքր է Իրանի հանդեպ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը: Իսրայելն, այո, ցանկանում է, որ ԱՄՆ-ը դիմի այդ քայլին: Սակայն զգուշանում է իր կողմից պատերազմ սկսել: Իրանի վրա հարձակումը կարող է վերածվել եթե ոչ համաշխարհային, ապա առնվազն տարածաշրջանային գլոբալ, ավերիչ պատերազմի: Չմոռանանք` Իրանի նավատորմն այսօր գտնվում է Միջերկրական ծովում: Այսինքն, Իրանը Իրաք չի, Աֆղանստան չի: Տարածքն էլ մեծ է` վերահսկելը հնարավոր չի: Այս իրավիճակում միայն խելագարը կարող է Իրանի վրա հարձակվել: Հիմա աշխատում են Իրանում ներքին` էթնիկ հակասություններ ստեղծելու միջոցով երկիրը մասնատել: Սա է Արևմուտքի և արաբական երկրների նպատակը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ