Փորձել էր փախչել հատուցումից


 

Անհերքելի է, որ հանցանք կատարած և փախուստի դիմած անձը, աշխարհի որ անկյունում էլ փորձի թաքնվել,‘ երբևէ  ապաստան չի կարող գտնել այնտեղ, որտեղ ոճիրը դատապարտելի է: Եվ նա, ով փորձում է խույս տալ արդարադատությունից և հուսալի անկյուն որոնել` թող վայրկյան իսկ չերկմտի`‘ թեկուզ ուշացումով, բայց ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԸ գալու է, քանզի աշխարհստեղծման օրվանից հանցանքին  միշտ հետևել է անխուսափելի պատիժը:

Իսկ այս դեպքում, փաստորեն, Ճաղարյանը փորձել էր ճողոպրել ՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ:

Հանցագործությունը բոլոր ժամանակներում համարվել է պատժելի արարք և միշտ դատապարտվել է ու խարազանվել: Պատիժն ինքնանպատակ չէ, և հանդիսանալով պետական հարկադրանքի առանձնահատուկ ձև` այն նպատակ ունի նախ և առաջ հանցագործին մեկուսացնել հասարակությունից, զերծ պահել նոր հանցագործություններ կատարելուց: Եվ, իհարկե, վերադաստիարակել նրան և հասարակություն վերադարձնել որպես լիիրավ անդամ: Ներկայացվող պատմության «հերոսը», սակայն, ոչ վերադաստիարակման էր ենթակա  և ոչ էլ հասարակություն վերադառնալու, քանզի  գործել էր մարդու կյանքի դեմ ուղղված ծանրագույն հանցանք. այն էլ` ծանրացուցիչ հանգամանքներում:

Այս պատմությունը սովորականներից չէ նաև այլ իմաստով: Միշտ չէ, որ կալանավայրից փախուստ կամ փախուստի փորձ է կատարվում, և այն էլ` ցմահ ազատազրկման դատապարտվածների համար նախատեսված խցից: Մինչև 2008 թ. նոյեմբերի 24-ի չարաբաստիկ օրը սովորական մահկանացու էր նաև այն անձնավորությունը, ում անվան շուրջ ծավալվելու է խոսակցությունը: Բայց մինչ այդ...

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` օրերս ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկության ցմահ ազատազրկման դատապարտվածների համար նախատեսված խցերից մեկի զննության ժամանակ, սանհանգույցի առաստաղի տակ տեղադրված 100 լիտրանոց բաքի վերևում` առաստաղի անկյունում, հայտնաբերվել է 40-60 սմ բացվածքով մոտ 50 սմ խորության խորշ:

 Նույն խցի դատապարտյալ` ավազակության և սպանության մեղադրանքներով ցմահ ազատազրկման դատապարտված, 1977 թ. ծնված Արտակ Ճաղարյանի քնելատեղի ներքնակի միջից հայտնաբերվել է ինքնաշեն պարանի 13 կտոր` 39 մետր ընդհանուր երկարությամբ:

Ո՞վ է Արտակ Ճաղարյանը և ինչի՞ համար էր հայտնվել այդ ոչ նախանձելի և օրհասական վիճակում: Միանգամից ասենք, որ մինչև 2008 թ. նոյեմբերի 24-ը նա Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն էր: Մեծ է եղել համաքաղաքացիների զարմանքը, երբ լուրը բերնեբերան է շրջել. Ճաղարյանը սպանել էր դրամափոխանակությամբ զբաղվող, 44-ամյա Վալերի Աղինյանին:

Ոստիկանները Աղինյանի դիակը գտել էին Իջևան քաղաքի «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում: Դիակի կրծքավանդակի և որովայնի մասերում հայտնաբերվել էին որսորդական հրացանից արձակված վնասվածքների հետքեր: Պարզվել էր, որ Վալերի Աղինյանի մոտ եղել է 8-ից 10 միլիոն դրամ: Ճաղարյանն Աղինյանին սպանել էր առավոտյան` Իջևանի «Մարմար» ռեստորանի մոտ: Հետո հափշտակել էր նրա մոտ եղած գումարը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել «Սպիտակ ջուր»: Ճաղարյանն Աղինյանին փող էր պարտք եղել, զանգահարել էր նրան և հետաքրքրվել, թե 20 հազար դոլարի չափ դրամ կունենա՞:

Պայմանավորվել և հանդիպել են: Ճաղարյանն առաջարկել էր մեքենա նստել` պատճառաբանելով, թե չի ցանկանում, որ ուրիշները նկատեն իր մոտ եղած մեծ գումարը:

 Սպանությունից հետո Ճաղարյանը ներկայացել էր աշխատավայր, և հենց համալսարանում իրավապահները ձերբակալել էին նրան: Բայց մինչ այդ հասցրել էր ավտոմեքենան լվանալ և որոշ մարդկանց վերադարձնել  պարտքերը: Իսկ պարտքուպահանջ շատերի հետ էր ունեցել...