1 ՀԱՐՑ


 

- Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները միշտ հակամարտության բնույթ են կրում, ինչից կարելի է ենթադրել, որ հնարավոր չէ համատեղ ծրագրեր իրականացնել: Դուք իշխանության հետ համագործակցության ուղիներ տեսնո՞ւմ եք` ժողովրդաշահ ծրագրեր իրականացնելու առումով:

Հարցին պատասխանում է Հայաստանի

Դեմոկրատական կուսակցության առաջնորդ

Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

- Մենք, ներողություն արտահայտությանս համար, այն «կոտոշավոր» կուսակցությունը չենք, որ իշխանությունների կատարած դրական քայլերը չնկատենք: Հստակ ասում ենք` արտաքին քաղաքականության առումով մենք գտնում ենք, որ, այո´, Հանրապետության նախագահը ճիշտ քաղաքականություն է վարում: Այս մասին բացահայտ հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, մենք մի շարք առաջարկություններ ներկայացրել ենք: Կուսակցությունը հստակ իր դիրքորոշումը հայտնել է հանրությանը և իհարկե իշխանությանը: Եվ այն ամենը, ինչ իրենք ստանձնել ու իրականացրել են, դրա համար շնորհակալ ենք: Եթե նրանք առաջարկեն համատեղ ծրագրեր, որոնց ուղղվածությունը ճիշտ կհամարենք, ինչո՞ւ ոչ` կպաշտպանենք: Որևէ խնդիր ես չեմ տեսնում: Այլ հարց է, որ մեր գաղափարական տարաձայնությունները որոշակիորեն արտահայտվում են այսօրվա իրավիճակի առնչությամբ: Մենք ասում ենք` չի կարելի թույլ տալ, որպեսզի այսկերպ շերտավորված լինի հասարակությունը: Չի կարող նորմալ հասարակության մեջ մեկը միլիարդատեր լինի, մյուսը` աղքատ: Մեր իրողությունն է այդպիսին: Դրա համար գտնում ենք, որ անօրինական սեփականաշնորհման հետևանքների դեմ նույնպես պիտի պայքարենք: