ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ ՉԻ ԱՅՐՈՒՄ


 

Արամ Զ. Սարգսյանը գտել է ՀԱԿ-ի հետ վերջերս առաջացած տարաձայնությունները հարթելու ելքը: Մի քանի մեծամասնական ընտրատարածքներում «Հանրապետություն» կուսակցությունը թեկնածուներ է առաջադրելու` նպատակ ունենալով մայիսի 6-ին հնարավորինս աջակցել Կոնգրեսին և իր կողմից առաջադրված անհատ-պատգամավորացուների աջակցությամբ  մեծացնել ՀԱԿ-ին տրվելիք քվեների չափը:

Դեռ մի քանի շաբաթ առաջ, երբ համամասնական ցուցակի շուրջ վեճերն ընդդիմադիր դաշինքում գագաթնակետին էին հասել, Արամ Զավենիչը հրապարակավ հայտարարեց, թե իր ղեկավարած կուսակցությունը հրաժարվում է մանդատների համար ծավալվող գզվռտոցից, ու եթե առաջին նախագահը հարմար է գտնում, կարող է նույնիսկ իր անունն էլ չընդգրկել ՀԱԿ համամասնական ցուցակում:

Անսպասելի էր, բայց Կոնգրեսը պառակտվելուց փրկելուն միտված այս քայլը միարժեք գնահատականի չարժանացավ, ու դաշինքին մոտ կանգնած աղբյուրները նախորդող օրերին  բազմիցս հաստատեցին, որ հատկապես Լ. Տեր-Պետրոսյանը «Հանրապետության» հայտարարությունից մեծապես ազդվել է:

Փաստորեն ՀԱԿ-Հանրապետություն խաթարված միջկուսակցական հարաբերությունները դարձյալ Զավենիչն է ձգտում հարթել: Ըստ տեղեկությունների` վերջինս նախատեսում է նույնիսկ սեփական միջոցներից որոշ գումարներ հատկացնել իր հովանավորյալ մեծամասնականների համար հավուր պատշաճի քարոզարշավ կազմակերպելու: