ԻՆՉՈՒ ԷՐ ԳՆԱՑԵԼ ՄԱՐԱԼԻԿ


 

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզի մեր աղբյուրները, անցած կիրակի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեկնել էր Մարալիկ: Դե, այնքան էլ տարօրինակ չպետք է համարվեր դատախազի այցը Մարալիկ, քանի որ տարիներ առաջ նա աշխատել էր Արթիկում. Արթիկն էլ Մարալիկից հեռու չէ: Գուցե կամեցել էր հուշերի գիրկն ընկնել կամ էլ մարալիկյան բնապատկերներ նկարել:

Սակայն պարզվում է, որ դատախազը Մարալիկ էր գնացել նախընտրական առաքելությամբ` գյուղապետերին համոզելու` համախմբվել արթիկցի պատգամավոր Մխիթար Վարագյանի շուրջ և սատարելու նրան առաջիկա ընտրություններում:

Գլխավոր դատախազն օրինահարգ մարդ է, նախընտրական արշավը սկսել էր կիրակի` ոչ աշխատանքային օր, այսինքն, որևէ օրենք չէր խախտել և չէր չարաշահել պաշտոնական դիրքը: Հետո՞ ինչ, որ  դատախազությունը քաղաքական մարմին չէ,  պետք է զերծ մնա կուսակցականությունից և քաղաքականությունից: Մինչդեռ Աղվան Հովսեփյանն, արդեն իսկ օգտագործելով իր լծակները` փորձում է ազդել ընտրությունների ընթացքի վրա և  պարտադրել մի թեկնածուի, որի գործունեությունից խորհրդարանում, մեղմ ասած, դժգոհ են արթիկցիներն ու մարալիկցիները:

Մեր աղբյուրները պնդում են, որ գլխավոր դատախազի այցի համար նախատեսված էր հյուրասիրություն համայնքապետերի մասնակցությամբ, սակայն այդ հյուրասիրությանը մասնակցել է միայն մեկ գյուղապետ: Նշանակում է` բոլորը չէ, որ անցել են Աղվան Հովսեփյանի «թրի տակով» և համաձայնել նրա հետ: Մնում է հուսալ, որ մեր որոշ պաշտոնյաներ այնուամենայնիվ զերծ կմնան ընտրություններին իրենց նմանատիպ մասնակցությունից և թույլ կտան, որ մարդիկ իրենք ընտրեն իրենց պատգամավորներին: Հատկապես մարզերում, որտեղ կարծում են, թե պատգամավորը պիտի լինի իրենց շահերն ու մտահոգությունները ներկայացնողը: Ավա˜ղ, հատկապես մարզերից ընտրված շատ պատգամավորներ «աչքի են ընկնում» պասիվությամբ:

Լ.Մ.