Զրկվեց Գինեսի ռեկորդագրքից 


 

Բրիտանացի Գրեմ Հյուզը երևի չէր էլ մտածել, որ շուրջերկրյա ճամփորդության համար փաստաթղթեր պետք է ձևակերպի: Հեռատես չէր եղել ու բախտն էլ չբերեց` հատկապես Ռուսաստան գնալու համար:

Նա կտրել, անցել է աշխարհի 201 երկիր, այն էլ` հասարակական փոխադրամիջոցների բոլոր տեսակներով` և´ վերգետնյա, և´ ջրային (գրել է Suddeutsche Zeitung-ը):

Ռուսաստան նա կարճատև այց էր կատարել. Էստոնիայի հետ ՌԴ սահմանը հատել էր գետով և Ռուսաստանի տարածք մտնելով` այդ երկիրը ևս նշել էր նավարկության քարտեզում: Բայց քանի որ այստեղ նա մուտք էր գործել անօրինական` անձնագրում չունենալով համապատասխան դրոշմակնիք, կարող է զրկվել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու իրավունքից: Ռուսական կողմն այդ առնչությամբ դժգոհություն չի հայտնել, սակայն պատվոգրքի հրատարակիչները չեն ուզում արձանագրել անօրինական գործողության արդյունքում ձեռք բերված դժվարին հաղթանակը:

Իր բլոգում Հյուզը խոստովանել է սեփական սխալը և բացատրել, որ դժվարացել է 150 ֆունտ ստեռլինգ վճարել` ՌԴ մուտքի հրավերի համար: Այնուամենայնիվ, ճակատագրական դառնալու հավանականություն ունեցող սխալից հետո նա գնացել է Ռուսաստան` Կալինինգրադի մարզ. այդ անգամ` օրինական մուտքի թույլտվությամբ և Գինեսի գրքի հրատարակիչներին է ուղարկել «Աննա Կարենինա» կինոնկարի ռուսալեզու գովազդի կողքին իր լուսանկարն ու անձնագրում համապատասխան նշումի պատճառը:

Ի դեպ, օրինական այցի ժամանակ Ռուսաստանում կարճ ժամանակով ձերբակալել ու հարցաքննել են Հյուզին: