ՌԴ Նախագահը ստիպված էր չափավորել իր պահանջները


 

Մեզանում ձևավորված ազգային մտածողության ավանդույթների և դրանց հետևանքների շուրջ է մեր զրույցը քաղաքագիտության դոկտոր, Երևանի` Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լևոն ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:

- Օրերս տեղի ունեցած հանդիպումով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ էության, իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին, հիմնավորում և միջազգային առումով ապահովում է Հայաստանի նախագահի ընտրությունների լեգիտիմությունը: Հայաստանը եթե ունի ընտրությունների արտաքին լեգիտիմություն, ապա ներքին լեգիտիմության իմաստով, արդեն քանի տարի է, խրոնիկական պակաս ունի:

Իհարկե, արտաքին լեգիտիմությունն անհրաժեշտ է, բայց բավարար չի: Այդ իմաստով, մեզանում հիվանդություն կա. Բեռլինի կոնգրեսից սկսած հայ ժողովրդի մի ստվար մասի հայացքն օտարին է ուղղված, կարծես, սպասում ենք օտարների խրախուսանքին: Իհարկե, դաշնակցային հարաբերությունները կարևոր են, բայց դրանք դոմինանտ չեն: Իսկ երբ արտաքին աշխարհը շտապում է լեգիտիմացնել մեր ընտրությունները, ուրեմն մեջը մի բան կա, ես մտահոգվում եմ` ինչու է դա արվում: Որևէ երկիր ներքին լեգիտիմութ յան խնդիր ունենալու դեպքում առավել քան կառավարելի է դառնում միջազգային դերակատարների կողմից, որովհետև իշխանությունը հայացքը ուղղում է արտաքին ուժերի կողմը: Իսկ եթե արտաքին ուժերը նաև աշխարհաքաղաքական կենտրոններ են, ուրեմն այդ երկիրը քաղաքական և տնտեսական գործընթացներում անընդհատ ստիպված է լինելու զիջումների գնալ, անգամ ազգային շահը չի կարողանալու հետևողականորեն պաշտպանել: Մենք, որպես ազգային հավաքականություն, այդ հարցը չենք կարողանում մեր մեջ լուծել:

- Ի՞նչն է պատճառը :

-Ազգային մտածողության ավանդույթ կա` միշտ օտարից ինչ-որ բան ակնկալել: Իսկ օտարներն այդպիսի զգացմունքներ չունեն, նրանք իրական շահերի վրա են աշխատում:

- Գուցե մեզանում դրա պատճառը նաև Ցեղասպանությո ՞ւնն է:

- Մեզ մոտ դա խրախուսվել է նաև Ցեղասպանությունից հետո, խորհրդային իշխանության տարիներին` հիվանդությունն առավել խորացել է: Այս օրերին մեզ համար պետականության զգացումի, մեր երկրի տեր զգալու առումով նպաստավոր է Րաֆֆի Հովհաննիսյանի ասածներից հատկապես երկու կետ: Նա ասում է` մեր ազգային շահերը ճանաչենք և ուրիշին ստիպենք մեզ հարգել, այսինքն, ստորակարգայինից հարաբերությունները տեղափոխենք հորիզոնական հարաբերություններ. և առաջին հերթին` դաշնակիցների հետ: Նա հայաստանակենտրոն է, ոչ հյուսիսամետ է, ոչ արևմտամետ: Այս իմաստով, Րաֆֆին Հայաստանում որոշակի շահեր ունեցող բոլոր երկրների հաշվարկները խառնում է: Արևմուտքի պետություններն իրավական պետություն են, բայց միջազգային հարաբերություններում այդ արժեհամակարգը չեն պահում: Մեր նախագահական ընտրության արդյունքները վիճարկվում են ՍԴ-ում: Եթե իրենք Սահմանադրություն են հարգում, պետք է սպասեին դատարանի վճռին, բայց շտապեցին շնորհավորել. այսինքն` միջազգային իրավունքից նրանք հարցը տեղափոխեցին քաղաքական հարթություն:

-Նրանք կարող էին հենվել իրենց դիտորդների կարծիքների վրա, կարող էին անտեղյակ լինել, որ «Ժառանգությունը» պատրաստվում է ՍԴ դիմել... Ինչևէ: Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը ի՞նչ տվեց մեր երկրին:

- Շատ բան: Բոլոր դեպքերում Հայաստանի անվտանգությունը ապահովում է Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները: Բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանն էլ իր հերթին այնպիսի դերակատարություն ունի տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում, որ ապահովում է Ռուսաստանի շահերի սպասարկումը: Սա էլ մեր ծառայությունն է այդ խոշոր երկրին: Բայց մշակութային առումով մենք եվրոպական քաղաքակրթության մաս ենք, ավելին` մենք եվրոպաստեղծ ժողովուրդ ենք. քրիստոնեական բարոյականություն, ճարտարապետություն, ազատախոհություն… Եվրոպական ուղղությունը մեզ համար միայն տնտեսական գործոն չի, այլ քաղաքակրթական նշանակութ յուն է, որից մենք կտրվել չենք կարող: Եվ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը նկատի ունենալով, Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնը պարտադրեց ՌԴ նախագահին չափավորել պահանջները, չդնել մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Եվ Հայաստանի այսօրվա իմբլիշմենտը պարտավոր է Ռուսաստանից ստանալ առավելագույն զիջումներ: 

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ