Քրիստոնեական հորդոր Րաֆֆի Հովհաննիսյանին 


 

«Ավանգարդ» թերթի խմբագրակազմը, առաջնորդվելով քրիստոնեական պատվիրաններով և մարդու նկատմամբ ունեցած մեծ սիրով, իր հորդորն է հղում Ձեզ, հարգելի Րաֆֆի Հովհաննիսյան:

Քաղաքական ամեն մի պայքար ու պայքարի ամեն մի ձև ընդունելի է` եթե այն միտված է ժողովրդի բարօրությանը, պետականության կայացմանը, պետության հզորացմանը, քաղաքական գործընթացներում բարոյական բարձր արժեքների հաստատմանը: Մենք ընդունում ենք Ձեր քաղաքական այս պայքարը, որպես ընտրական մշակույթը բարելավելուն միտված` քաղգործչի սկզբունքայնություն: Գնահատում ենք Ձեր քաղաքական կեցվածքը, սակայն խորը մտահոգություն ենք ապրում, որ հացադուլը կարող է խաթարել Ձեր առողջությունը: Բացի այդ, արդյո՞ք ընդվզումի ծայրահեղ այս ձևը միակ միջոցն է` պայքարի հանգուցալուծման ճանապարհին:

Հետևաբար` հորդորում ենք դադարեցնել այս ակցիան, ընտրել քաղաքական պայքարի այնպիսի ձևեր ու մեթոդներ, որոնք չեն վտանգի Ձեր առողջությունը: Եվ, իհարկե, առիթ չեն տա որոշ ուժերի` Ձեր համարձակ քայլը քաղաքական «թամաշայի» վերածելու… Որպես իրենց հայրենակցի համար մտահոգ հայ մարդիկ, խնդրում ենք` դադարեցնել հացադուլը: Ձեզ համակրողներին, Ձեր գաղափարակիցներին Դուք պետք եք առողջ և ուժեղ:

«ԱՎԱՆԳԱՐԴ» թերթի խմբագրություն