«Բխում են բանակի շահերից»


ՀՀ պաշտպանության նախարարության համալիրում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբկայացած «Զինծառայողների իրավունքները և հիմնարար ազատությունները» խորագրով ձեռնարկի շնորհանդեսում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես նշեց. -...Զինված ուժերի ժողովրդավարական և հասարակական վերահսկման մեխանիզմների զարգացումը, հանդիսանալով համապետական առաջընթացի մաս, առաջ է բերում գործող մեխանիզմների վերանայման ու կատարելագործման անհրաժեշտություն: Դրանք բխում են բանակի շահերից, քանի որ կարող են մեծապես ամրապնդել զինված ուժերի ժողովրդականությունը, հեղինակությունն ու վստահությունը, ինչը երկրի պաշտպանունակության կարևոր գործոններից մեկն է: Խոսելով Զինված ուժերի մասին, փաստ է, որ այն հանդիսանում է մեր պետության և հասարակության անքակտելի մասը, և հատկապես հաշվի առնելով, որ մեր երկրում Զինված ուժերի համալրման մի զգալի մասը կատարվում է զորակոչի միջոցով, այն հանդիսանում է Հայաստանի արական սեռի քաղաքացիների մոտ հայրենասիրության և պատասխանատվության ձևավորման կարևոր դարբնոց: Այս պարագայում զիծառայողների, օրենքով սահմանված, իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդումը կարող է ուղղակիորեն նպաստել մի շարք այլ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են բանակ-հասարակություն կապը, զորակոչի անցկացման դյուրացումը, ավելի արդյունավետ մարտական պատրաստության գործընթացը զինված ուժերում, հրամանատարական կազմի կողմից մարտական խնդիրների վրա կենտրոնանալու ժամանակի հասանելիությունը և այլն: Այս մեխանիզմների ամրապնդման գործում կարևորում եմ «ՀՀ Զինվորական կարգապական կանոնադրության» վերանայմանն ուղղված աշխատանքները, դրա առավել համապատասխանեցումը ինչպես միջազգային չափանիշներին ու նորմերին, այնպես էլ մեր ժողովրդի առանձնահատկութ յուններին, իհարկե ոչ ի հաշիվ զինվորական կարգապահության պահանջների: Անցյալ ամիս իմ հանձնարարությամբ ձևավորվել է ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի մի քանի վարչությունների փորձագետներից կազմված աշխատանքային խումբ, որն այս տարվա ընթացքում կմշակի կանոնադրության նոր նախագիծ` այն մինչև 2010թ. հունվարի վերջ ՀՀ Կառավարությանը, իսկ այնուհետև ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով: Կանոնադրությունը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվելուց հետո կունենա օրենքի ուժ, և կհամապատասխանի պաշտպանական ոլորտի ընդհանուր բարեփոխումների տրամաբանությանը, բավարար չափով կապահովի զինված ուժերում զինծառայողների փոխհարաբերությունների արդարացի և իրատեսական կարգավորում: Այս առումով այսօր ներկայացվելիք ձեռնարկում օգտակար եմ համարում Եվրոատլանտյան տարածաշրջանի տարբեր երկրների փորձի ներկայացումը, և կարծում եմ, որ այն կօժանդակի նաև այս աշխատանքային խմբի անդամներին: ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը նույնպես նպաստ կբերի զինծառայողների փոխհարաբերությունների կարգավորման և նրանց իրավունքների պաշտպանության գործին: Խորհրդի և պաշտպանության նախարարության հարաբերությունները կանոնակարգող փաստաթուղթն այս տարվա ընթացքում պատրաստ կլինի, որից հետո այն լիրաժեք կանցնի իր գործունեության իրականացմանը: Կարծում եմ, որ խորհուրդը, լինելով անկախ մարմին, կմշակի հասարակական կազմակերպութ յունների հետ համագործակցության բոլորովին նոր աշխատաոճ և հասարակության ազդեցությունը Զինված ուժերի վրա կբարձրացնի նոր մակարդակի: ...Մեկ բան պարզ է. մեր բարեփոխումների ուղին, որը տանում է 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայել կարողացող պետության զարգացման, ներառում է առաջին հերթին 21-րդ դարի մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների պաշտպանությունը, և մեր բանակի զարգացման ու արդիականացման համար այլ տարբերակ չկա, քան նախևառաջ պաշտպանել 21-րդ դարի հայաստանցի զինծառայողի իրավունքները: