ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ Ղեկավարը, քաղաքացին. ՀԱՅ ՄԱՐԴԸ


Կարեն Դեմիրճյանի նման անհատներին միշտ սիրով են հիշում ժամանակակիցները, իսկ հայրենանվեր նրանց կյանքը լավագույն օրինակ է սերունդների համար: «Կարեն Դեմիրճյանը ավելին էր, քան ժողովրդի սիրեցյալ զավակը, ավելին էր, քան կուսակցության առաջին քարտուղարը, քան Կարեն Շինարարը, քան Ազգային ժողովի նախագահը: Նա ավելին էր, քան ինքը: Նա առաքյալ էր…». Սիլվա Կապուտիկյանի այս բնութագրումը, վստահ եմ` բոլորիս սրտից էր բխում: Քաղաքագետ Ալեքսանդր Բովինի դիպուկ որակումը նույնպես ամենքիս համոզմունքն է. - Կարեն Դեմիրճյանի վրա կրակողները կրակեցին ոչ թե Հայաստանի անցյալի, այլ ապագայի վրա: Բայց այն, միևնույն է, կկայանա: Կ. Դեմիրճյանը շուրջ 14 տարի եղել է Հայաստանի 2-րդ հանրապետության ղեկավարը: Եվ պաշտոնական տվյալները վկայում են. 2007 թ. բնակչության դրամական եկամուտները կազմել են 1990 թ. մակարդակի 48 %: Նրա ղեկավարության օրոք ծնունդ առավ Երևանի մետրոն, «Զվարթնոց» օդանավակայանը, այսօր արդեն` արդարացիորեն նրա անունը կրող Մարզա-համերգային համալիրը, զարգացան արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, ճանապարհաշինությունը և այլ բնագավառներ: Ես եղել եմ ՀԿԿ 28-րդ համագումարի պատգամավոր (1986 թ.): Ընդմիջումներից մեկի ժամանակ Կ. Դեմիրճյանը հյուրերին երկու ցուցասենյակներում ներկայացնում էր «Հայէլեկտրամեքենա», «Նաիրիտ», «Հրազդանմաշ», «Մերգելյանի» ա/մ, Վանաձորի քիմկոմբինատի հզորությունները և նվաճումները` որպես առարկայական ապացույցներ իր վերլուծական զեկուցման: 1970 թթ. վերջերին Հայաստանում ստեղծվեց նոր շրջան` Բաղրամյանի անվան, որին անցան Թալինի և Հոկտեմբերյանի շրջանների հիմնականում քարքարոտ և թերի մշակվող հողատարածքները: Կ. Ս. Դեմիրճյանը առաջարկեց ԽՍՀՄ ԶՈՒ ղեկավարությանը ներկայացնել ժամանակակից ուս. կենտրոնի նախագիծ, ՀՍՍՀ-ը այն կկառուցի` Հոկտեմբերյան-Դալարիկ-Քարակերտ բնակավայրերի հյուսիսային մասում, իսկ Սարդարապատի հարևանությամբ գտնվող բերքատու հողամասերը վերադարձնել այդ շրջանին, որի կենտրոնն էր ընտրված Բաղրամյան բնակավայրը: Կարճ ժամանակահատվածում շրջանը սկսեց արագ զարգանալ: Նման օրինակով սկսեց ձևավորվել Արագածի շրջանը` Ապարանի և Արթիկի շրջաններից առանձնացված տարածքներով: Կ. Ս. Դեմիրճյանի մտահղացումները նվիրված էին հայ ազգի, բնակչության ապագային: Տաթևի ՀԷԿ-ի կառուցման հետ առավելապես զարգացավ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղը, դարձավ շրջանի ամենամեծ գյուղական բնակավայրը` քաղաքատիպ ավան: Որպեսզի բնակչությունը չցրվի, այստեղ կառուցվեց ռեզինի կոշկեղենի գործարան: Բացի դրանից անցկացվեցին դաշտերի ոռոգման ջրատար համակարգեր և Որոտան գետից լրացուցիչ ջրեր ուղղվեցին այդ նպատակին, հացահատիկի բերքը ավելացավ, կյանքն էլ աշխուժացավ: Կարեն Դեմիրճյանը շարունակել է Հայաստանի 2-րդ հանրապետության ղեկավարների` Ա. Մյասնիկյանի, Ա. Խանջյանի, Գ. Հարությունյանի, Ս. Թովմասյանի, Յ. Զարոբյանի, Ա. Քոչինյանի լավագույն, ազգանվեր ավանդույթները: Նա 1980-ական և 1990-ական թվերին, որպես լավատես դեպի ապագան, մտերմացավ Վ. Սարգսյանի հետ և իրենց թևավոր կարգախոսով` «ԿԱՌՈՒՑԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ» ձգտում էր հասնել նոր հաջողությունների տնտեսության փլուզման և թալանման պայմաններում: Որպես ազգի կողմից ընդունված, գնահատված իսկական լիդեր, նա շատ էր մտածում ժողովրդի մասին և իր անձնական երջանկությունը և բախտը տեսնում էր բարգավաճ Հայաստանում: Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ Գնդապետ, իրավաբան