Դեռ պարզ չէ` ո°վ է հուսախաբ լինելու


Թեպետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կարծես դեմ չեն նաև գերտերությունները, այդուհանդերձ, մերձեցման գործընթացը այսօր էլ հիվանդագին է ընդունում Ադրբեջանը: Անշուշտ, ադրբեջանցիներին օրավուր ավելի է անհանգստացնում այն մտավախությունը, որ գերտերությունները կարող են հանկարծ պարզապես մոռացության գիրկն ուղարկել «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» հորջորջվածը: Եվ տրամաբանությունից հեռու չէ, որ Թուրքիայի հետաքրքրությունների շրջանակում «կրտսեր եղբոր» տեսլականից ավելի կարևոր տեղ կարող է զբաղեցնել ցեղասպանության ճանաչման փոքր-ինչ մեղմ հանգուցալուծումը, որի գրավականը Հայաստանի հետ բարեկամանալն է: Իհարկե, սա չի նշանակում նրանց հարաբերությունների խզում, քանի որ, ինչպես փաստում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, թուրքագետ Արամ Սաֆարյանը. - Թուրքիայում շատ զգայուն վերաբերմունք կա Ադրբեջանից հնչող դատողությունների նկատմամբ: Ընդհանրապես, անցյալ տարվա ամռանից սկսած ադրբեջանական մամուլում շատ մեծացել է այն հրապարակումների թիվը, որոնք ցավ են ապրում, թե Թուրքիան կարող է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ և Ադրբեջանին մենակ թողնել ղարաբաղյան հակամարտության հարցում: Ադրբեջանի քաղաքական իշխանությունը` «Նոր Ադրբեջան» կուսակցության էլիտան, ավելի զուսպ և չափավոր է հարաբերությունների կարգավորման առնչությամբ, քան ադրբեջանական ընդդիմությունը: Նրանք Թուրքիայի կողմից այդ քայլը գնահատում են իբրև դավաճանություն: Իմ դատողությունների հիմքում Դրաստամատ Կանայանի անվան ռազմական հետազոտությունների ինստիտուտի և ԵՊՀ-ի թուրքագիտության ամբիոնի հետ համատեղ մեր` ԲՀԿ անցկացրած մոնիտորինգն է, որը ձգվում է արդեն 6 ամսից ավելի: Թուրքիայում իշխող էլիտայի ներսում իրար են բախվել երկու սկզբունքային մոտեցումներ. ազգայնական շրջանակներում կան ավանդական, պետական, պահպանողական դիրքորոշումներ, որոնք մեզ հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են Լեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներով, իսկ Հայոց ցեղասպանության հարցում` հայկական իշխանությունների ավելի մեղմ քաղաքականություն ակնկալելով: Սրա հետ մեկտեղ` վերջին մեկ տարվա ընթացքում` Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից սկսած, թուրքական մամուլում Հայաստանի մասին սկսել են գրել ավելի հաճախ, և, որ հետաքրքիր է` բարյացակամ, չեզոք տոնայնությամբ հրապարակումների թիվն էականորեն մեծացել է: Թուրքական քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ սկսել են ավելի համարձակ արտահայտել դիրքորոշումները` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին: Ընդ որում` Թուրքիայում արդեն լսվում են ձայներ, այդ թվում իշխող էլիտայի շրջանում, որ միևնույն է Հայաստանի իշխանությունները զիջումների չեն գնալու` Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից հրաժարվելու առումով, իսկ ղարաբաղյան խնդրում միակողմանի զիջումներ սպասելն անօգուտ է: Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչման գործընթացին, ապա բոլորովին վերջերս Թուրքիայում Օբամայի հնչեցրած արտահայտությունից (ինքն իր դիրքորոշումը չի փոխել և Թուրքիան պետք է հաշվի նստի պատմության հետ) հետո շատերը պնդում են, որ ամերիկյան 44-րդն էլ հերթական Նախագահը կլինի, ով վարպետորեն կխուսանավի մեր ակնկալած ձևակերպումից, ինչպես նաև արմենոցիդը պետական մակարդակով ճանաչելուց: Ոմանք էլ, իհարկե, ինչպես օրինակ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, «վարդագույն ակնոցներով» դիտարկելով եղելությունը, կարծում են, որ, այնուամենայնիվ, Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը: Այս վարկածը, թերևս, նույնպես հեռու չէ տրամաբանությունից, քանզի Օբաման խնդիր ունի իր իշխանությունը աշխարհին նոր որակներով ներկայացնել` տարբեր դրսևորումներով: Ու այդ քայլը` մարդասիրության տեսանկյունից աներկբայորեն կբարձրացնի նրանց հեղինակությունը: