ԼԻՆԵԼ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ


Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին կանգնել է շեքսպիրյան հանրահայտ «լինել, թե՞ չլինել» հարցի դեմ հանդիման: Ապրիլի 9-ից տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել ոչ միայն մայրաքաղաքի, այլև մյուս խոշոր բնակավայրերի փողոցներն ու հրապարակները և պահանջում են նրա հրաժարականը: Վրաց ընդդիմությունը սա ներկայացնում է որպես համաժողովրդական պահանջ և սպառնում է այնքան երկար շարունակել հանրահավաքային պայքարը, մինչև նախագահը կամովին հրաժարական տա և հեռանա: Արդեն հայտնի է, որ Սահակաշվիլին ցուցարարների պահանջը մերժել է: Փոխարենն ընդդիմությանն առաջարկել է երկխոսություն այլևայլ հարցերի, այդ թվում հնարավոր սահմանադրական փոփոխությունների և վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ: Նախագահի այս կեցվածքը, որն ընդդիմությունն անհապաղ պիտակավորեց որպես «վախկոտություն», ափսոսանքի է արժանի: Քանզի անձամբ նրա, ինչպես նաև Վրաստանի համար նախագահի հրաժարականը լավագույն ելքը կլիներ: Սահակաշվիլին ավելի շուտ պետք է հեռանար, արդեն օգոստոսյան պատերազմում կրած խայտառակ ձախողումից հետո: Իսկ եթե շարունակի համառել, ապա բացառված չէ, որ իրադարձությունները դուրս գան վերահսկողությունից, բախումներ սկսվեն, արյուն հեղվի: Որովհետև անհնար է փողոց դուրս եկած խոշոր զանգվածներին տևականորեն պահել իրենց բողոքի արտահայտման սահմանադրական-ժողովրդավարական շրջանակներում: Դա չափազանց մեծ ռիսկ է պարունակում իր մեջ: Վաղ թե ուշ կգտնվեն սադրիչներ, ընդսմին, թե իշխանական, թե ընդդիմադիր ճամբարներից, որոնց համբերությունը կսպառվի, նյարդերն առաջինը տեղի կտան և, Աստված մի արասցե, կսկսվի մի այնպիսի զարհուրելի Սոդոմ-Գոմոր, որից հետո խաղաղության վերականգնումը կդառնա չափազանց դժվար: Վրաստանի նման փոքր երկրներում այդպիսի մեծ խառնակությունները երբեք տարերայնորեն չեն բռնկվում: Ով փորձում է խնդիրն այնպես ներկայացնել, թե «ժողովուրդը ոտքի կանգնեց, որովհետև նրա համբերության բաժակն արդեն լցվել էր», պարզապես ստում է: Ժողովոուրդը ոտքի է կանգնում միայն և միմիայն այն ժամանակ, երբ նրան ոտքի կանգեցնող է լինում: Դժգոհ, հեղափոխականացած զանգվածներին նախ և առաջ կազմակերպող, ուղղություն տվող քաղաքական ուժ է պետք, իսկ դրա համար ոչ միայն գաղափարախոսություն, հեղափոխական խանդավառություն, կարգախոսներ, քարոզիչներ և հազար ու մի այլ բաներ են անհրաժեշտ, այլև` ամենասովորական փող, մեծ, շատ մեծ փող: Ո՞վ կարող է վրաց այսօրվա ընդդիմադիրներին այդ կարգի զանգվածային միջոցառումների կազմակերպման համար պահանջվող քանակի փող տրամադրել: Սովորաբար, ամեն կարգի ու գույնի հեղափոխականները փողը ձեռք են բերում բազմաթիվ աղբյուրներից: Այդ աղբյուրները կարող են լինել և երկրի ներսում, և դրսում: Ով շահագրգռված է տվյալ երկրի ներքին քաղաքական կայունության խարխլմամբ, իշխանության բռնի կամ խաղաղ փոփոխությամբ` հենց նա էլ փողի գլխավոր մատակարարն է լինում: Տվյալ դեպքում Սահակաշվիլու տապալմամբ կարող են շահագրգռված լինել և° վրաց ընդդիմադիր շրջանակներին երկրի ներսում դրամական աջակցություն ցուցաբերող ները, և° իրենք` վրաց ընդդիմության այսօրվա այն լիդերները, ովքեր հազիվ թե ոտքերն ամպոտ հրեշտակներ են և հենց Սահակաշվիլու իշխանության օրոք կամ դրանից առաջ մեծամեծ գումարներ չեն հափշտակել սեփական ժողովրդի գրպանից: Չեն բացառվում նաև զանազան Սորոսները, ովքեր բացահայտորեն ֆինանսավորեցին նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեին պաշտոնազրկելու նպատակով դեռ 2003 թվականին նույն Սահակաշվիլու գլխավորած «վարդերի հեղափոխությունը», և Մոսկվան, և Վաշինգտոնը: Կոնկրետ ո՞վ` այսօր դեռ դժվար է ասել, միգուցե դա դեռ շատ երկար ժամանակ գաղտնիք մնա: Բայց որևէ կասկած լինել չի կարող` այն, ինչ անցյալ շաբաթվանից տեղի է ունենում Վրաստանում` «վարդերի հեղափոխության» բացահայտ շարունակությունն է: Միխայիլ Սահակաշվիլին այժմ, պատկերավոր ասած, ստիպված է խփշտել հենց այն նույն դառը շիլան, որը նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի համար տարիներ առաջ հենց ինքն էր եփել իր երեկվա համախոհների և այսօրվա հակառակորդների հետ միասին: Շևարդնաձեն, համենայն դեպս, ընդմիշտ կմնա իր ժողովրդի երախտապարտ հիշողության մեջ, որ իշխանությունից հեռացավ առանց արյուն թափելու: Կարող էր, չէ՞, արյուն թափել, և միայն Աստծուն է հայտնի` լա՞վ արեց, որ չթափեց, թե՞ վատ: Պատմությունը եթեներ չի հանդուրժում, և վրաց ժողովուրդը այդպես էլ երբեք չի իմանա, թե իր համար ո՞րն ավելի լավ կլիներ` Շևարդնաձեն արյուն թափելով մնա՞ր, թե անարյուն հեռանար: Արդյո՞ք նախկին նախագահի անարյուն հեռանալը պատմական հեռանկարի առումով շատ և շատ ավելի ծանր չնստեց վրաց ժողովրդի վրա` դուռ բացելով վրաց-օսական պատերազմի համար: Իսկ այդ պատերազմը հավերժորեն թաղեց նախկին խորհրդային Վրաստանի սահմաններում երկրի ամբողջականությունը երբևէ վերականգնելու անխտիր բոլոր հույսերը: Ուստի առնվազն քաղաքական միամտություն էր Սահակաշվիլու անցյալ շաբաթվա հորդորը` ուղղված սեփական ժողովրդին, թե «հիմա նախագահի հրաժարականը պահանջելու ժամանակը չէ, հիմա համազգային համաձայնություն է անհրաժեշտ, քանի որ երկիրը կանգնած է իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրամայականի առաջ»: Մի՞թե Սահակաշվիլին իսկապես հավատում է, թե Վրաստանը, մանավանդ իր գլխավորությամբ, կկարողանա երբևէ լուծել այդ խնդիրը: Ոչ ոք այլևս հանուն Վրաստանի ամբողջականության հեքիաթի` սեփական գլուխը ցավի տակ չի դնի: Միգուցե քարոզչական աղմկարարությունը դեռ շարունակվի, միգուցե համաշխարհային հանրությունը դեռ ձեռնպահ մնա Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունները ճանաչելուց, բայց այդպես երկար կամ անվերջ չի շարունակվի: Վաղ թե ուշ երկու նորանկախ պետությունների հայտնվելը մոլորակի քաղաքական քարտեզի վրա` կդառնա կատարված փաստ: Ուստի Միխայիլ Սահակաշվիլին իր երկրի պատմության մեջ կմնա որպես այն նախագահը, ով ամենամեծ վնասը հասցրեց Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման երազանքին: Կմնա որպես մի գործիչ, ով անխոհեմություն ունեցավ մի շատ վտանգավոր խաղ սկսել այս աշխարհի հզորների հետ, ենթադրելով, թե իրեն կհաջողվի մեծագույն ծառայություն մատուցելով այդ հզորներից մեկին` Վաշինգտոնին` ռուսներին Կովկասյան լեռներից այն կողմ շպրտելու նրա երազանքների իրականացման գործում, նրա օգնությամբ հասնել օսերի և աբխազների հնազանդեցմանը: Սահակաշվիլին չգիտեր մի պարզ ճշմարտություն` այս աշխարհի հզորները երբեք և ոչ մեկի համար հուսալի հենարան չեն եղել ու չեն լինի: Նրանք ավելի շատ անդրկուլիսային համաձայնության կգան միմյանց հետ` զոհաբերելով փոքրի ճակատագիրը, քան թե հանուն փոքրի` լրջորեն կթշնամանան միմյանց դեմ: Մի՞թե դրա ապացույցներից մեկն էլ այն չէ, որ Բարաք Օբամայի վարչակազմը, ի տես Վրաստանի նոր խառնակության, հայտարարեց, թե «Վաշինգտոնը չի խառնվի Թբիլիսիի ներքին գործերին»: Իսկ դա նշանակում է` Սահակաշվիլուն օգտագործեցին ու այժմ թողնում են բախտի քմահաճույքին` ինչպես ուզում է` թող լուծի իր լինել-չլինելու խնդիրը…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ