Ծաղկազարդ


ՀԻՍՈՒՍԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ Կիրակի` ապրիլի 17-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով. օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մատթ.21:9): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների` Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը, որպեսզի Տերը մաքրեր այդ մեղքերը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, Ով մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո մատուցվում է Ս. Պատարագ: Առավոտյան արդեն եկեղեցում օրհնվում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանվում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք անպտուղ էին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը դարձյալ խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող: Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. «Օրհնություն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում մանուկների օհնության կարգ է կատարվում: