ԽՈՍԻ´Ր, ԽՈՍԻ´Ր` ՇՈՒՆՉ ԱՌՆԵՄ


Լուսինը լողաց ամպերի միջով, դեմքից ցած նետեց ամպերի շղարշն ու լուսերեսով արահետ բացեց մթան մեջ կորած սենյակում: Դեղահաբերից դանդաղ կորցնում էի արթնությունս, տառապանքով մխրճվում մահվան մահիճը: Վերջին անգամ հայելու առջև ուղղեցի ճերմակ գիշերազգեստս, վարդագունեցրի այտերս, թարմացրեցի շրթներկս ու երանությամբ տրվեցի փափուկ անկողնուն` պատրաստ իրագործելու մեռնելու ցանկությունս: Ցավից խեղդում էի ներսումս պոռթկացող ճիչը: Բարձը սեղմեցի բերանիս: Հեռախոսը զնգաց` խախտելով լռությունը: Ծանրացած ձեռքս մեկնեցի լսափողին: Լռություն էր... Հեռախոսազանգերը հաճախակի դարձան այն օրից, երբ մենք երկինք ու երկիր խառնել էինք իրար, երբ հազար անգամ երդվել էինք վերջակետ դնել մեր անօրինական կապին ու հազարմեկերորդ անգամ սիրակեզ ցնորքների մեջ դրժել ամեն երդում: Այս անգամ բաժանումն անխուսափելի էր, ելքը` վճռված: Մահը պետք է որ հաղթի գոյության անհեթեթությանը: Լուսինը կրակված աչքերով մտավ անկողինս: Փաղաքշանքին անհաղորդ մնալով, խռոված սահեց անկողնուցս և վարագույրով ծածկեց իր բոսորագույն մերկությունը: Պետք չէ թաքնվել, դու ամոթխած երբեք չես եղել, գիտեմ եկել ես էրոսի ոսկեզօծ նետով` չխնայելու: Թող տեսնեմ դեմքդ, այրվող շուրթերդ: Արի զրուցենք, քանի դեռ ուժս չի հատնել, դու իմ մասին ոչինչ չգիտես, դե հիմա լսիր: Տիեզերքի աննշան մի անկյունում, խենթ բնության երկունքի մեջ մի աղջիկ ծնվեց, անվանակոչվեց և տարիներ անց Արարչի կողմից գրեթե մոռացվեց: Մանկությունը ջինջ, մանկությունն անհոգ` ո՞ւմ էր մնացել: Թռավ աննկատ ակնթարթի պես, հիշողությանը թողնելով կոտորակների խաչաձև բազմապատկումն ու մորս կաթնառատ կուրծքը: Պատանեկության երազները բախվեցին իրականության շփոթված զգացմունքներին ու փշրվեցին: Պայքար սկսվեց իմ ու իմ միջև: Մեղավոր հոգով ում դեմ էի կռվում, ինքս էլ չգիտեի: Ու մեկ էլ տեսնեմ, սա էլ վերջացավ կատվի ու մկան հաճույքի խաղով: Սևաթույր գիշերվա մեջ հայտնվեցիր դու, սենյակս մտար կրքոտ աչքերով, արյունս եռաց... շունչս կտրվեց... Սպասիր, մի գնա` դեռ չեմ վերջացրել... ժամդ լրացավ, երկար է ճամփադ... առ ինձ թևերիդ, միասին լողանք ամպերի հունով: Գիտես, քեզ համար Ֆիդեաս կդառնամ, առ ինձ թևերիդ, տար քո հետքերով: Ո՞վ կա սենյակում, ի՞նչ է կատարվում… զարթնում եմ կարծես: Նողկալի սրտխառնոցով մի կերպ վեր կացա: Ձեռքս գցեցի բաղնիքում կախված սրբիչից ու փռվեցի հատակին: Կրակը թեժացավ ներսումս: Գլուխս մտցրի ջրով լի թասի մեջ` փրկե˜ք, փրկե˜ք` չգիտեմ լսելի, թե խուլ ձայնեցի աշխարհին: Հենվեցի սառը պատին` փորձելով մարտահրավեր նետել մահվան ուրվականներին: Գորշ կերպարանքներն օղակի մեջ էին առնում կոկորդս: Լայն բացեցի բերանս: Տիեզերքն առանց թթվածին էր: Կորցրի զգացողությունս: Խայտաբղետ կակաչների գունագեղությունից հրդեհվում էր սարալանջը: Հովիվը շվի ածելով խաշինքն առաջ գցած` հաղթահարում էր բարձրադիր սարալանջը: Շիկահեր մի աղջնակ քամու հովի հետ փրփրացնելով մանիշակազարդ շրջազգեստի փեշերը` վազում էր նրա հետևից: Վազում էր` հասնելու ավետյաց երկիր: - Անո˜ւշ, անո˜ւշ, տուն արի, տուն... Ճաքեց երկինքը, սրընթաց ճախրեցին հավքերը, կաքավներն ու կեռնեխները ձեն տվին, արձագանքեցին խորխորատ ձորերը: «Անո˜ւշ, հե˜յ Անո˜ւշ...»: Ու՞մ ձայնն էր այդքան պարզ ու մեղրանուշ ծորում ականջիս, ո՞վ էր տուն կանչում: Մորս խուլ հառաչանքը ճզմեց հոգիս: Զառիթափին ուրվագծվեց մեր հին տունը, բացված դռնից երևաց իմ մանկության օրորոցը` փրկության աղերսով: Մեղմ ու թեթև էր օրորվում` մորս քնքուշ դնդնոցի տակ: Տանիքը ուռել ու ճաք էր տվել, պատերը ոլորապտույտ ջրհորդան էին գծել: Անձրևաջուրը սահում էր պատերի միջով, լցվում աղբրակը: Ինչքան էինք սրթսրթացել տաք քարին պառկած, սառնաղբյուրի չլմփոցներից: Ահա Արտակը, Արուսն ու Մխոն, էն էլ Արմիկը` շվար, մորեմերկ` շորերը գրկած: Թթի ծառի տակ Հարութն էլ անգութ այծին էր հեծել` պոզերից բռնած: Նանեն շողշողաց քարափի կշտին, թափ առավ, վազեց թշնամու ձորը: Կա´ց, այ գիժ մտրուկ, առաջ մի գնա, վտանգ կա էնտեղ... ետ արի գրկեմ... ո՞վ էր, ո՞վ կանչեց... Կիսափուլ տան շեմին կանգնած` Տիրամոր հայացքով, ձեռքերն առաջ պարզած` գիրկն էր կանչում մայրս: Կաթնաբույր հոտին կարոտած` փլվեցի բազուկներին: Անկշտում համբուրում ու չէի հագենում դրախտային անուշահոտից: Մայրս ձուլվեց ադամամութին ու անէացավ լեռնալանջերի մշուշում: Կորավ Արտակը, Արուսն ու Մխոն մնացին ձորում, սառնաշաքարից սարքված մեր տունը հալվեց... Հովիվը շվի ածելով, խաշինքն առաջն արած հաղթահարում էր սարալանջը: Շիկահեր մի աղջնակ` Անուշ անունով, վազում էր, վազում... Սև ամպերը ներխուժեցին սենյակս, մրրկահողմի պես բարուրեցին կուչ եկած մարմինս, բարձրացրեցին վեր` նետելու դժողքի թեժ բոցերի մեջ: Սարսափի ճիչը ցնցեց անկենդան մարմինս: Լուսաբացը զգուշավոր ցրում էր մղձավանջը: Արևի շողերը ցողեցին դեմքս: Բանալին պտտվեց փականի մեջ: Սենյակում շարժում զգացի: Ով էլ որ լինես, հանդերձյալ թե աշխարհիկ կյանքից` խոսի´ր: Խոսի´ր` շունչ առնեմ: