Եկավ ճիշտ ժամանակին


Թվում է` երեկ էր, երբ ինձ ծանոթ բնակելի շենքի անկյունից դուրս եկավ Մյասնիկը` մեր Միրոն` ժպտադեմ, խաժակն, մոտեցավ, հարց ու փորձ արեց և արագաքայլ հեռացավ: Այսպիսին էր Մյասնիկը` միշտ ուրիշի կողքին, միշտ ուրիշին կարեկից, կյանքին սթափ նայող… 1992 թվականի նոյեմբերի 16¬ը այդպես էլ գուցե աննկատ անցներ` սովորական բոլոր օրերի նման և երբեք ու երբեք չհիշվեր: Սակայն Մյասնիկին բոլոր ճանաչողների սրտում այդ օրը մնաց որպես տխուր հիշողություն: Արցախ աշխարհի վայրի կակաչը տնքած ծանր ցավից… Ոսկեպարի պաշտպանության մարտերում բավական թրծված, տանկիստ-մեխանիկի որակավորում ստացած, Լաչին, Շուշի, Ճարտար և էլի շատ բնակավայրերի ազատագրմանը մասնակցած, ընկերների հետ հակառակորդի 12 տանկ ոչնչացրած և սեփական նախաձեռնությամբ թշնամու ռազմավոր բռնագրաված «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի ամենակրտսեր անդամ Մյասնիկ Գասպարյանին հանձնարարված էր պաշտպանել Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մատույցներում գտնվող Դիվանլար բարձունքը: Ասում են` թշնամուն էլ բավական ծանոթ էին Միրոյի սխրանքները, ու թշնամին նրանից էլ ահ ու երկյուղ ուներ: Սակայն սևակնած այդ օրը Միրոյի և իր երկու ռուս ընկերների` Դիմայի և Իլյայի համար ճակատագրական եղավ: Առաջադրանքը կատարված էր: Ռուս ընկերոջ` Դիմայի զոհվելուց հետո Միրոն ստույգ որոշում է կայացնում Իլյայի հետ պաշտպանել ճակատային գիծը, սակայն ընկնում են շրջափակման մեջ: Ահասարսուռ «գերի˜» բառը սթափեցնում է Միրոյին, ու միտքը արագ լուսավորվում է` սեփական արյունը հարազատ հողի վրա պիտի թափել: Թշնամու համար թաքցրած նռնակը արագ սեղմում է կրծքին ու իր ռուս ընկերոջ հետ անմահանում` իրենց հետ տանելով թշնամու մի քանի կյանքեր: Մի քանի օր անց ռազմի դաշտից դիակներ տեղափոխող մեքենան հասավ նաև մեր քաղաքը` Արթիկ: Բոթը խուժեց քաղաքի մի ծայրից մյուսը: Հայրենի օջախ էր վերադարձել «մեր Միրոն»… Հիշում է մայրը` դյուցազնածին Սուսաննան, որ որդու հետ հանդիպման վերջին պահին նրան սեղմել է կրծքին ցավ պատճառելու չափ, կարոտով և զգույշ մրմնջացել. «Բալե´ս, չեմ ուզում կարոտ մնալ քեզանից»: - Կարոտ չեմ թողնի քեզ, մա´յր, ինչպես էլ լինի կարոտդ կառնես, աղոթիր, որ մայր հողը ինձնից կարոտ չմնա,¬ ասել էր Միրոն: Համբուրել էր մոր ճակատը, երկու ձեռքերով գրկել ուսերը և կես լուջ¬կես կատակ հիշեցրել, որ սերմնացանը սերմը հողին հանձնելիս առաջին մի քանի բուռը բաժին է հանում երկրի ու երկնքի արարածներին, իսկ մնացածը ապահով պահ տալիս հողին: Չորս որդիներ ծնած ու դաստիարակած մոր համար, Միրոյի կարծիքով, հպարտություն պիտի լիներ մեկին նվիրել հայրենի սուրբ հողին` մյուսների ճամփան հարթ ու խաղաղ դարձնելու համար: Մյասնիկը գնաց, մարտիրոսվեց` մոր հոգում բացելով արցունքի ու կարոտի խոր անդունդ, հոր աչքերում` քարացած վիշտ, հարազատների, մերձավորների, ուսանողական ու մարտական ընկերների հոգիներում` սեր ու ափսոսանք: Ուսման կարոտ ուներ` կիսատ թողեց… Մայրը, Մյասնիկի աչքերում, միշտ Տիրամոր պատկերով էր, և հիշում էր, թե ինչպես բաժանման պահին նա լացը սեղմեց ատամների արանքում, կոկորդը խեղդվեց, բայց անարցունք ճանապարհեց որդուն, որ Միրոն հանգիստ դուրս գա հայրական տնից ու հետո ազատություն տա արցունքներին. Միրոն չէր սիրում լացը, քանզի դա թույլերին է սազում, իսկ ինքը թույլ չէ, մայրը` առավել ևս, որովհետև քաջերը քաջերից են ծնվում: Լացը պետք չէր, այլ հպարտ էր, որ մայրը որդի էր ծնել անհրաժեշտ պահերին անգամ մահապարտ կոչվելու: Մեր Միրոն մեկնեց Արցախ` մարտադաշտում դառնալով մեր ժամանակի «Ձորի Միրոն». թշնամուն սարսափեցրեց ոչ միայն «ափի մեջ պահած կրակով», այլ հոգու վեհությամբ, հայոց այրերին բնորոշ առնականությամբ, մշեցուն հատուկ սառնասրտությամբ: Նրա կյանքը լեգենդ դարձավ: Այսօր Միրոն նայում է պատի նկարից` անեղծ հայացքով, որը լույսի նման մաքուր է, գարնան շողերի պես ջերմացնող ու խորհուրդ ունի մի անսովոր. հողը կսևանա քաջի զոհվելուց, բայց նոր ծիլ կտա, հողը ոչ թե երաշտից, այլ բերկրանքից կճաքի, իսկ սեփական հողի պաշտպանները կհավերժանան որպես լուսապսակներ: Հայրենի հողի պաշտպանը բոլորից բարձր ու շուտ է լսում հողի կանչը, ավելի մոտիկ զգում նրա շունչը: Մեր Միրոն էլ ընկավ լույս-հայացքը հավերժին պարզած: Նա աշխարհ եկավ գարունով` ապրիլին: Ամեն տարի ապրիլի 30¬ին նշվում է Միրոյի ծննդյան օրը: Արդեն 18 տարուց ավելին է, ինչ Միրոն մեզ հետ չէ: Նա այսօր կլիներ 41 տարեկան` առլեցուն հոգով ու կյանքով: Բայց չվայելեց իր բաժին սերն ու բերկրանքը: Երևի Միրոն ինքը գտավ իր ճանապարհը: Այդ ճանապարհով կարող էին անցնել միայն Միրոյի նմանները: Միրոյի կամքն ու հոգին անսանձ էին ու անկոտրում, ոչ ոք և ոչ մի բան նրան չէին կարող հեռու պահել նպատակից` պապերի հողի լիովին ազատագրումը պիտի սկզբնավորվեր Արցախից: Նկարում նրա աչքերից անմեղությունն է կաթում, իսկ ձեռքերը, ինչպես մայրն է ասում` «նայում եմ ձեռքերիդ, դահիճ ես, բալե´ս»: Իմաստուն են մոր խոսքերը` անարգ թշնամուն ընդմիշտ խեղդելու համար «դահիճ ձեռքեր» են անհրաժեշտ, որ հետո դահիճ¬թշնամու ձեռքով չգլխատվենք: Հպարտո´ւթյունն ու ափսոսանքը ագուցվել են իրար: Ուզում եմ մեծի ու մտերիմի իրավունքով ձայնել. «Զարթի´ր, լաո´, մեռնեմ քըզի…»: Զարթի´ր, քանզի «Վրեժ ունես պատմությունից դեռ հանելու»: Զարթի´ր, դեռ կյանք ունես դու ապրելու, երազ ունես, մուրազ ունես, նոր ուխտ ունես, նոր խոսք ունես մեզ ասելու… Անգնահատելի է Մյասնիկի սխրանքը: Ազգի պատմությունը կերտողներին պիտի արժանվույն գնահատել: Գնահատականը, պարգև ու կոչումը զոհվածներին պետք չեն, բայց «ապրողներիս շատ են հարկավոր»: Քմահաճությունն ու անտարբերությունը պիտի հեռու վանել զոհերի սխրանքներից, որոնք անգնահատելի դասեր են այսօրվա սերնդի համար: Պատմությունն է ժամանակի ամենամեծ, ամենաանաչառ դատավորն ու քննիչը: Կգա ժամանակը, և կվերծանվեն դեռևս մեզ համար այսօր անհայտ մնացած այն սխրանքները, որոնք նաև Միրոյին մեր փառավոր պատմության էջերում հավերժանալու իրավունք տվող անձնագիրը պիտի լինեն: Վինետա ՄԱՆՈՒԿՅԱՆ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ՍՈՖԻ ՄԻՐԶՈՅԱՆ