Հերթական մի մտավարժանք


Ադրբեջանական կայքերից մեկում ռուսաստանցի քաղաքագետ, Եվրասիական միջազգային շարժման առաջնորդ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ներկայացված Ալեքսանդր Դուգինի հետ տնավարի մի հարցազրույց է տպագրվել: Քաղաքական ոչ միայն կոռեկտությունից, այլև իրատեսությունից զուրկ, փաստերից անտեղյակ կամ դրանք միտումնավոր նենգափոխող պրոֆեսորի դատողություններից 1-2¬ին, թերևս կարելի է ծանոթանալ: Նրա մյուս դատողություններն ընդամենը ադրբեջանասեր զառանցամտություն համարելով: Խոսքը հատկապես Հայոց ցեղասպանության մասին նրա «անփույթ» բարբաջանքի մասին է, որով մեր ընթերցողի նրբազգացողությունը չենք վիրավորի: - Հայաստանի ընդդիմությունն իշխանություններին վերջնաժամկետ է տվել` իր պահանջները կատարելու համար` հակառակ դեպքում սպառնալով դիմել ավելի կտրուկ ու կոշտ գործողությունների: Ձեզ համար տեսանելի՞ է այդ երկրում հեղափոխական սցենարի իրագործման հնարավորություն: - Այո, ես կարծում եմ, որ դա կարող է իրական դառնալ, որովհետև սկզբունքորեն ամերիկացիները լրջաբար սկսել են քաոսի արտահանումը: Դա կատակ չէ: Եվ ինձ թվում է` նրանք դրան տեղեկատվական-քաղաքական լուրջ աջակցություն են ցուցաբերում: Տեր¬Պետրոսյանն ավելի արևմտամետ մարդ է, քան Սարգսյանը: Երկրորդ, այդ քաոսի արտահանումն Արևմուտքի գլխավոր մարտավարությունն է: Այսինքն, Հարավային Կովկասի ապակայունացումն ԱՄՆ¬ի հերթական խնդիրներից մեկն է, և կարծում եմ` մենք մոտենում ենք այն պահին, երբ Կովկասում իրավիճակը կբորբոքվի: Այդ պատճառով ես լրջորեն կվերաբերվեի Հայաստանում իրավիճակի լարմանը: - Ինչպե՞ս կգնահատեիք Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը: Ըստ ձեզ, ո՞վ է շահագրգռված` պահպանելու ներկա ստատուս¬քվոն: - Ինձ թվում է, որ Ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը, որքան էլ տարօրինակ հնչի, աշխարհագրական տեսանկյունից լավագույնն է` բոլոր խաղացողների` Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Թուրքիայի համար: Այսինքն, տարածաշրջանային այն տերությունների համար, որոնք շահագրգռված են Կովկասի անվտանգության համար: Ինչո՞ւ: Որովհետև Ադրբեջանում բոլորը Լեռնային Ղարաբաղը համարում են իրենց պետության մասը, և դա իրավաբանական փաստ է, ինչը շատ կարևոր է: Հայերը գոհ են նրանով, որ շարունակում են վերահսկել ԼՂ¬ն, ինչը նույնպես համապատասխանում է նրանց շահերին: Թուրքիան շահագրգիռ է, որպեսզի չսկսկվի հակամարտություն, որի մեջ այսպես թե այնպես ինքը կներգրավվի: Այսինքն` նրա համար նույնպես իրավիճակը ձեռնտու է: Ռուսաստանը շահագրգիռ է ստատուս¬քվոյի պահպանմամբ, որովհետև Հայաստանի տարածքում տեղակայված են նրա զինված ուժերը, ու միաժամանակ շատ լավ զարգանում են հարաբերություններն Ադրբեջանի հետ: Այդ ստատուս¬քվոն փոխելու դեպքում վնաս կհասցվի բոլոր այդ պետությունների ռազմավարական շահերին: Ղարաբաղի անկախությունը ևս ոչ մեկը չի ճանաչի: Եթե որևէ մեկն էլ շահախնդիր է փոխելու ուժերի հավասարակշռությունը այդ հակամարտության շուրջ` դա միայն ԱՄՆ¬ն է: Որովհետև տարածաշրջանային իրավիճակի ապակայունացումն անմիջապես կթուլացնի նրա մրցակիցների դիրքերը: Մեծ ափսոսանքով եմ նշում, որ վերջին ժամանակներում նախագահ Մեդվեդևի քաղաքականությունն ավելի է տեղավորվում ազդեցության ոլորտների վերաբաժանման ամերիկյան մարտավարության շրջանակներում: Չգիտեմ` գիտակցորեն, թե ոչ, բայց նա հաճոյանում է ԱՄՆ¬ին: Եվ եթե Ռուսաստանի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հարցերով բանակցությունները կողմերի միջև ուժերի հավասարակշռությունն էականորեն խախտելու խնդիր հարուցեն, ապա դա որևէ լավ բանի չի կարող հանգեցնել: Ըստ էության` հենց այդ էլ ցանկանում են ամերիկացիները: Այդ պատճառով, իրավիճակը սառեցնելու ձգտումը կարող է միայն բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանային բոլոր երկրների համար: Այնպես որ` լավագույն դեպքում Ռուսաստանը ոչնչի չի հասնի, և դա հնարավոր բոլոր արդյունքներից ամենադրականը կլինի: Իսկ եթե նա ինչ¬որ բան անի, ապա դա սարսափելի կլինի: ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԻՆ