«Պատիվ ունեմ ներկայանալ»


Պաշտպանական կառույցի ամրության և հզորության հիմնական երաշխիքներից մեկի` բանակ¬հասարակություն կապի սերտացման, այն առավել անմիջական դարձնելու գործընթացը մեզանում շարունակական բնույթ է կրում: Խնդիրը մշտապես ՀՀ Պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Ձեռնարկվող քայլերի և միջոցառումների անմիջական ազդեցությամբ կապն օրեցօր ամրանում է, իսկ բանակն ավելի ճանաչելի է դառնում: Հասարակության հետաքրքրությունը պաշտպանական կառույցի նկատմամբ խիստ օրինաչափ է: Հատկապես զինծառայողների ծնողներին և հարազատներին մշտապես հուզում են զորամասերի կենցաղային պայմանները, սննդի որակը, տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, ներքին փոխհարաբերությունները և բազմաբնույթ այլ խնդիրները: Իսկ այս ամենի հսկայական ծանրությունն ու պատասխանատվությունն ուսերին կրողի` զորամասի հրամանատարի անձն ու անցած մարտական ուղին մշտապես ուշադրության կենտրոնում են: Արդեն մի քանի տարի է` գեղեցիկ ավանդույթ է դարձել ՀՀ վարչապետի և Պաշտպանության նախարարի որոշմամբ կազմակերպվող «Պատիվ ունեմ ներկայանալ» միջոցառումը, որն անցկացվում է բոլոր զորամասերում: Հրամանատարը ներկայացնում է իր ծառայողական կենսագրությունը, հաջողությունները, աշխատաոճը, որդեգրած սկզբունքները, ապա պատասխանում ծնողներին հուզող հարցերին: Անմիջական այս շփումն առավելապես նպատակաուղղված է հասարակության գիտակցության մեջ հրամանատարի դրական կերպարի ձևավորմանը և պայմանավորված է նրան ճանաչելով` բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը ծնողին մասնակից դարձնելուն, զորամասում բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը: 5¬րդ բանակային կորպուսում առաջին միջոցառումը մեկնարկեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանակիր, 89¬րդ հայկական «Թամանյան» դիվիզիայի անվան հատուկ հրաձգային գնդում: Իսկական զինվորականին վայել` շիտակորեն հանրությանը ներկայանալը մեծագույն հպարտություն է: - Միջոցառման նպատակն է զինծառայողների ծնողներին, հարազատներին ներկայացնել զորամասի հրամանատարի անձը, քանի որ նրա կերպարից շատ բան է կախված: Ես առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով: Եթե զինծառայողն ունի որոշակի խնդիրներ` հոգեբանական, սոցիալական, ծառայողական, մենք հրավիրում ենք ծնողին` նրան դարձնելով զավակի դաստիարակության գործընթացի անմիջական մասնակիցը: Այս հետևողականության շնորհիվ հաջողվել է կանխել բազմաթիվ միջադեպեր, հարթել տարաբնույթ հարցեր: Ծնողի հետ շփման շնորհիվ մենք լրացուցիչ տեղեկություն ենք ստանում զինվորի անձի, բնութագրի, այն որակների մասին, որոնք դժվարությամբ են ի հայտ գալիս զինվորական կոլեկտիվում: Կարևորում եմ միջոցառման խորհուրդն ու նպատակը: Հպարտ եմ, որ կարող եմ բացեիբաց ներկայանալ իմ զինվորների ծնողներին, շփվել նրանց հետ` չամաչելով որևէ կնճռոտ հարցի համար,¬ ասում է զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Մտերմիկ ու ջերմ մթնոլորտում հրամանատարը ներկայացնում է իր անցած մարտական ուղին: Արմատներով Գյումրուց է: Ծնվել է 1973 թ.: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` ստանալով հիդրոտեխնիկ¬ինժեների մասնագիտություն: 1996 թ.¬ից ծառայության է անցել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում` Հորադիզում և մինչև 2001¬ը զբաղեցրել տարբեր պաշտոններ: Սովորել է ՀՀ ՊՆ Սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնում, իսկ 2004¬2006 թթ. Ռուսաստանի Դաշնության Համազորային ակադեմիայում, որից հետո ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում: 2010 թ. ստանձնել է Մայրաքաղաքային գնդի հրամանատարի պաշտոնը: Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության» I, II աստիճանների մեդալներով, «Մայրական երախտագիտություն», «Լեռնահայաստանի արծիվ», «Հատուկ գունդ» հուշամեդալներով: Հայրենիքի նկատմամբ պարտքը կատարող յուրաքանչյուր զինծառայողի համար պատվաբեր ու նաև պարտավորեցնող է գնդի անցած փառավոր ուղին: Հատուկ գնդի նախկին տարածքում պարսիկ իշխանների կողմից 16¬րդ դարում կառուցվել է պաշտպանական նշանակություն ունեցող բերդ: 1728 թ. ռուս¬պարսկական պատերազմի ժամանակ երկարատև շրջափակումից հետո ռուսներին հաջողվել է գրավել այն: 1918 թ. Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո այստեղ տեղակայվեց դաշնակցական զինված ստորաբաժանումը, ապա միակ հրաձգային դիվիզիայի առաջին գունդը, որը կոչվեց Մայրաքաղաքային: Երկրորդ աշխարհամարտից հետո այստեղ տեղակայվեց 89¬րդ հայկական «Թամանյան» դիվիզիայի գնդերից մեկը: ՀՀ Ներքին գործերի նախարարության` 1990 թ. սեպտեմբերի N 420 հրամանով ստեղծվեց Հատուկ գունդը, որը 2001 թ. վերանանվանվեց ՀՀ ՊՆ 89¬րդ հայկական «Թամանյան» դիվիզիայի անվան 4¬րդ հատուկ հրաձգային: 2007 թ. ՀՀ նախագահի հրամանով գունդը պարգևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով: Հարուստ ավանդույթներ ունեցող զորամասի առօրյան այսօր էլ հագեցած է: Կիրակի օրերին իրականացվում են նախօրոք պլանավորված հանգստի և ժամանցային միջոցառումներ, այցելություններ թանգարաններ, թատրոններ: Կազմակերպվում են համերգներ, մարզական խաղեր, կինոդիտումներ: Արձակուրդները ձևակերպվում են ժամանակին` անշուշտ, նախապատվությունը տալով կարգապահական խախտումներ չունեցողներին, իսկ դժվար դաստիարակվող զինծառայողները հասցնում են վերանայել իրենց սխալները: Ինչպես գնդի հրամանատարն է հավաստիացնում` - Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, չունենք կարգապահական կոպիտ խախտումներ: Զորամասում պահպանվում են զինծառայողների սոցիալ¬ի րավական իրավունքները: Արձակուրդները տրվում են` հաշվի առնելով զինվորների ծառայողական բնութագիրը, առանձին դեպքերում` ընտանեկան կարգավիճակը, քանի որ ունենք միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, ինչպես նաև ամուսնացած զինծառայողներ: Ես` որպես հրամանատար, հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր ենթակայի, հատկապես զինվորի մարդկային արժանապատվությունը վիրավորելն ու, առհասարակ, նվաստացման ցանկացած դեպք ես ընկալում եմ որպես անձնական վիրավորանք և միջոցներ եմ ձեռնարկում` դրանք արմատախիլ անելու համար: Հարկ է նշել, որ ամուսնացած զինծառայողներին սահմանված կարգով հանգստյան օրերին կարճատև արձակուրդ է տրվում: Իսկ 1 ամսվա ընթացքում զորացրվող ցանկացած զինվոր հաստատված գրաֆիկով հստակ իմանում է իր զորացրվելու օրը, որը փոփոխման ենթակա չէ: Տպավորիչ էր միջոցառմանը ներկա զինծառայողների ծնողների շուրթերից հնչող անկեղծ գոհունակությունն ու երախտագիտությունը` զորամասում տիրողջ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, կարգ ու կանոնի, արձակուրդների ձևակերպման, կազմակերպվածության համար: Նմանօրինակ միջոցառումներն ավելի անմիջական են դարձնում զինվոր¬ծնող¬զորամաս կապը, ինչն էլ բազմաթիվ խնդիրների ճանապարհ է փակում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ