1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ըստ տեղեկությունների` բավական լուրջ հակասություններ են ստեղծվել դեղորայք ներկրող ընկերությունների և հանրապետության հատկապես խոշոր բժշկական հաստատությունների ղեկավարների միջև: Ինչպես հայտնի է, դեղերն ավելի վաղուց ու ավելի մեծ թռիչքներով են սկսել թանկանալ, ու դա գնային լուրջ անհամամասնութ յուն է ստեղծել բուժանյութերի և բժշկական ամենատարբեր հետազոտությունների դիմաց պահանջվող սակագների միջև: Հիվանդանոցների տնօրենները մասնավոր զրույցներում նշում են, թե հետազոտություններ իրականացնող սարքավորումները որքան էլ թանկ արժենան, միևնույն է, դրանց գործածությունը ծախսեր գրեթե չի պահանջում: Ավելին, նման գործիքներ հանրապետության բուժհաստատությունները կա´մ տարբեր բարեգործներից նվեր, կա´մ նախկինից ժառանգություն են ստացել: Պարզվում է նաև, որ հետազոտական ծառայությունների ներկայիս գներով էլ բուժհաստատություններն այնքան շահույթ են ստանում, որ եկամուտներից դժգոհելու առիթներ պետք է չունենային: Այսքանով հանդերձ` դեղերի շուկայի մենաշնորհը տնօրինող տնտեսվարողներն այս հարցը նույնպես իրենց օգտին են ձգտում լուծել: Վերջին շրջանում բուժհաստա տությունները նույնպես սկսել են վերանայել առաջարկվող ծառայությունների սակագները: Դեղ ներկրողների անուններն, իհարկե, նրանք չեն նշում ու առավել ևս վերջիններիս արտադրանքի թանկացման մասին չեն բարձրաձայնում, իսկ սակագների փոփոխությունը պատճառաբանում են կյանքի թանկացմամբ ընդհանրապես: Իր հերթին, թեև նոր գներն արդեն իսկ հետազոտվել ցանկացողների թվի զգալի կրճատման են հանգեցրել, այսուհանդերձ, հիվանդանոցների պատասխանատուները հավաստիացնում են, որ եթե մարդիկ ստիպված են լինում, ապա ուզած¬չուզած օգտվում են իրենց ծառայություններից: Հետաքրքիր է, որ վատառողջ քաղաքացիների գրպաններին հիմա էլ անուղղակիորեն հարվածներ հասցրած դեղորայք ներկրողները, իրենց անելիքը հաջողությամբ ավարտած համարելով, տեղի ունեցածը որևէ կերպ չեն մեկնաբանում: