3.000000` 800000-ի փոխարեն


- Մինչև օրենքի ապաքրեականացումը` զրպարտության և վիրավորանքի համար առավելագույնը 800 հազար դրամի չափով էր տուգանք հասնում, ինչը համարվում էր անհամեմատ խիստ պատիժ, իսկ հիմա սահմանել են 3 միլիոն դրամը: Ներկայացվում էր մի հիմնավորում, բայց արվեց հակառակը` ավելի խստացվեց: Ընդ որում, հանվեց տեղեկության ակնհայտ սուտ լինելու եզրը, որ գրված էր նախկինում ու լուրջ երաշխիք էր: Ես գտնում եմ նաև, որ այստեղ սահմանադրականության խնդիր ունենք, քանի որ սեփականության իրավունքի միջամտության խնդիր կա,- երեկ Փաստաբանների պալատում հրավիրված քննարկմանն ասաց փաստաբան Կարեն ՄԵՋԼՈՒՄՅԱՆԸ: Անձից 2 միլիոն դրամ բռնագանձելը նա որակել է միջամտություն` տվյալ անձի սեփականության իրավունքին: Քրեական պատասխանատվության ժամանակ սեփականության իրավունքի վրա ընդամենը 800 հազար դրամի կամ 1 միլիոն դրամի չափով ներգործություն կարող էր լինել, իսկ հիմա այդ շեմն ավելի է բարձրացել: - Տվյալ պատիժը հակասահմանադրական է, - հայտարարել է Կ. Մեջլումյանը` հավելելով, որ զրպարտության մասով պատասխանատվությունն ամբողջությամբ լրատվամիջոցի վրա չի ընկնում: - Ըստ օրենքի տրամաբանության` տեղեկատվության աղբյուրը պետք է պատասխանատվություն կրի, քանի որ ինֆորմացիան ինքն է տվել,- պարզաբանեց փաստաբանը` տարակուսելով, որ եթե` - ...բոլորն ընդունում են, որ բարոյական վնասի փոխհատուցում է, ինչո՞ւ պետք է խոսքով չոռ ասելը բարոյական վնասի փոխհատուցման իրավունք ունենա, իսկ բռնաբարության դեպքում չունենա: