ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը ո՞ր դեպքում է ավելի ազնիվ


Ահա արդեն երկար տարիներ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ինքն իրեն վերապահել է աշխարհի պետությունների ներքաղաքական իրավիճակի և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին հատուկ զեկույցներով հանդես գալու «առաքելությունը»: Թեև ոչ մեկը նրան չի խնդրել իր կարծիքներն ու վարչակազմի տեսակետները տարածել աշխարհով մեկ: Հաշվի առնելով Նահանգների հսկայական ազդեցությունը համաշխարհային քաղաքական կլիմայի ձևավորման վրա` կարելի էր նաև հանդուրժել նման ինքնիրավչությունը, եթե միայն ամեն տարի հրապարակվող այդ կարգի զեկույցներն իսկապես արտահայտեին հենց ԱՄՆ-ի վարչակազմի և կոնկրետ նրա արտաքին գերատեսչության մոտեցումները: Սակայն շատ հաճախ տպավորություն է առաջանում, որ փաստաթուղթը կազմում են պետդեպարտամենտի երկրորդական, կանխատրամադրված չինովնիկները, իսկ պետքարտուղար տիկին Քլինթոնը թեթև ձեռքով դրանք ստորագրում է: Կոնկրետ այս տարվա զեկույցի առնվազն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հատվածը ճիշտ այդպիսի տխուր տպավորություն է թողնում: Այնտեղ բառացիորեն այսպիսի տխմարություն կա. - Էթնիկ հայ անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկողության տակ պահել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մեծ մասն ու շրջակա 7 ադրբեջանական տարածքները: Եվ այս անհեթեթության տակ իր ստորագրությունը դրած տիկին պետքարտուղարն իրեն նեղություն չի տվել մտաբերելու թե´ անձամբ նախագահ Օբամայի, թե´ իր իսկ շուրթերից բազմիցս հնչած այն սկզբունքային տեսակետը, թե «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտութ յան հիման վրա»: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մինչ այս դիտարկվել է որպես իր իրավունքների համար պայքարող ազգային հավաքականություն, ոչ թե «էթնիկ հայ անջատողականների» ամբողջություն: Չարաբաստիկ զեկույցը կազմողներն առ ոչինչ են համարել Արցախյան հակամարտության ոչ միայն ամբողջ պատմությունը, այլև այդ ընթացքում հենց բուն ԱՄՆ-ի պետական կառույցների արտահայտած պաշտոնական տեսակետները: Արցախյան ազգային-ազատագրական շարժման արշալույսին արցախահայությունն ըմբոստացավ երկար տասնամյակներ իր իրավունքներն ու տարրական ազատությունները ոտնահարած Խորհրդային Ադրբեջանի բռնակալության դեմ: Ի պատասխան` Բաքուն ամենաիսկական պատերազմ հայտարարեց ձևականորեն իր քաղաքացիները համարվող Արցախի ժողովրդին` հրով ու սրով հարձակվելով խաղաղ քաղաքների ու գյուղերի վրա: Այն ժամանակ ԱՄՆ-ի Կոնգրեսն ազերիների սանձազերծած վայրագ պատերազմը դատապարտող որոշում ընդունեց` նշավակելով իր գաղափարական թշնամի Մոսկվային: Կոնգրեսն ի լուր աշխարհի` Մոսկվայից պահանջում էր միջոցներ ձեռնարկել խաղաղ քաղաքացիների նկատմամբ ձեռնարկվող բռնությունները կանխելու համար: Իսկ երբ Խորհրդային Միությունը փլուզվեց` Ադրբեջանը շարունակեց արցախահայության դեմ սկսած իր ագրեսիան: Եվ այս անգամ նույն Ամերիկյան Կոնգրեսն ընդունեց թիվ 907 բանաձևը, որով սեփական կառավարությանն արգելվում էր զենք ու զինամթերք վաճառել կամ ռազմական օգնություն ցուցաբերել ագրեսոր Ադրբեջանին: Այդ Բանաձևը մինչև օրս էլ ուժի մեջ է. ոչ ոք այն չեղյալ չի հայտարարել: Ուղղակի նախկին նախագահ Ջորջ Բուշի ջանքերով թիվ 907 բանաձևի գործադրումը ժամանակավորապես կասեցվել է, և այդ կասեցումն ամեն տարի թարմացվում է: Նշանակում է` ԱՄՆ-ի կոնգրեսն այսօր էլ Ադրբեջանին համարում է ագրեսոր պետություն: Այս ի՞նչ զարմանալի «հոգատարություն» է ցուցաբերում ամերիկյան ներկայիս վարչակազմը կամ նրա պետքարտուղարությունը` նույն ագրեսոր պետության ենթադրյալ տարածքային ամբողջականության նկատմամբ: Արցախի հայերն իրենց իսկ բնապատմական հայրենիքի տերե՞րն են, թե՞ ինչ-որ անհայտ մի մոլորակից են հայտնվել այդ տարածքում: Նրանք ինչպե՞ս կարող էին «վերահսկողության տակ պահել» իրենց իսկ Հայրենիքը: Բա ո՞ւմ պիտի զիջեին այդ վերահսկողությունը: Ադրբեջանի՞ն: Ինչո՞ւ: Կամ ի՞նչ է նշանակում «Հայաստանի աջակցությամբ վերահսկում են շրջակա 7 ադրբեջանական շրջանները»: Ացախահայերն այդ շրջաններն իրենց վերահսկողութ յան տակ են առել` պատերազմական անհրաժեշտության թելադրանքով` բուն Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու պարտադրանքից ելնելով: Պետդեպարտամենտը կարո՞ղ է պատասխանատվություն ստանձնել, որ այդ անվտանգության գոտին քանդելու դեպքում արցախահայությունը չի ենթարկվի բնաջնջման: Աստված մի արասցե, եթե մենք այդ շրջանները վերադարձնենք, իսկ ազերիները դրանք դարձյալ վերածեն Արցախի նկատմամբ իրենց ագրեսիան վերսկսելու հենակետերի` ո՞վ է պատասխան տալու: Կյանքի ու մահվան խնդիր է: Մեր ինչի՞ն է պետք, թե արցախահայության նոր ցեղասպանության դեպքում նույն պետդեպարտամենտը հանդես կգա Ադրբեջանին դատապարտող ինչ¬որ հայտարարությամբ: Կամ կհրապարակի նոր զեկույց, ուր ափսոսանքով կնշի, թե Ադրբեջանն այդպիսի հրեշավոր հանցագործություն կատարեց: Մեռածներին դա կվերակենդանացնի՞: ԱՄՆ-ի ենթադրյալ նոր ցավակցություններն արցախահայությանն ի՞նչ կտան: Հենց դրա համար էլ ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում ընթանում է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Եվ նույն Միացյալ Նահանգները դրանում անմիջականորեն ներառված է երեք համանախագահներից մեկի կարգավիճակով: Պետդեպարտամենտը բազմիցս հայտարարել է, որ հարցի լուծումը տեսնում է հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա եռանախագահների մշակած սկզբունքների շրջանակում: Ուրեմն ո՞ւմ է ուզում հաճոյանալ տիկին Քլինթոնը` իր ստորագրած զեկույցի ակնհայտ անհավասարակշիռ ու կողմնակալ գնահատականներով: Մի՞թե ԱՄՆ-ը չի գիտակցում, որ դրանով ական է դնում Մինսկի խմբի կողմից մշակված փաստաթղթերի տակ: Հարկ ենք համարում ԱՄՆ-ի պետդեպարտամենտին հիշեցնել` Մինսկի Խումբը գտնում է, որ հակամարտությունը պետք է լուծվի առնվազն երեք սկզբունքների հավասարարժեք ու համաժամանակյա կիրառման ճանապարհով` պետությունների տարածքային ամբողջականության հարգում, ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի բացառում, արցախահայության ազատ կամարտահայտության անվերապահ ընդունում: Այս սկզբունքներից որևէ մեկին գերակայություն տալու դեպքում բանակցային գործընթացը կմտնի փակուղի: Դրանք բոլորը պետք է կիրառվեն մեկ փաթեթով: Եվ այս մասին մշտապես ասել են նախագահ Օբաման ու պետքարտուղար Քլինթոնը: Մինչդեռ պետքարտուղարության ներկա զեկույցն ակնհայտորեն պարունակում է տարածքային ամբողջականության սկզբունքին գերակայություն տալու միտումներ: Այդ դեպքում հարց է առաջանում` ո՞ր դեպքում է ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմն ավելի ազնիվ… Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Քաղաքական մեկնաբան