Այդ ցավն իշխանության ցավն էլ է


Շաբաթասկզբին խորհրդարանը քննարկեց կենսապահովման նվազագույն զամբյուղի և կեսապահովման բյուջեի մասին օրինագիծը: Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը գործող 32 հազարի փոխարեն սահմանել 50-60 հազար դրամ: Այս հարցով ԱԺ գլխադասային` սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն էր տվել: Եվ նախագծի հեղինակ ՀՅԴ խմբակցության պահանջով խորհրդարանը օրինագիծը քննարկեց արտահերթ` արագացված ռեժիմով: Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն առաջարկել էր հարցի քննարկումը հետաձգել: Սակայն ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը ցանկանում է ժողովրդին կերակրել այն ժամանակ, երբ դա իրեն է անհրաժեշտ: Քննարկումների ընթացքից հասկանալի էր, որ քվեարկության արդյունքում խորհրդարանն օրինագիծը կմերժի: Նիստից հետո հիշյալ հանձնաժողովի նախագահ Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ խնդրեցինք պատասխանել մեր հարցերին: -Պարոն Հակոբյան, Ձեր գլխավորած հանձնաժողովն ինչո՞ւ էր բացասական եզրակացություն տվել օրենքի նախագծի վերաբերյալ: Չէ՞ որ նախագծով առաջարկված հարցերն առնչվում են այսօր հասարակությանը հուզող առաջնային խնդիրներին: - Բացասական եզրակացությունը պայմանավորված է հանձնաժողովի քննարկման օրակարգում երկու նմանատիպ օրինագծերի առկայությամբ: Այդ նախագծերը ճանաչվել են այլընտրանքային, ուստի դրանցից մեկն առանձին քննարկելը ճիշտ չէր: Բացասական եզրակացություն տալու պատճառը միայն սա է: Այլընտրանքային են ճանաչվում այն օրենքների նախագծերը, որոնք բոլորը նույն իմաստն են պարունակում: Ուստի, հարկավոր է դրանք համատեղ քննարկել` ընդհանուր ճիշտ եզրակացության հանգելու համար: Սա «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի սկզբունքն է, որի նպատակն է ճշտել, թե ո՞ր օրինագիծն է համադրվում կամ հակադրվում մյուսի հետ, որպեսզի հնարավոր լինի գտնել առաջադրված հարցերի ճիշտ լուծումը: Դաշնակցությունը որոշեց իր հեղինակած նախագիծը քննարկել առանձին: Որպես հեղինակ, ՀՅԴ-ն իրավունք ուներ այդպես վարվելու: Իսկ հանձնաժողովն էլ բացասական եզրակացություն տվեց` համարելով, որ Դաշնակցության խմբակցությունը շեղվել է այլընտրան քային քննարկման սկզբունքից: Խնդրո առարկա օրենքների նախագծերը պետք է համատեղ քննարկվեին` մինչև հոկտեմբերի 1-ը, որպեսզի արդյունքում ծնվեր օրենքի մի նախագիծ, որը հիմք կընդունվեր 2012թ. բյուջեի համար: ՀՅԴ խմբակցությունը չհամաձայնվեց: - Այդ տարբերակով, փաստորեն, հնարավոր կլիներ լիարժեքորեն քննարկել օրինագիծը, այլ ոչ թե արտահերթ ռեժիմով, որը հնարավորություն չի տալիս հարցը ներկայացնելու իր բոլոր մանրամասներով: - Այո: Օրենքի նորմալ քննարկումը տևում է 6-7 ամիս, իսկ արտահերթ ռեժիմով քննարկման համար, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, հատկացվում է 1,5 ժամ: Նման քննարկումը չի կարող պարզաբանել իրականում գոյություն ունեցող խնդիրները: - Այդ ամենն օրենքի նախագծի հեղինակները` ՀՅԴ խմբակցության պատգամավորները, բնականաբար, պետք է որ լավ իմանային: - Դա գիտեն բոլոր պատգամավորները: - Գիտենալով, որ արտահերթ ռեժիմով քննարկումը գոյություն ունեցող խնդիրները լիարժեքորեն, բազմակողմանիորեն ներկայացնելու հնարավորություն չի ընձեռելու, Ձեր կարծիքով, հեղինակներն ինչո՞ւ են պնդել նախագիծն այդ ռեժիմով քննարկել: Այդպիսով ի՞նչ խնդիր են ցանկացել լուծել: - Հարցի հասցեատերը Դաշնակցության պատգամավորական խմբակցությունն է, և հարցը պետք է ուղղել իրենց: Եթե խմբակցությունն ունի քաղաքական ենթատեքստ, ապա պետք է ասեմ, որ այն համահունչ չէ օրենքի ընդունման նպատակին: ԱԺ և´ ընդդիմությունը, և´ դիմությունը, ընդհանրապես, փորձում են օրենքների քննարկումներն անցկացնել առաջին, երկրորդ, երրորդ ռեժիմներով, որպեսզի կարողանան հասարակությանը մատուցել օրենքներ, որոնք ավելի լավ կկարգավորեն առկա հարաբերութ յունները, քան նախկինում: Այսինքն, շտապողականություն չցուցաբերելու, կամ քաղաքական ենթատեքստ չունենալու դեպքում` քննարկումը և ամենակարևորը` արդյունքը, կլիներ լիարժեք: - Դուք էլ, ՀՅԴ խմբակցությունն էլ նույն դաշտում եք գործում. այնուամենայնիվ, Ձեր փորձառությունը, զգացողությունն ի՞նչ են հուշում` ի՞նչ քաղաքական ենթատեքստ կարող էր լինել այսօր հասարակությանն ամենաշատը հուզող այս խնդիրը ներկայացնելու մեջ: - Զգացողության խնդիր չի կարող լինել: Որպես հանձնաժողովի նախագահ, ես հանձնաժողովի նիստում առաջարկել եմ, որ օրենքի նախագծի քննարկումն ընթանա նորմալ ռեժիմով` «Աժ կանոնակարգ» օրենքի հոդված 55-ի սահմանած կարգով: Իսկ թե ինչո՞ւ են նրանք նախընտրել արտահերթ ռեժիմը, ի՞նչ են մտածել, ունե՞ն քաղաքական ենթատեքստ, թե չունեն` իրենց խնդիրն է: Կրկնեմ` ես առաջարկել եմ այլընտրանքային քննարկման ճանապարհով քննարկել բոլոր երեք նախագծերը, որպեսզի կարողանանք հարցի ճիշտ լուծում գտնել: Ցանկացած օրենքի քննարկման ժամանակ, ցանկացած փուլում օրենքի հեղինակները կարող են կայացնել իրենց որոշումը. ինչպիսի՞ ենթաքեստով` իրենք կարող են ասել: Ես, որպես հանձնաժողովի նախագահ, հստակ պարտավոր եմ օրենքով սահմանված կարգով ենթարկվել նախագծի հեղինակների առաջարկություններին` թողնել քննարկման, հանել կամ քննարկել արտահերթ` հոդված 104-ի 2-րդ մասի ռեժիմով: - Իսկ համաձա՞յն եք նրանց պնդումներին, որ այսօրվա նվազագույն աշխատավարձով` 32 հազար դրամով կենսապահովման նվազագույն զամբյուղի պահանջները բավարարել հնարավոր չի: - Կենսապահովման նվազագույն զամբյուղի գաղափարը մեր նման պետություններն ընդունում են, որպեսզի կարողանան որոշել հասարակության մեջ աղքատության շեմը: Այսօր մեր հասարակության 34 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ցածր: - Այսինքն, ՀՅԴ խմբակցության առաջարկությունն, իրոք, մտահոգիչ է: - Իհարկե` կա: Այդ մտահոգությունն իշխանության ցավն էլ է: Կայուն զարգացման ծրագրում և կառավարության միջնաժամկետ ծրագրերում այս ցավն ամենամեծն է: Չէ՞ որ մեր առաջնային նպատակն աղքատ հասարակություն չունենալն է: Թե ինչպե՞ս հասնել այդ նպատակին` ճանապարհը նախագծի հեղինակների կողմից չի առաջադրվում: Իսկ խնդրի լուծման ճիշտ եզրակացության հանգելու համար հանձնաժողովի նիստում խնդրի քննարկումը մինչև պետական բյուջեի ընդունումը հետաձգելու մասին իմ առաջարկությունը նրանք չընդունեցին:

Զրուցեց Տարոն ՄԻՐԶՈՅԱՆԸ