ՀԱՐԿԱՅԻՆԸ ՓԱԿՈՒՂՈ՞ՒՄ


Հավանական է, որ ՀԴՄ կտրոնների դիմաց տրամադրվող դրամական պարգևավճարները Պետեկամուտների կոմիտեն ստիպված է եղել վերացնել` «Հայփոստի» ճնշումներին տեղի տալով: Թեև ի սկզբանե նշված ծառայության դիմաց փոստին միջնորդավճար է տրվել, սակայն այս կառույցում ավելի ուշ են հաշվարկել, թե կատարվող աշխատանքների ծավալը և ստացվող եկամուտները համարժեք չեն: Որքան էլ հարկայինի պատասխանատուները հայտարարեն, թե իբր խաղարկության հանդեպ շահագրգռությունը մեծացնելու նպատակով են քաղաքացիներին տրամադրվող մեքենաների թիվն ավելացրել, հավանական է, որ ամեն ինչ պայմանավորված է եղել հենց «Հայփոստի» ղեկավարների ներկայացրած վերջնագրով: ՊԵԿ¬ն այս առումով վերջնականապես է անելանելի վիճակում հայտնվել, քանի որ, ինչպես հայտնի է, ավելի վաղ էլ բանկերն էին նույն հաշվարկները կատարել և հրաժարվել կտրոններն ընդունելու պայմանավորվածությունից: Ասում են` պարգևավճարների տրամադրման առաջին իսկ հնարավորության դեպքում ՊԵԿ¬ը վերականգնելու է բոնուսների վճարման գործառույթը: Այստեղ լավ են հաշվարկել, որ դրա վերացմամբ ավելի է նվազելու բնակչության հետաքրքրությունը կտրոնների հանդեպ: Միաժամանակ, սակայն, ասպարեզում որևէ հավանական կառույց չեն նշմարում, որը կարող է և պատրաստ է ստանձնել ՀԴՄ¬ների ընդունման ու գումարների վճարման գործը: