ԱՉՔՆԵՐԸ ՎԱԽԵՑԵԼ Է


Ըստ տեղեկությունների` երեկ առավոտյան գործադիրի որոշ պատասխանատուների մասնակցությամբ փակ խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ գիշերվա ցրտահարության հետևանքները հաղթահարելու խնդիրն է քննարկվել: Լրատվամիջոցների համար անհասանելի այս ժողովում միանգամից պայման է դրվել` զրույցի ընթացքում հնարավորինս խուսափել հոռետեսական ձևակերպումներից ու փոխարենը ցրտահարության հետևանքները հաղթահարելու կոնկրետ և գործնական եղանակներ առաջարկել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ոչ այնքան բազմամարդ այս հավաքի մասնակիցները եզրակացրել են, որ գյուղատնտեսության համար տարին լիովին կորած չի, և հատկապես եղանակի քմահաճույքներին դիմակայած մշակաբույսերի առատ բերք դեռ կարելի է սպասել: Այսուհանդերձ, որոշվել է նախորդ տարվա երաշտի հետևանքների կրկնությունն իսպառ բացառելու համար ու նաև սպասվելիք բերքի ծավալներից անկախ` ցորենի ու կարտոֆիլի բավական մեծ պաշարներ կուտակելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել` առաջիկա շաբաթներից սկսած: