Կոմիտասը` ալպյան փողի և հայկական դուդուկի համանվագում


Արվեստասեր հանրության ունկերում չէին հասցրել մարել Հայաստանի պետական կամերային նվագախմբի և իտալացի հանրահայտ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի «Անմոռանալի Բիթլզների» երևանյան ու արցախյան 4 համերգների անկրկնելի կատարումները, երբ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի համագործակցությամբ իր ինքնատիպ նվագացանկով հանդես եկավ ալպհորնահար Էլիանա Բուրկին :

Մայիսյան առաջին ակորդներն ավետող Էլիանա Բուրկին բուռն հետաքրքրություն արթնացրեց հայրենի հնագույն ազգային նվագարանի հանդեպ: Ավելին, կոտրելով հյուսիսի մարդկանց սառնարյունության մասին ձևավորված թյուր պատկերացումը` կենսախինդ անմիջականությամբ ներկայացրեց ալպհորնի նվագի առանձնակի գրավչությունը:

Չորս տարեկանից դաշնամուր եմ նվագել,- անսեթևեթ անկեղծացավ հմայիչ շվեյցարուհին: - Մայրս երգեհոնահար է և շատ վաղ է ընտելացրել գործիքին: Բայց պրոֆեսիոնալ հեծանվորդ, մարզական բժիշկ հորս նախաձեռնած հեծանվավազքերից մեկի ժամանակ, երբ նկատեցի մոտակայքում հանդես եկող ավանդական ալպհորնահարներին և ունկնդրեցի նրանց հնչեցրած մեղեդիները, երկու ոտքս մի մաշիկի մեջ դրած հայտարարեցի` մայրիկ, ես այս գործիքն եմ ուզում նվագել:

Մեր զրույցին ներողամիտ ժպիտով հետևող Էլիանայի մայրը` Էրիկան, խոստովանեց.

Չմերժեցի դստերս, գնեցի նրա համար ալպհորն, կազմակերպեցի դասընթացները` ամենևին չերևակայելով, որ շատ շուտով նրբակազմ աղջնակի համար անհարմար այդ գործիքը կդառնա նրա երաժշտական կուռքը և կհասցնի կատարողական արվեստի ալպյան բարձունքներին :

Իր կայացման նախնական փուլում համագործակցելով բարձրակարգ նորարար երաժիշտ Հանս-Յուրգ Սոմերի հետ, բազմաշերտ ունակությունների տեր Էլիանա Բուրկին, հընթացս խորացնելով դաշնամուրի և վոկալի իմացությունը, ավանդական ալպհորնահարներին զարմացրեց ոչ միայն դասական երաժշտության իր ջազային տպավորիչ կատարումներով, այլև սիրելի գործիքի համար գրած ինքնուրույն ստեղծագործությունների արտասովոր մեղեդայնությամբ: Նրա թողարկած առաջին մեծ ալբոմը` «Սրտխփոցը», անվանի արվեստագետների փաղանգում ներգրավվելու լուրջ հայտ դարձավ: Խենթավուն համախոհների «Ալպինիստներ» քառյակով համերգային շրջագայությունները ամերիկյան մայրցամաքում, Հնդկաստանում ու Ճապոնիայում երիտասարդ շվեյցարուհուն լայն ճանաչում բերելուց զատ հարստացրին նրա երկացանկը տարբեր ժողովուրդների հնագույն երաժշտության ուրույն հնչերանգներով: Հաջորդ` «Ճամփորդելու պատճառը» ալբոմում արդեն նրբանկատորեն համադրված էին արաբեսկի ու տանգոյի, էթնիկ ու ռոք երաժշտության որոշ տարրեր:

Հայրենակիցները, ովքեր մինչ Բազելի «Բլյուզ» փառատոնը ալպհորնը ճանաչում էին սոսկ որպես Ալպյան բարձրադիր լեռներում ծվարած հովիվների հաղորդակցութ յան պարզագույն միջոց, հպարտությունից փքվեցին, երբ Էլիանան ինքնավստահ համառությամբ աշխարհի համերգասրահներում և հեղինակավոր փառատոներում հավաստեց իրենց կողմից թերագնահատված 3,7 մետրանոց փողային նվագարանի համակողմանի արժեքավորությունը:

Իմ հրաշք նվագարանի հանրային պահանջարկը սրելու միտումով ես համարձակվեցի ինչ-ինչ փոփոխությունների ենթարկել ալպհորնը,- հաղթական ժպիտով շարունակում է մանել իր արտիստական կենսագրության թելը 25-ամյա հմայիչ շվեյցարուհին: - Իմ անհամեմատ պարզեցված տարբերակում մի քանի անցքեր են արված, որոնք դյուրացնում են հնչեցման հնարավորությունները: «Ալպհորն-Բուրկի» անվանեցի գործիքս, որով շրջում եմ «Ալպինիստներիս» հետ: Ի դեպ, նույն խմբում հարվածային գործիքներ է նվագում իմ ընտրյալը, ում հետ չենք շտապում մեզ կապանքել ամուսնական դաշինքով, քանի դեռ ստեղծագործական թռիչքի թևեր ունենք ու սանձել ենք մեր հաջողության ձիուն:

Երբ մեր միջև հաստատված մտերմությամբ խնդրում ենք Էլիանային մինչ հայաստանյան առաջին բեմելը հնչեցնել արտասովոր փողային նվագարանը, չի մերժում: Նկատելով, թե որքան դյուրությամբ է հնչեցնում, կարծես երգելով նվագում ավանդական ալպհորնը, փորձում ենք ինքներս որևէ հնչյուն արտաբերել: Սիրահոժար տրամադրված գործիքը մունջ է արձագանքում մեր ապարդյուն ջանքերին:

Ես գործիքին կարողանում եմ ազատ տիրապետել, որովհետև յոգայով եմ զբաղվում,- չարաճճի ժպիտով կանխում է մեր ճիգերը Էլիանան:- Համոզվելով, թե որքան նպաստավոր է ալպհորնի գաղտնիքները վերծանելը շնչառական խնդիրների հաղթահարման տեսակետից նաև, արդեն տևական ժամանակ երաժշտական թերապիայի իմ մեթոդներով համագործակցում եմ Դավոսի մանկական կլինիկայի հետ: Մեծ հրճվանք եմ ապրում, երբ իմ անմիջական մասնակցությամբ շնչառական տեխնիկան յուրացնող հիվանդ մանուկների դեղորայքային բուժումը զգալիորեն կրճատվում է:

Հաջորդ երեկոն իրադարձային է ներկայանում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Էլիանա Բուրկին կարողանում է հրապուրել ալպհորնի կենդանի հնչողությամբ դասական, ջազային և էթնո երաժշտության ծանոթ-անծանոթ նմուշների իր թեթևասահ կատարումներով: Ավելին, ընդամենը երկու փորձով դուդուկահար Գևորգ Դաբաղյանի հետ զուգանվագով նորովի գայթակղում է մեծն Կոմիտասի հայտնի երգերի Վաչե Շարաֆյանի մշակումների անվրեպ մատուցմամբ: Ինքն էլ, ակնհայտորեն, խանդավառվում է նմանօրինակ հաջողությունից. եթե մինչ Երևան գալը հայ երաժշտության մասին մոտավոր պատկերացում ուներ միայն Արամ Խաչատրյանով, ապա մեզ մոտ իր համար հայտնաբերեց անզուգական Վարդապետի քնարի բացառիկ արժեքավորությունը: Էլիանայի մենահամերգից գոհ մնաց ոչ միայն հայաստանյան ունկնդիրը, այլև «Օրկեստր +» նախագծի հեղինակ Շմավոն Գրիգորյանի և երաժշտական ղեկավար, օպերայինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Չէ՞ որ նրանց միաձույլ ջանադրությամբ հայ երաժշտասերներին նորից ու կրկին աննկատ պատվաստվում էր դասական գոհարների մշտահմա գրավչությունը: Հայաստանում առաջին անգամ ներկայացվող շվեյցարական ազգային փողային նվագարանի և հայկական դուդուկի զուգանվագով աննախադեպ հնչողություն ստացան կոմիտասյան հանրածանոթ մեղեդիները:

Անցյալ սեպտեմբերից իրագործվող «Օրկեստր +» (ինչու՞ հայատառ ռուսերենով հաստատվեց այս ծրագիրը, այդպես էլ չպարզեցինք...) նախագծի շրջանակներում հայկական երգերով «համեմված» երկացանկով հանդես եկած շվեյցարական «Authentic light orchestrΖ» ջազ-ֆոլկ խմբի և Արևելքում ճանաչված դարբուկահար ու երգահան Ռոնի Բարաքի (Լիբանան) «Կադանս» համույթի մենահամերգների հանրային ընդունելությունը լավագույն հավաստիքն էր նրանց մտահղացման հրատապության:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ