Պարտավոր եմ հասցնել. այլապես ինքս ինձ չեմ հարգի


Իր երգերի նման` անսեթևեթ ու անկեղծ զրուցակից է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորման նախագահ Արամ ՍԱԹՅԱՆԸ: Անհատ, ում մարդկային նկարագիրը չի փոխվել անգամ հոգսաշատ աշխատանքային առօրյայում: Նրա հետ այս զրույցը շատ կարևոր մի ճշմարտություն հուշեց. լավատեսությունը ծնվում է պատասխանատվության զգացումից:

Իսկ ամենաուրախալին այն է, որ կազմակերպչական անթվարկելի խնդիրներով ծանրաբեռնվածությունն անգամ չի երկրորդել ստեղծագործական մղումը: Ասել է թե` Կոմպոզիտորների միության («միավորում» անվանումը ոչ մի կերպ գործածական չի դառնում) գործունեության աշխուժացումից զատ, սաթյանական երաժշտարվեստի երկրպագուներս վերստին շարունակելու ենք նրա նոր ստեղծագործությունների ունկնդիրը մնալ:

- Կոմպոզիտորների միության վերջին համագումարում հնչած բուռն քննարկում-քննադատությունները մեծացրին հանրության հետաքրքրությունը` գրեթե մոռացված այս կառույցի հանդեպ: Շուրջ 6 ամիսն, իհարկե, բավարար չէ` ծրագրերը կենսակոչելու համար, բայց կարո՞ղ ենք արդեն խոսել կատարված գործերի մասին: Ճանաչելով Ձեզ, գրեթե վստահ եմ, որ ասելիք կունենաք:

- Այս ընթացքում, իսկապես, քիչ գործ չի արվել: Նախ, արժանիորեն Էդվարդ Միրզոյանի անունով անվանակոչեցինք Դիլիջանի մեր ստեղծագործական տունը. հիմնադիրը նա էր, նրա շնորհիվ էր այն դարձել կոմպոզիտորների սիրելի վայրը, և այդ ավանդը չգնահատել, նրա հիշատակը նաև այս կերպ չհավերժացնել պարզապես չէր կարելի: Ճիշտ է, այնտեղ պայմաններն այսօր այնքան էլ մխիթարական չեն, բայց դա ևս կշտկվի: Բացի այդ, մեզ համար առաջնահերթ նպատակ է հայ երաժշտությունը նաև օտարներին լսելի, ճանաչելի դարձնելը, ու այդ ուղղությամբ արդեն գործնական քայլեր ենք կատարել: Ռուսաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ անցկացրել ենք երիտասարդական փառատոն. ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունների երկու համերգ կայացել է Հայաստանում, իսկ հայ երաժշտաստեղծների մասնակցությամբ շուտով համերգներ կկայանան Մոսկվայում, Պետերբուրգում և Սամարայում: Հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններն այս ամիս կկատարվեն Բոստոնում և Փրովիդենսում, սեպտեմբերին Քվեբեկում հնչելու է հայ կվարտետային երաժշտություն. ապա` Մոնրեալում և ամերիկյան այլ քաղաքներում: Հիմա հստակեցնում ենք պայմանավորվածությունը` Համբուրգում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում ևս կազմակերպվելիք համերգային ծրագրերն իրականացնելու:

- Երիտասարդ երգահաններին միջազգային ասպարեզ բարձրացնելուց զատ, Դուք կարևորում եք նաև պատանիների շրջանում տարվող աշխատանքները, ինչը այլ կերպ չես որակի, քան գեղագիտական ճիշտ դաստիարակություն, ճշմարիտ արվեստին նրանց հաղորդակից դարձնելու գործնական քայլ:

- Նրանց չի կարելի անտեսել: Մեր սպասելիքներն արդարացրեց օրեր առաջ մեր նախաձեռնած դաշնամուրային ստեղծագործությունների մանկական փառատոն-մրցույթը` նվիրված Էդվարդ Միրզոյանի հիշատակին: Ընդ որում, մասնակցում էին ոչ միայն երաժշտական դպրոցների սաները, այլև բոլոր այն երեխաները, ովքեր ստեղծագործում են: Այս կերպ մենք փորձում ենք գտնել շնորհալիներին: Դրան հաջորդեց երիտասարդական փառատոնը. երեկ ուսանողների համերգն էր` Կոնսերվատորիայի մեծ դահլիճում, իսկ վաղը և մայիսի 20-ին Կամերային երաժշտության տանը կհնչեն հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Մայիսի 24-ին Կոնսերվատորիայի հետ համատեղ կկազմակերպենք այնտեղի ուսանողների դիպլոմային աշխատանքներից բաղկացած համերգը...

- Փաստորեն` հավակնոտ մեծ ծրագրերից բացի, արդեն իսկ հսկայական աշխատանքներ են կատարվել, որոնց բոլորին թերթում անդրադառնալ փոքր-ինչ կդժվարանանք:

- Ի դեպ, արդեն պայմանավորվածություններ կան` հրատարակելու մեր երաժշտագետների որոշ աշխատությունները: Մեր հայ հեղինակների 4 գրքերը կհանգրվանեն Կոնգրեսի գրադարանում: Հարվարդի համալսարանում ևս տեղ կգտնեն մեր կոմպոզիտորների ստեղծագործությունների նոտաները: Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատո րիայում նախատեսվում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ուսուցումը...

- Դժվար է պատկերացնել, բայց հասցնում եք: Միավորումն արդեն իր կայքը ունի, ֆեյսբուքյան էջը... Ու թեև մեր զրույցի սկզբում խնդրեցիք Միության անցյալին չանդրադառնալ, այնուամենայնիվ ուզում եմ հարցնել. այս ամենը կարելի՞ էր անել նաև նախորդ տարիներին: Մանավանդ` Դիլիջանի ստեղծագործական տունն անվանակոչելը որևէ բարդություն չէր: Ինչո՞ւ էր Կոմպոզիտորների միությունն անգործության մատնվել. ֆինանսների՞, թե՞ ցանկության բացակայությունն էր պատճառը:

- Պիտի կրկնեմ. անցյալի մասին խոսել չեմ ուզում: Նշեմ միայն, որ չեմ կարծում, թե մեր ֆինանսական վիճակն այսօր ավելի լավ է, քան 6-7 ամիս կամ մի քանի տարի առաջ: Ավելին, այսօր մեր ֆինանսներն ավելի սուղ են: Կարևորը ցանկությունն է. ես ընտրվել եմ, ուրեմն պատասխանատու եմ բոլորի առջև և պարտավոր եմ արդարացնել ինձ ընտրողների սպասելիքները: Ափսոսում եմ, որ 22 տարի գրեթե ոչինչ չի արվել:

- Այո, ցանկության դեպքում անելիք միշտ կա, և արդյունքն էլ ակնհայտ է: Ձեր ծրագրերից հատկապես որո՞նք եք կարևորում:

- Կարևորում եմ ոչ միայն ծրագրվածն իրականացնելը, այլև աշխատանքի ընթացքում ծնվող նոր նախաձեռնությունները չանտեսել: Օրինակ, ցանկանում եմ կազմակերպել այնպիսի փառատոն, որտեղ կհնչեն հայ կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործությունները և հրավիրել պրոդյուսերներ` աշխարհի տարբեր երկրներից: Յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր երկիր ուժեղ է իր արվեստով և այդ արվեստի ճանաչվածությամբ: Մենք պետք է արտահանենք մեր արվեստը. այն պետք է ներկայացնենք ամեն տեղ: Ցավոք, մենք ավելի հաճախ ներմուծում ենք ուրիշների արվեստը: Ճիշտ է, հրաշալի խմբեր, կատարողներ են հրավիրվում, բայց մերն էլ պետք է տարածել: Դա նաև ֆինանսական մուտքեր կապահովի: Հաջողելու դեպքում իսկական հեղաշրջում կլինի նման փառատոնը, որ նոր անուններ ի հայտ կբերի և հայ երաժշտության ճանաչում` աշխարհում:

- Հատկապես միջին և ավագ սերնդի երաժշտասերը շատ ավելի բծախնդիր ու դժվարահավան են, որովհետև երջանկություն ունեցել են վայելելու ճշմարիտ արվեստի` անաղարտ երաժշտության պարգևած բերկրանքը: Անճաշակ ինչ-որ ռիթմեր մատուցվում են որպես արվեստ` ասելով, թե շուկայի պահանջն է:

Դժբախտաբար արվեստը շուկա է դարձել, բայց նույնիսկ շուկայում առաջարկն է պահանջարկ ձևավորում:

Խոտանից ձերբազատվելու լծակներ չունենալով հանդերձ, Դուք չեք կարող չմտահոգվել այդ խնդրով: Առավել ևս` Դուք այն երգահաններից եք, ում ստեղծագործություններն առանձնացել են մեղեդայնությամբ և առաջին իսկ կատարումից հետո դարձել ունկնդրի հոգին ջերմացնող երգեր:

- Առաջին համերգը, որ կազմակերպեցի ընտրվելուցս հետո, հայ երիտասարդ կոմպոզիտորների էստրադային ստեղծագործություններն են ներկայացնում: ՀՀԿ երիտասարդական միության հետ համատեղ դա կազմակերպեցինք և որոշեցինք այն դարձնել ավանդական: Որոշել եմ շատ մոտ ապագայում հրավիրել մեր ճանաչված լավագույն երգիչներին և նրանց առաջարկել հայ կոմպոզիտորների երգերը:

- Այսինքն` անճաշակության, խոտանի դեմ որոշել եք պայքարել կոնկրետ առաջարկով:

- Միայն քննադատելով պայքարելն օգտակար չէ: Շոուբիզնեսի անվան տակ հիմա աշխատում են բազմաթիվ ինքնուսներ, ովքեր շատ հեռու են արվեստից: Մենք խոսում ենք մեր դարավոր մշակույթից, բայց նաև պարտավոր ենք դա պահպանել ու ստեղծել համարժեք նորը: 70-ական թվականներին մեր ստեղծած արվեստը շատ ավելի ժամանակակից է, քան վերջին տարիներին ստեղծվածը. հետ ենք մնում: Ուրեմն պետք է ճիշտ աշխատել, լա´վը մատուցել: Չգիտես ինչու` հայկական երաժշտություն ասելով հասկացվում է միայն դուդուկ կամ ժողովրդական երգից ինչ-որ հատվածի ձևափոխված կատարում: Քանի˜ տասնամյակ առաջ են ստեղծագործել Արտեմի Այվազյանը, Աշոտ Սաթյանը... հայկական երգեր են գրել, չէ՞...

- Նրանց երգերը շատերը համարում են ժողովրդական ու այսօր էլ սիրում են` հաճախ հեղինակի անունը չիմանալով: Օրինակ` Աշոտ Սաթյանի «Մարտիկի երգը». քանի˜ տասնամյակ է` չի հնանում:

- Ռադիոյի ու հեռուստաընկերությունների հետ ևս սերտորեն համագործակցել է պետք... Մի խոսքով, ծրագրերը շատ են:

- Ծրագրում եք բարձրորակ ստեղծագործություններով Հայաստանը ներկայացնել միջազգային ասպարեզում: Բայց ընտրության կերպը ինչպե՞ս եք պատկարացնում: Նախկինում արվեստի բոլոր ոլորտներում գեղխորհուրդներ ու տարբեր հանձնաժողովներ կային, որոնք մասնագիտորեն բծախնդիր ընտրություն էին կատարում: Այսօր այդպիսի օղակները մերժվում են, և Աստված գիտե, թե ով կասկածելի ինչ ճաշակով երգ է գրում կամ ընտրում ու ծանոթ-բարեկամների միջոցով համերգներ տալիս:

- Կոմպոզիտորների միությունում նորից վերականգնվել են այդ օղակները, որոնք օբյեկտիվորեն ընտրում են համերգներին ներկայացվելիք ստեղծագործությունները: Վատ երաժշտությունը մարդկանց վանում է համերգասրահներից, իսկ մեր նպատակը պահանջկոտ ունկնդիր շահելն է: Դրա համար ոչ միայն ճիշտ ընտրել ու բարձր մակարդակով ներկայացնել, այլ նաև քննարկումներ կազմակերպել է պետք: Դա նաև կոմպոզիտորներին կսթափեցնի:

- Ձեր արվեստի երկրպագուներին կտխրեցնեք, եթե հանկարծ ասեք, որ բազմազբաղ առօրյայում ստեղծագործելու ժամանակ չեք գտնում: Ձեր տարաժանր ստեղծագործությունները, մանավանդ երգերն ու «Լիլիթ» փոփ-օպերան այսօր էլ սիրում են` երբեմն չճանաչելով հեղինակին:

- Հաճելի է լսել այդ մասին, ու պետք է ասեմ, որ ստեղծագործելու համար ժամանակ, այնուամենայնիվ, գտնում եմ: Ավարտում եմ 2-րդ փոփ-օպերան` «Փոքրիկ Ցախեսը»` ըստ Հոֆմանի հեքիաթի: Վերատպում եմ մանկական երգերի ժողովածուն: Նոր երգեր ևս գրում եմ: Մյուզիքլի, նոր կոնցերտի պատվերներ ունեմ... Պետք է հասցնեմ. ուրիշ տարբերակ չունեմ: Պարտավոր եմ հասցնել, այլապես ինքս ինձ չեմ հարգի:

Տ. ԱՎԵՏՅԱՆ