«Չուկչա» բառը վտարել բառարաններից


Չուկոտացիները դատական հայց են ներկայացրել` «չուկչա» վիրավորական բառը բառարաններից հանելու խնդրանքով:

ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Ալ. Տևլյալկոտը բնակվում է Չուկոտկայում և հափշտակությամբ ուսումնասիրում է իր ժողովրդի պատմությունը: Հանկարծ նրա ձեռքն է ընկել Ռուսաստանի բոլոր գրադարաններում համրորեն ննջող ռուսաց լեզվի բացատրական մեծ բառարաններից մեկը: Իսկ դրա հեղինակ լեզվաբանը Չուկոտկայի երկրամասի բնակիչներին ներկայացրել է որպես պարզունակ և սահմանափակ մարդիկ:

Ո՞նց չվիրավորվեր Տևլյալկոտը: Մանավանդ` հետխորհրդային տարածքում նորաձև դարձած խոսքի ազատությունը թույլ է տալիս ընդվզել: Եվ արտիստը որոշել է արդարությունը վերականգնել դատարանի միջոցով: Նրա մեղադրանքն ուղղված է ոչ միայն բառարանի հեղինակի` բանասիրական գիտությունների դոկտոր Կուզնեցովի, այլ նաև ՌԳԱ լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտի, բառարանը հրատարակող բոլոր հրատարակչությունների դեմ: Օրերս ամբաստանյալների ցանկին հավելվել է ևս մեկ մեղսավոր` GrΖΗotΖ.ru կայքը, որը հրապարակել է բառարանը` անվճար օգտագործման:

Զայրացկոտ Տևտլյալկոտին չի փարատում այն փաստը, որ բացատրության կողքին փակագծերում նշված է «խոսակցական բառ». այսինքն` «պարզունակ և սահմանափակ մարդ» բնորոշումը խոսակցական լեզվում նշանակում է պարզունակ մարդ և Չուկոտկայի բնակիչներին չի վերաբերում:

Պատասխանողներից մեկը` «Ռիդերզ դայջեստ» հրատարակչությունը, արդեն ապացուցել է իր անմեղությունը. այն դատարանին ներկայացրել է բառարանի նոր տարբերակը, որտեղից հանված է «չուչկա» բառը: Մյուսներն իրենց արդարացումները կներկայացնեն մայիսի 26-ին հրավիրած դատալսումներում: